Ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո՝ 2022-ի մարտին, Վադիմը՝ կնոջ եւ 3 երեխաների հետ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Երեւան եւ փորձել արագ նախաձեռնել մի բան, որը թույլ կտար գոյատեւել եւ խուսափել մտահոգություններից․․․ Արամի փողոցում տեղակայված հին շինություններից մեկը դարձել է Վադիմի մտահղացման իրականացման նոր, արդեն երեւանյան տարածքը։
«Տուֆ»-ը համերգներ է կազմակերպում սկսնակ խմբերի համար, առաջնություններ, հումորային եւ այլ թեմատիկ երեկոներ, նախաձեռնում հանդիպումներ, որտեղ կիսվում են Հայաստանում ունեցած փորձառություններով եւ հաջողված բիզնեսի իրականացման օրինակներով։ Տարածքում գործում է ձայնագրման ստուդիա, աշխատանքը կազմակերպելու համար հարմարավետ գողտրիկ անկյուններ են առանձնացված, կա նաեւ կիթառի խանութ․․․ Կարճ ասած՝ եռուզեռ է։
«Տուֆ»-ը նաեւ ռուսական ենթամշակույթը այլ մշակութային տարածքում ներկայացնելու փորձի հարթակն է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է սեփական ստեղծագործական փնտրտուքի մասին կիսվել մյուսների հետ։
«Մեր սրճարանի անունը հայկական քարի անվանումն ստացավ պատահական կերպով․․․ Նստարաններ էինք պատրաստում տարածքի համար ու շինանյութի հետ որոշեցինք քար օգտագործել․․․ Հայտարարություններում հաճախ էինք հանդիպում հայկական քարի՝ տուֆի վաճառքի հղումներ։ Այդպիսի մի հայտարարությունում կարդացի հետեւյալը․ «Վաճառվում է հայկական քար՝ տուֆ․․․ Այ, այ, այ․․․ Տուֆ-տուֆ-տուֆ»։ Արտահայտությունն այնպես «նստեց» մեր գլխում, որ տարածքն անվանեցինք «Տուֆ», կարգախոսի համար էլ կիրառեցինք «Տուֆ-տուֆ-տուֆ»-ը․․․ Կարծում եմ՝ հայկական կոնտեքստում է, երաժշտական ռիթմ է հիշեցնում, նաեւ թեթեւ է, զվարճալի»։
Վադիմը կիսատ է թողել բարձրագույն կրթությունը, Սանկտ Պետերբուրգում զբաղվել է կիթառների վաճառքով, նվագել է սիրում, տարբեր գործերից գլուխ է հանում վարպետի պես։
«Ինձ դժվար էր ընդունել այն, ինչ տեղի ունեցավ փետրվարին․․․ Այս կոնֆլիկտը չի տեղավորվում գլխումս․ համընդհանուր ու անձնական ցավ է։ Հայաստանն ընտրեցինք տեխնիկական պատճառով․ արտերկիր մեկնելու անձնագիր չունեի․ միակ ուղղությունն այս էր։ Մտածում էի՝ կգանք, կանաչ կլինի, տաք, բայց խիստ ցուրտ ու մոխրագույն ձմեռ էր Երեւանում․․․ Այստեղ գալու առաջին իսկ պահից հասկանալի էր, որ գոյատեւման հարց պիտի լուծեինք, զբաղվեինք ինչ-որ բանով, որպեսզի մտահոգությունների մեջ չսուզվեինք․․․ Սա մղեց տարածք փնտրելուն, որը հիմա գործում է»։
«Տուֆ»-ը կարելի է դիտարկել որպես ռուս ժամանակակիցների մշակութային հաղորդակցության տարածք Հայաստանում՝ հաշվի առնելով, որ այն տեւական ժամանակ հետո իր հետ համադրական փոփոխությունների մշակույթ է բերելու։
«Հայաստանն ինձ գրավեց իր գույներով՝ սեպիայի երանգներով ու ջերմ ընդունելությամբ։ Շատ եմ գնահատում այստեղի մարդկային կապերը, փոխազդեցությունները, առաջադեմ երիտասարդությանը։ Երկարաժամկետ շփման արդյունքում ավելի խորը կհասկանամ հայերին, բայց, մեկ է, մարդկային հարաբերությունները բաց են․ մի բան, որ կորած է Մոսկվայում, այլ մեծ քաղաքներում․․․ Չունեմ զգացողությունը, թե ինձ ինչ-որ բան պակասում է․․․ Թեեւ Հայաստանում պատերազմը նոր է ավարտվել, եւ դեռ սրացումներ լինում են, բայց, անկախ ամեն ինչից, կարեւոր է, որ ագրեսոր երկրում չես․․․ Այն մարդկանց կողքին ես, ովքեր պաշտպանվում են․․․ Այդպես չես ասոցացնում քեզ այն տեղի հետ, որը պատերազմողի բացասական կերպով է հանդես գալիս։
Շատ ճամփորդելու պատճառով կոնկրետ աշխարհագրական տարածքի հետ կապվածություն չունեմ․ կապվածությունս մարդկանց հետ է առհասարակ։ Բարեբախտաբար, ընտանիքիս անդամներն ինձ հետ են»։
Իմ հայրենակիցներին, ովքեր այստեղ են, մաղթում եմ՝ «барев дзес» (добро вам)»։