Երկրաշարժից 30 տարի 1 ամիս ու 5 օր անց գնացի Սպիտակ: Թվում էր, թե ձյան սպիտակ շերտերը խլացնում են քաղաքի ձայնը: Ռազմիկ ձյաձյան սպիտակ վոլգայով ինձ հասցրեց առաջին ընտանիքի մոտ:
– Սպիտակ փոշի էր թափվում երկնքից՝ ուղղաթիռներից: Ասում էին՝ դեղ է, որ չխելագարվենք ու ապրենք…. բա ուրիշ ո՞նց հնարավոր եղավ:
70-ամյա Էթերայի ու դստեր` Արմենուհու պատմություններն անվերջ էին: Հաշմանդամներ, օգնություններ, միայնակ մայրեր, երկրորդ մամաներ, խորթ երեխաներ… պատմություններն անընդհատ շեղում էին մեկ թեմայի շուրջ կենտրոնանալու փորձերից: Խոսակցության ընթացքում նկատեցի, որ ես ու զրուցակիցներս խորթ բառը շշուկով ենք արտաբերում: Երեւի թեմաների մեջ ամենազգայունը սա էր: Մեր հեքիաթներում ու մուլտերում խորթ մոր կերպարը միշտ բացասական է. նրանք տգեղ են, դաժան ու ագահ: Դժվար է հասկանալ, թե ինչու են այդ կանայք միայն բացասական լույսի ներքո ներկայացվել: Իրականում նրանցից շատերը լուրջ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին: Հաճախ նրանց ընտրել են ոչ այդքան որպես կին, որքան երեխաներին հարմար մայր: Սպիտակի երկրաշարժից հետո բազմաթիվ կանայք իրենց խաղաղ կյանքը թողել ու եկել են աղետի գոտի: Սպիտակի իրական հեքիաթում շատ են խորթ մայրերը՝ իրական մարդիկ իրական պատմություններով:
-Երկրաշարժը դոմիկները չեն կամ մահացածների ճիշտ ու սխալ հաշված թվերը: Երկրաշարժը չի ավարտվում դեկտեմբերի յոթով:
Ընկերուհիս` Անժելան, այս դեկտեմբերի յոթին էլ անհանգիստ էր ու բռնկուն:Տեղական ու միջազգային լրատվամիջոցները 30 տարի շարունակ նույն նյութերն են ցույց տալիս տխուր երաժշտությունն էլ հետը:
– Սպիտակը հիմա՝ 30 տարի անց, գիտե՞ս ինչի է նման: Երբ հարազատ մեկին կորցնելուց հետո առաջին օրերին բարեկամներդ միշտ կողքիդ են, բայց հետո գնում են, ու դու մնում ես մենակ քո ցավի հետ: Սպիտակն էլ հիմա՝ երեկոյան ժամին, այս սենց թաքուն լացում է:
(Անժելան ծնվել է Սպիտակում, երկրաշարժի ժամանակ 2 տարեկան էր: Ցնցումի պահին մտել է սեղանի տակ: Հայրը զոհվել է վերելակներ արտադրող գործարանում: Մայրը մեծացրել է Անժելային ու երկրաշարժից հետո ծնված քրոջը, չի ամուսնացել):
Երկրաշարժից հետո քաղաքում խոսում էին, թե երկրաշարժն Աստծո պատիժ էր, որովհետեւ սպիտակցիները խորհրդային տարիներին որպես պահեստ էին օգտագործում Սուրբ Հարություն եկեղեցին: Գերեզմանոցի հարեւանությամբ թիթեղե եկեղեցի կառուցվեց, որն այժմ չի գործում: Երկրաշարժից 10 տարի անց հին եկեղեցու տեղում կառուցվեց Սուրբ Հարություն եկեղեցին:
– Տիկին Թամարա, երկրաշարժի մասին նյութ ենք անում:
– Ես երկրաշարժի հետ կապ չունեմ է՜, ազիզ:
– Բա ո՞նց կապ չունեք:
– Ես երկրաշարժից մի տարի հետո եմ եկել Սպիտակ, բան չգիտեմ: Հարեւանուհուս կանչեմ՝ թող պատմի:
– Դուք ձեր պատմությունը պատմեք: Երեւանն ու հանգիստ կյանքը թողել եկել եք Սպիտակ:
– Հա, երկրաշարժը չլիներ, հազիվ թե Սպիտակ գայի: 28 տարեկան էի, ամուսինս երկու երեխաների հետ եկավ իմ հետեւից: Փոքրիկ աղջկան զուգարան տարա, երեխան ինձ հարցրեց, թե` կլինե՞ս իմ մաման: Ես ասեցի՝ հա: Ու ստացվեց, որ ես երեխային էի համաձայնությունս տվել: Խորթության թեման ինձ ծանոթ էր, ես ինքս խորթ մամա էի ունեցել: Երեխաների հետ հեշտ լեզու գտա:
Երբ արդեն դուրս էինք գալիս Թամարան հիշեց.
– Հա, չմոռանամ ասել, որ 23 տարի էլ սկեսրարիս եմ պահել:
Գրականության դասին դասընկերուհիս ձեռք բարձրացրեց, եւ մեր ուսուցչուհին՝ մայրս, նրան կանչեց պատասխանելու:
Սմբատ Շահազիզ, «Երազ»
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր.
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր…
Բոլորս արտասվում էինք, դասընկերուհիս՝ ոչ: Նա երկկողմանի ծնողազուրկ էր:
Իմ հերն էր համոզում, թե բալա ջան, գնա՛, ամուսնացի՛, գոնե քո անկյունը կունենաս: Եկա՝ ոչ մի պայման չկար ապրելու: Երկու փոքր երեխա, ամուսինս էլ մի քանի ամսից գնաց Ռուսաստան աշխատելու: Ոչ էլ կարողանում էր փող ուղարկել: Հետո իմ երեխեքը ծնվեցին: Երեխեքս, ճիշտ է, հիմա իրենց եղբայրների հետ շփվում են, բայց ես նրանց հետ կապված ոչ մի լավ բան չեմ հիշում: Ոչ մի լավ բան, լարված են եղել մեր հարաբերությունները: Իրենցից շատ բան չեմ սպասել, երեւի մենակ ուշադրություն: Ինչ էլ անես՝ մեկա խորթ ես մնում…
– Թամար տոտա, ձեր թաղամասում խորթ մամաներ կա՞յին:
– Հա, կային, իրար հետ շատ մտերիմ էին: Հիշում եմ՝ առավոտը շուտ, պիժամայի վրայից խալաթ հագած, սուրճի ջազվեն ու քաղցրավենիքները ձեռքներին հավաքվում էին: Դե իրանք իրար հասկանում էին: Երկրորդ մայրերը հիմնականում Սպիտակից չէին, շատ էին վանաձորցիները, ապարանցիները: Իմ եղբայրը չամուսնացավ: Աղջիկներին շատ էինք համոզում, որ չընդիմանան ու չխանգարեն հորը ամուսնանալ: Հիշում եմ՝ Վարդուհին 6 տարեկան էր, հայրը Վանաձոր էր գնում գործով: Վարդուհին էլ թե՝ պապ, մեր համար մամա բեր Վանաձորից, բայց «յառլիկով»: Ես մեծացրի իրենց: Շատ դեպքեր են եղել, որ ինձ հունից հանել են, բայց ես մայր չէի ու ինձ մոր իրավունք չէի տվել, միշտ հանդուրժող ու համբերատար եմ եղել իրենց հետ:
-Դպրոցում «Իմ մայրիկը» թեմայով շարադրություն էին հանձնարարել: Ես դասարանում միակն էի, որ մայր չուներ: Շատ աղոտ եմ հիշում՝ ինչ էի գրել: Ուսուցչուհիս կարդացել հուզվել էր, ու տետրս ձեռքին եկել մեր տուն՝ ներողություն խնդրելու, որ աննրբանկատ է եղել իմ հարցում: Դրանից հետո հորս խնդրեցի, որ մեր համար մայր բերի ու հայրս շուտով ամուսնացավ: Խորթ մայրս Ապարանից էր: Իրականում խորթ մայրը հեքիաթների նման սարսափելի բան չէ: Ես ու եղբայրս նրան շատ լավ ընդունեցինք ու մեր բարեկամների թիվն ավելացավ: Ես իմ մանկությունը Ապարանում եմ անցկացրել երկրորդ մամայիս ընտանիքի ու հարազատների հետ:
– Երեւանից եկա ու էստեղ վրանի մեջ էինք ապրում: Հայրս, երբ առաջին անգամ եկավ ու տեսավ, թե ինչ պայմաններում եմ ապրում, ասեց, որ կարող եմ վերադառնալ տուն, եթե ուզում եմ: Բայց մի լավ խոսք կա՝ Էշ նստելը մի այիբ ա, իջնելը` երկու: Էնքան եմ լաց եղել: Շատ դժվար օրեր եմ ունեցել: Աղջիկներին առաջին օրվանից խնդրեցի, որ ինձ անունով դիմեն: Մայր կորցրած երեխայի ուզածը ի՞նչ էր՝ ուշադրություն ու սեր, եթե դա նրանց տայիր՝ հնարավոր չէր, որ հրաժարվեին, դա շատ պարզ էր…Հիշում եմ՝ փոքրիկ աղջիկս ծուլանում էր դասերը սովորելու, իսկ ես ուսուցչուհի էի ու իմ համար կարեւոր էր, որ նա լավ սովորի: Մի անգամ սենյակ մտա ու սկսեցի իրերս հավաքել՝ ասելով, թե հեռանում եմ, եթե չի սովորելու: Լաց եղավ, խնդրեց, որ չգնամ, ու իսկապես սկսեց ավելի լավ սովորել: Դպրոցում հաճախ էր պատահում՝ գալիս ասում էին, թե երկրաշարժից տուժած երեխա է, գնահատականը բարձր դիր: Բայց ես համաձայն չէի, ու իմ երեխաներին էլ այդպես եմ մեծացրել, առանց խղճահարության:
– Ես մամային լավ էի հիշում, բայց պատրաստ էի ու կարողացա խորթ մամային ընդունել: Ինձ դուր չէր գալիս, որ ինքը մեկ-մեկ փորձում էր իմ մամայի տեղը զբաղեցնել: Որ նեղանում էի՝ գնում էի տատիկիս տուն, խաղաղվում էի ու վերադառնում: Բնավորությամբ ենթարկվող չէի, բայց մեր կոնֆլիկտը միայն մամայիս հիշատակն էր: 15 տարեկան էի՝ ինձնից սկսեցին բամբասել թաղում, անգամ ասում էին, որ հորեղբորս տղայի հետ եմ: Դրանից հետո առաջին իսկ պատահածի հետ ինձ ամուսնացրին, թե իբր անունս դուրս էր եկել: Ես էլ երեւի դեմ չէի փախնելու տնից: Հիմա երեխեք ունեմ, ընտանիք ունեմ, բայց եթե մամաս լիներ՝ կյանքս հաստատ ուրիշ ձեւ կդասավորվեր:
Չգիտեմ, երեւի խորթ մորս չեմ մեղադրում նույնիսկ, երեւի հայրս էր շատ թույլ:
Արմենուհին տաքսի է կանչում.
– Համլետ ձյաձյա (անունը փոխված է), կգա՞ս մեր շենք, աղջիկներին պետք է տանես YMC:
Համլետ ձյաձյան գիտեր հասցեն, բարեւից հետո լուռ էինք: Հետո ասացի.
– Գիտեք, եկել ենք Սպիտակի մասին նյութ անելու:
– Երկրաշարժի մասի՞ն:
Համլետ ձյաձյայի դեմքը մթության մեջ չէր երեւում: Նա չշտապեց խոսել, լռությունը չընդհատեցի: Զգում էի որ պարապ տեղը խոսող մարդկանցից չէ:
-Իմ մեքենայի մեջ էի, մի րոպե՝ հեսա ասեմ… ա՜յ հենց էս մասերում էի, երբ սկսեց ցնցվել: Ավտոն կանգնացրի ու նկատեցի, թե ոնց դիմացի մայթին տարիքով մի տղամարդ հասավ ու գրկեց հաստաբուն ծառը: Երբ ցնցումները դադարեցին, ես շարունակում էի հետեւել էդ մարդուն: Կպել էր ծառից ու պոկ չէր գալիս: Մոտեցա, մի կերպ պոկեցի ձեռքերը: Սղղալով նստեց գետնին: Հետո վազեցի մեր շենքի մոտ, շատ մոտ էի: Մայրս ու 6 տարեկան տղաս տանն էին: Կես ժամից արդեն նրանց գտել հանել էի: Բայց երկուսն էլ մահացան: Մեքենայի ընթացքը դանդաղեցնելով՝ ավելացրեց.
– Հենց էս մեքենայից էր: Ես ու կինս 6 օր ավտոյի մեջ երեխայիս հետ մնացինք: Չէի կարողանում բաժանվել:
Արագ դուրս եկա մեքենայից, աչքերս թաց էին: Համլետ ձյաձյան էլ բան չասեց: Երկրաշարժը սա էր:
*Հերոսները, որոնք չեն ցանկացել լուսանկարվել, ներկայացված են ֆոտոմոնտաժի օգնությամբ:
Ֆոտոմոնտաժը՝ Միքայել Մուրադյանի