2020-ի մարտի վերջերին, երբ Covid-ն անթափանցելի մշուշի պես էր, իսկ մեկուսացումը` պատուհանից արտաքին աշխարհին հետևելու միակ կերպն ու գիտակից շնչելու միջավայրը, դժվար էի պատկերացնում, որ մի օր կհայտնվեմ վերակենդանացման բաժանմունքում: Լուսանկարելու համար:
Հենց մուտքից բացվում է երևակայածս իրականությունը: Սպիտակ, սառը, ապակեպատ: Միջանցքներում անտեսանելի պատերազմի դեմ պայքարող ճերմակ արտահագուստով բժիշկները, բուժքույրերը, մայրապետներն են: Առջևս վերակենդանացման բաժանմունքն է, համավարակի «տեսանելի միջավայրը»` իր քայքայումով ու պայքարով: Այստեղ է, որ նույնիսկ չշնչող բժշկական արտահագուստով առաջին անգամ զգում եմ համավարակի հոտը, քայքայիչ օդը:


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Վերակենդանացման տերարիումներում», որտեղ Covid-ի անտեսանելի ու վտանգավոր մասնիկները ամենուրեք են, փշրվում են օրերով ուսումնասիրածս՝ բարձր ռիսկային գոտիներում լուսանկարելու ինքնապաշտպանական ցուցումները: Խցիկի քրտնող անցքից բացվում են հիվանդասենյակները, երևում մահճակալներին տառապող մարդկանց մարմինները: Շնչառական սարքերից դուրս եկող խորը ներշնչելու և արտաշնչելու ձայնը գուժում է հիվանդության տառապանքի չափը:
Փորձելով լուսանկարել՝ անընդհատ մտածում եմ համավարակի գոյության անտեսման, վերջին ամիսների զգացողությունների` ատելության և ջերմության, բարկության և մխիթարության բախման պահերի մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ
Ապրիլի 1-ից աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում` Covid 19 կլինիկայի ղեկավար

Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Արտաշատի բժշկական կենտրոնի ընդունարանում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մարդկանց գիտակցությունը բարձրացնելու համար ոչ մի բան չեմ կարող ասել։ Շատերը կարող են հավատալ ինտերնետից ինչ-որ անկապ լուրերի, քան այն բանին, որ իրենց հարևանը մի օր առաջ մահացել է կորոնավիրուսից:
Ապրիլի 5-ից աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Վարակվել եմ: Երեկոյան հերթապահությունից հետո զգացի, որ թույլ եմ, ենթադրում եմ՝ բուժանձնակազմից եմ վարակվել: Թեթև եմ տարել, թոքաբորբ չի եղել, բայց ունեցել եմ մնացած սիմպտոմները` արտահայտված ընդհանուր թուլություն, տանջող մկանացավեր, որոնք տևել են երկու-երեք օր, էդքանը: Բուժվելուց հետո անմիջապես անցա գործի: Ունենում ենք ծանր շնչառական անբավարարությամբ ու նաև ուղեկցող քրոնիկական խնդիրներով հիվանդներ, որոնց հետ աշխատելը, միանշանակ, մեծ փորձառություն է: Կան հիվանդներ, որ չեն հավատում, եղան, որ էդպես չհավատալով էլ մահացան: Երբ արդեն վատ էին, բնականաբար, չէինք հարցնի` հը՞, հիմա հավատո՞ւմ ես…
Էռնեստ Սարգսյան, 28, անեսթեզիայի և ռեանիմացիայի կլինիկական օրդինատոր: Ապրիլի 5-ից աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Երբ էս ամեն ինչը վերջանա, մենք կվերադառնանք մեր առօրյային՝ որոշակի հմտություններ ձեռք բերած, մի քիչ ավելի խելոքացած, որոշակի արժեքներ վերագնահատած: Որովհետև նախկինում տենց «ժամանակ չունենալու» պատճառով իրար չտեսնելն ու հանդիպումներ հետաձգելը, երևի, արդեն չեն լինի: Գրկախառնությունները, ջերմ, մտերիմ հանդիպումները, ինձ թվում է՝ բոլորս էդ ջերմության պակասը զգում ենք…

Իմ ամենալավ երազը, որ կարա լինի… էն, որ բանակից «ուվալնյատ» ես լինում, ուրախանում ես, չէ՞։ Հիմա մենակ երազում եմ՝ շուտ վերջանա, գնամ իմ խիրուրգիան, ա՛յ, էդ ա իմ երազանքը:
Ու երբ էս ամեն ինչը վերջանա, կամուսնանամ…
Անդրանիկ Ջաբուրյան, 37, ընդհանուր վիրաբուժության սանիտար
Մարտի 6-ից աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանում:

Սկզբնական շրջանում դժվար էր: Անչափահաս երեխաներ ունեմ, միայնակ մայր եմ: Ծնողներս ասացին՝ պետք է գնաս, աշխատես, պետք ես ժողովրդին, բոլորին, մենք կպահենք երեխաներիդ: Հիմա տասնհինգ օր աշխատում եմ, տասնչորս օր մեկուսանում, տասն օր անցկացնում եմ երեխաներիս ու ծնողներիս հետ: Ամեն անգամ, մինչև թեստի պատասխանը, տնեցիք վախենում են… Մարդիկ վախենում են, ամաչում: Ավելի շատ մտածում են, թե պետք չի շրջապատն իմանա, որ իրենք տանում են այդ հիվանդությունը, այդ վիրուսը: Գիտե՞ք ինչ եմ ասել՝ ժողովուրդ, ինչի՞ եք ամոթ անում, էս էն հիվանդությունը չի, որից պիտի ամաչեք։ Համաշխարհային բնույթ է կրում, կներեք, իհարկե, արտահայտությանս համար, հո վեներական հիվանդությո՞ւն չի, պիտի սկզբից ասեք… Շատերը թաքցնում են ու գալիս էն ժամանակ, երբ արդեն լուրջ շնչառական խնդիրներ ունեն:
Կարոտել եմ մեր հանգիստ աշխատելը, անկեղծ եմ ասում, կուզեի բաց լիներ ամեն ինչը, սրտանց մտնեի պալատ, ձեռնոց-դիմակ չդնեի, առաջվա աշխատանքն եմ կարոտել ու իմ ընտանիքը:
Սերինե Նիկողոսյան, 39, թերապևտիկ բաժանմունքի մանիպուլյացիոն բուժքույր:
Ապրիլի 1-ից Արտաշատի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հերթապահ բուժքույր:
վիճակագրություն
Արտաշատի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքներում:
Համաճարակի ավարտը չեմ տեսնում: Միանշանակ առաջընթաց ունենք, հիվանդանոցները հագեցել են, բուժանձնակազմն ահռելի փորձ է ձեռք բերել, և պատրաստ ենք…:
Ապրիլի 1-ից աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Ես չեմ վարակվել: Ոչ ոք չի ուզենա վարակվել։ Վախենա՞լ… Իմաստ չունի, պետք է ուղղակի զգուշանալ և անել հնարավորինը չվարակվելու համար: Իհարկե մեր հիվանդանոցում էպիդռեժիմը ճիշտ է պահպանվում, հակահամաճարակային պայմաններն այստեղ բավական լավն են, խնդիրը ճիշտ է կազմակերպված, ինչը մեծ նշանակություն ունի. հանդերձանքը, հիվանդի հետ կոնտակտի ձևը, ժամանակը, որ օպտիմալ օգտագործում ենք հիվանդի հետ շփվելիս ու բուժման մեջ։
Արշակ Շահվերդյան, 27, ընդհանուր վիրաբույժ
Ապրիլի 1-ից վերապրոֆիլավորվել է Արտաշատի բժշկական կենտրոնում որպես ինֆեկցիոնիստ:

Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մեր գործը միայն բուժելը չէ, մեր գործը նաև՝ հոգեբանական օգնությունն է: Մի քանի ճակատով ենք աշխատում։ Ընտանեկան ջերմությունը, որն անհրաժեշտ է հիվանդին ապաքինվելու համար, նա ստանում է մեզնից` բուժաշխատողներից:
Վերապրոֆիլավորված ինֆեկցիոն հիվանդանոցների բժիշկներն իրար հետ շատ հաճախ բազմաթիվ թեմաներով շփվում են, թեև իրար դեմքով չենք ճանաչում, հնարավոր էլ չէ բոլորին ճանաչել: Բայց երբ զանգահարում ենք իրար, անմիջապես ջերմ, բարի արձագանք, աջակցող, օգնող, ընդառաջող վերաբերմունք ենք ստանում: Միայն փոխօգնություն է հիմա: Արդյոք սա մեզ անհրաժե՞շտ էր, իհա՛րկե անհրաժեշտ էր: Արդյոք կպահպանվի՞ շփման այս ձևը հետագայում: Վստահ եմ՝ կպահպանվի՛, որովհետև այլ տարբերակ չկա:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ
Ապրիլի 1-ից աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում` Covid 19 կլինիկայի ղեկավար:

Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Մեկուկես ժամ հետո վերակենդանացման տեսարաններն ու շնչելու անկարողությունը անտանելի են դարձնում այնտեղ մնալը: Լքում եմ բաժանմունքը՝ ապակեպատ դռներից այնկողմ նայելով միջանցքներում վազվզող ճերմակ արտահագուստով բուժանձնակազմին: