Երկուսուկես րոպե վերելակում ու երկրի մակերեսից 235մ խորության վրա բացվում է աղե լանդշաֆտը: Անհարթ ռելիեֆներով ու կրկնվող կամարներով երկար միջուղին տանում է դեպի ստորգետնյա անձավ, ուր վերգետնյա աշխարհի հետ բոլոր կապերը խզվում են առաջին իսկ րոպեներից:
Ստորգետնյա առողջարանը` Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, տեղակայված է Երեւանի Ավան շրջանի Աղի հանքում եւ գործում է 1987-ից: Բրոնխիալ ասթմայով, շնչառական եւ ալերգիկ այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար անձավն իսկական դրախտավայր է:
Բուժման կուրսը 20 օր է՝ օրեկան 6 ժամ: 4000 մ2 անձավում տեղակայված են բժշկական-ախտորոշիչ սենյակները, սպորտային սրահները, զբոսնելու ուղիները, քնի ու հանգստի սենյակները: Բուժման արդյունքներն արագ են երեւում հատկապես մինչեւ 5-6 տարեկան երեխաների մոտ, երբ նոր է ձեւավորվում նրանց իմունալ եւ հորմոնային համակարգը: Անձավում ամենակարեւորը օդի բաղադրությունն է, որը հագեցած է քարաղի մաքսիմալ հարուստ միկրոտարրերի բաղադրությամբ: Ընդերքի ջերմաստիճանը չի փոփոխվում, ռադիացիան զրո է: Սակայն կենտրոնի բուժական ուժը միայն նրանում չէ, որ մարդիկ աղ են շնչում: Կարեւորը` այստեղ գտնվելն է:
Այստեղ բացակայում են բոլոր այն ֆիզիկական գործոնները, որոնք ազդում են մարդու իմունային համակարգի վրա: Մագնիսական դաշտ, արեւի քամիներ, էլեկտրոմագնիսական դաշտեր, արտաքին գրգռիչներ` մեքենաներ, ռադիո, հեռուսատատեսություն, ինտերնետ… Արտաքին աշխարհի այս փոխազդեցություններից կառուցված բուրգը փլվում, քանդվում է բուժման 20 սեանսների ժամանակ: Իմունային համակարգը ուժեղանում է, հորմոնայինը` վերականգնվում: Հավաքվում է մի նոր, ավելի ուժեղ պիրամիդ, որն ի զորու է դիմակայել վերգետնյա աշխարհի ազդեցություններին: