Ո՞վ էր Ուդին` մեր օրերի Ռոբին Հուդը, որ սիրում էր Եսենին, լսում էր Բեթհովեն եւ երազում էր «ոսկե քաղաքի» մասին, որտեղ կապրեն ազնիվ, բարձր բարոյականության տեր մարդիկ։ Ուդիի կյանքի լավագույն տարիները մնացին փակ դռների հետեւում, դռներ, որ բացվեցին միայն ծերության առաջ։ Հանցագործ աշխարհի ամենահայտնի գողերից մեկն իր կյանքի վերջին 13 տարին ապրեց Նորքի ծերանոցում՝ ստանալով 13 հազար դրամ թոշակ։
Առաջինը, ինչ գրավեց ինձ Ուդիի մեջ, թվերն էին․ 15 դատվածություն, 45 տարվա ազատազրկում ու այդ ամենը կյանքի 80 տարիների ընթացքում։ Ուդիի՝ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի հետ ծանոթացա նրա գրքի շնորհանդեսին։ «Ինչու աղմկեց հոգիս» նրա երկրորդ ինքնակենսագրական գիրքն է՝ (խմբագիր՝ Ռուզան Մինասյան) բանտային վավերագրություն։ Տպավորված էի այդ թվերի ու իմ տեսածի հակադրությունից, հատկապես երբ հանդիպեցի մեծ բազկաթոռի մեջ նստած փոքրամարմին Ուդիին, ով ծանր հեւում էր եւ խոսում ընդհատումներով։
Որոշ ժամանակ անց գնացի Ուդիին հյուր՝ Նորքի ծերանոց։ Ինքնազգացողությունն ավելի էր վատացել, անընդհատ կրկնում էր՝ թոքերս չորացել են, բայց կարճ ժամանակ անց աշխուժացավ, սկսեցինք խոսել, ծիծաղել։ «Ես ինձ շատ եմ սիրում։ Այն մարդը, ով չի սիրում իրեն, չի սիրում մարդկանց»,-ասում է ու շարունակում․ «Ես ճիշտ եմ ապրել ու ո՛չ մի բանի համար չեմ փոշմանել»։ Մի քիչ զարմանում եմ նման խոստովանությունից․ «Կա միայն սեր, հարգանքը հնարովի բառ է, դա հնարել են, որպեսզի լցնեն այն դատարկ տեղը, որտեղ պետք է սեր լիներ»,- դադար է վերցնում ու քիչ անց հավելում՝ ինչ ուզում ես, նկարի։ Ուդին հարցերիս կարճ է պատասխանում, ասում է՝ գիրքս կարդաս, կիմանաս։ Այդպես էլ պայմանավորվում ենք։ Խոստանում եմ հաջորդ անգամ գիրքը կարդացած գնալ։
Վերջապես ավարտում եմ գիրքը, ուրախ-ուրախ զանգահարում եմ Ուդիին․ «Ալո, պարոն Ռուդոլֆ, բարեւ ձեզ, լա՞վ եք․․․»: «Ռուդոլֆը մահացել է․․․ դուք ո՞վ եք․․․»։ Ցնցվում եմ այդ լուրից, ինչպես կցնցվեի` հարազատ մարդու մահվան լուրը լսելիս։ Անջատում եմ հեռախոսն ու արցունքներս կուլ տալիս։ Եւ, իսկապես, ո՞վ էի ես Ուդիի համար, ինչո՞ւ չեմ կարողանում հաշտվել նրա բացակայության հետ։ Ուդիի մահից հետո մի պահ թվաց` անիմաստ է այս ամենը շարունակել, պատմել մի պատմություն` քեզ անծանոթ մարդու մասին։ Հետմահու հավաքել նրա անավարտ դիմանկարն ու մասնիկ առ մասնիկ կենդանացնել այն։ Նոր փորձառություն, որ ստիպեց շատ դռներ թակել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, որովհետեւ Ուդիի մահից հետո հարցերն ավելի շատացան։
Ինչո՞ւ որոշեցի պատմել Ուդիի մասին, հատկապես նրա մահից հետո։ Ուդին իր տոհմի վերջին բեկն էր, ում հոգին ամբողջ կյանքում աղմկեց եւ անարդարությունների դեմ պայքարի իր ճանապարհն ընտրեց՝ գողանալ նրանցից, ովքեր գողանում էին պետությունից։ «1702 թ-ից սկսած՝ իմ նախնիներից են Մխիթար Սպարապետի մելիքներից Մելիք Սաֆրազը, մինչեւ իմ անմիջական պապը՝ Զանգեզուրի Սաֆրազ բեկը, որոնք իրենց կյանքի գնով պահել-պահպանել են հայ ազգի թասիբն ու ղվաթը, մշակույթն ու հավատը․․․ Իմ կատարածը գողություն չէ, այլ վիրավորանքից վրեժ եմ լուծել ինձ հալածելու, տանջաքննելու, նվաստացնելու, առողջությունն ու ազատությունը խլելու, անարդարացի ու անօրինական մեղադրանքներ ներկայացնելու ու դատապարտելու համար։ Իսկ եթե իմ վրեժխնդրությունը որեւէ մեկը համարում է գողություն, ապա պատասխանում եմ, որ ես գողացել եմ շատ, անկուշտ հարուստներից, ովքեր մարդ չեն համարում փող չունեցողներին․․․»։
Նրան ճանաչելու համար նորից բացում եմ գիրքը։ Ուդին անկեղծ է արած հանցանքներում, տեղ-տեղ մանրամասն նկարագրում է այն գողությունները, որոնք իր իսկ խոսքերով իրականացրել է «անթերի» ու ջրից միշտ «չոր» դուրս եկել, բայց զարմանալիորեն միշտ դատապարտվել է այն հանցագործությունների համար, որոնք չի կատարել: «Առաջին դատվածությունս Երեւանում «քեզ ինչ» բառի համար էր, երկրորդը` մի ռուբլի պահակին չտալու համար․․․Այդպես ավելանում էր դատվածություններիս ցանկը, որը տեսնողը միայն մի կարծիք կարող էր կազմել, թե լավ, մարդ մի անգամ կարող է սխալվել, երկու անգամ, բայց այդքա՞ն․․․ Անցնում էին տարիները, ապրում էի արդեն կյանքիս չորրորդ տասնամյակը, ազատվեցի 1970 թ-ի նոյեմբերի 17-ին Բասարգեչարի խիստ ռեժիմի գաղութից, եկա Երեւան, գնացի Սպանդարյան 55 համարի տունը։ Չկար տունս, ունեցվածքս, ծնողներիս թողած ամեն ինչը․ գետնին հավասար մի տարածք էր միայն։ Պետությունն իրացրել էր գլխավոր պողոտայի բացման կապակցությամբ»,- գրքում պատմում է Ուդին, ում բոլոր գանգատները թե Սովետական միության ժամանակ, թե ՀՀ օրոք անպատասխան են մնում։ Վերջին տարիներին տան գործով Ուդիի գանգատը քննվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որի որոշմանը սպասում էր անհամբեր, քանի որ երազում էր ապրել իր տանը, ոչ ծերանոցում։
Սովետաշենի գերեզմանատունը դարձավ Ուդիի վերջին տունը։ Ես նայում եմ հողաթմբերի անանուն շիրիմներին ու մտածում Ուդիի մասին։ Ի՞նչ կասեր սովետական բանտերում իր կյանքի մեծ մասն անցկացրած նախկին կալանավորը, հաշտվե՞ց խռոված հոգու հետ, գտա՞վ իր որոնած «Ոսկե քաղաքը»․․․
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: