Ժամանակին ծաղկուն, հիմա դատարկվող Վաղատին գյուղում մոտ 700 մարդ է ապրում։ Նրանց թվում է Սևադա Գրիգորյանն իր երկու զավակների՝ Զարեի ու Նարեի, և տարեց մոր՝ Լենայի հետ։ Երեխաներն առանց մոր են մեծանում․ Սևադան կորցրել է կնոջը 4 տարի առաջ: 2015-ին Վարդուհին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Ընտանիքում Վարդուհուն հիշում են ամեն օր, բայց և շարունակում են ապրել` չհանձնվելով, կիսելով կենցաղային դժվարությունները։ 54 տարեկան Սևադան, Վաղատին տեղափոխվելուց ի վեր, դասավանդում է տեղի դպրոցում, դպրոցի տնօրենն է եղել, հիմա եկեղեցու պատմության ուսուցիչն է:
Ասում է՝ կար ժամանակ, երբ դպրոցում 300-ի հասնող աշակերտ կար, ներկայումս աշակերտների թիվը 55 է: Դպրոց շաբաթը մի քանի անգամ է գնում, մնացած օրերը անց է կացնում տանը, երեխաներով զբաղվում և հող մշակում, անասուններին պահում․ մի քանի ոչխար ունեն, խոզեր, հավեր։ Զարեն՝ Սևադայի 16 տարեկան որդին, ամեն կերպ օգնում է հորը գյուղատնտեսության մեջ: Երազում է պատմաբան դառնալ, ուզում է դպրոցից հետո գնալ Ստեփանակերտ կամ Երևան, համալսարան ընդունվել․ երկու տեղում էլ բարեկամներ կան, մնալու տեղ կունենա՝ պատմում է համեստ լավատեսությամբ։
Սևադայի փոքր զավակը՝ 8 տարեկան Նարեն, սեփական ծրագրերն ունի: Առաջին հայացքից չխոսկան աղջիկը մի քիչ խոսեցնելուց հետո հպարտորեն հայտնում է, որ երբ մեծանա, բժիշկ է դառնալու։ «Ուզում եմ բուժեմ,- ասում է ժպտալով,- մարդկանց…. տատիկիս»։ Նարեի տատիկը՝ 78-ամյա Լենան, չնայած առողջական խնդիրներին՝ տան կենցաղն իր ուսերին է պահում, ճաշն ինքն է եփում, երեխաներին դասերով է օգնում։
– Վարդուհիս շատ լավ հարս էր, բայց հիմա որ գնաց, ես համ հարս եմ, համ կեսուր, համ ամեն ինչ։
Ամեն տարի Սևադան քահանա է կանչում` տունն օրհնելու։ Իրեն դժբախտ չի համարում, ասում է․ «Աստված մի կյանք է տվել, մարդուց ա կախված, թե ոնց կապրի էդ կյանքը»։ Ինքն էլ կյանքն ապրում է` նվիրված ընտանիքին ու հարազատ դարձած Վաղատինին։
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: