Պատերազմը սկսեց, երբ Միքոյին ճամփեցի։


Մինչ էդ վախ չեմ ունեցել․ էդ ժամանակ էր, որ վախ ապրեցի, որովհետև Միքոյին տեսա, հետո հետդ խոսեցի, Նազիկ, ու ասեցիր՝ ուշադիր լինեմ, տիրություն անեմ․․․ Պատերազմն անձնավորվեց․․․ Ու երբ ավտոբուսը փակվեց, գնաց, մենակությունը եղավ, ու առաջին անգամ մոտ եղա վտանգին։  


Հետո Միքոյից լուր չկար․ ամենածանր ընթացքն էր, որովհետև ինձ մեղավոր էի զգում․․․ Գիշերները զարթնում, իր մասին էի մտածում, որովհետեւ պիտի պատասխանատվություն կրեի, որովհետեւ վերջին տեսնողն էի․․․


*(Միքոն (Միքայելը) Նազիկ Արմենակյանի տղան է)

Եթե լուսանկարչական ապարատը չեմ վերցնում, պիտի զենք վերցնեմ․ էս հարցը վաղուց կար, դեռ առաջին պատերազմի ժամանակ, երբ 16-17 տարեկան էի, ուզում էի գնալ, տնեցիք ասեցին՝ էդ ժամանակը չի։


Ես բանակային կյանքը տեսել եմ, իմ երազներում պատերազմը տեսել եմ․․․ Ապրիլյանին էլ եմ գնացել, բայց էնքան արագ եղավ գնալս, ու վերջանալը, որ ոնց որ չհասկացա, չվերապրեցի ինչ-որ բան, չստացա հարցիս պատասխանը․ ո՞վ եմ ես պատերազմի ընթացքի մեջ։ Կա իհարկե միջնորդավորված պատկերացումը՝ տարբեր մեդիաների, ֆիլմերի, գրականության հետևանքով, բայց կա ռեալ, իսկական պատերազմը, որ կարա դիպչի քեզ, քո մտերիմներին, հարազատներին․․․


Էս պատերազմում ես թիկունքում էի, թեկուզ դիրքեր գնալ կար, բայց ակտիվ գործողությունների ներկա չեղա․ եղա գործողությունների մեջ, որոնք ակտիվության պիկը չէին․․․ Ես ուզում էի էնպիսի տեղերում հայտնվել, որտեղ հարցերիս պատասխանները կային, որտեղ պիտի մի բան հասկանայի․․․ Չէր ստացվում նաև վավերագրելը, որովհետեւ արգելքները շատ էին, ամեն տեղ չէր, որ թողնում էին գնալ․․․

Ես ուզում էի պատերազմական գործողությունների խրամատը տեսնել․․․ Ուզում էի ֆիքսել տղերքին գործողության պահին, ֆիքսել էն իրականությունը, որը կա․․․ Հանուն պատմության, ժամանակի, որ վավերագրված ունենայինք հենց էդ ժամանակի իրենց դեմքը, ներկա գտնվեինք իրենց նվիրումի պահին, հերոսությանը․․․․ Բայց մարտական գործողությունների բուն կետերում չեղա, բարիերներ կային անհաղթահարելի, կասկածներ՝ թե ով ես, ինչ ես անում․․․ Երևի թե նորմալ է էդ դրության մեջ։

Պատերազմի ընթացքում հարց կար, որ անընդհատ տալիս էի ինքս ինձ․․․


․․․ Եթե օդը մերը չի, մենք ո՞նց ենք հաղթելու։ «Հայրենասիրական» ինֆորմացիոն հոսքին զուգահեռ, որ «հաղթելու ենք, հաղթելու ենք, հաղթելու ենք․․․», տրամաբանությունս կար, թե էդ ոնց կլինի, եթե օդը քո ձեռքին չի, ինչ գնով կլինի, եթե օդը քո ձեռքին չի․․․ Ո՞նց, ո՞նց կարա օդը քո ձեռքին չլինի ու հաղթես։ Ու ինձ հույս էի տալիս, ասում էի՝ գուցե մի բան կա, որ ես չգիտեմ, մի բան են անում, որից ես տեղյակ չեմ․․․ Ամեն դեպքում հասկանում էի, որ պաշտպանվելով հաղթել չի լինի․․․ Իսկ հակահարձակում չկար։


Ինչ-որ իմաստով մենք փաստորեն ապրել ենք միֆերով, և էդ միֆերը ունեին հիմքեր, օդից չէին վերցրած․․․ Կար ժամանակ, երբ մեր տարածաշրջանում ամենաուժեղ, մարտունակ բանակը մերն էր, և դա միջազգային էքսպերտներն էին ասում, բայց դրանից անցել են տարիներ, ու դափնիների վրա նստելը, պարծենկոտությունը, խնդիրներին, իրավիճակներին, հարաբերություններին չնայելը սրան բերեց․․․


Մենք լավ տեր չեղանք մեր հողին․․․ Սա չի արդարացնում հակառակը, թե Ադրբեջանն է «լավ տեր» լինելու․․․ Բայց մենք տիրություն չարեցինք մեր հողին։


Իմ ոչ մասնագիտական աչքով եմ տեսել, որ պատրաստ չէինք անգամ զինտեխնիկա սքողելու (երկու ճյուղ էին կպցնում՝ մտածելով, թե վերևից չի երևա)․․․ Ու սա էն դեպքում, երբ էլ օդը քոնը չի։ Ես ՀՕՊ-ը տեսել եմ, ու, եթե դա ինձ տեսանելի էր կողքից, բա վերևից ոնց պիտի չերևար․․․ Զարմանում եմ։ Պարզվեց՝ անպատրաստ էինք, պրոֆեսիոնալիզմը՝ ահավոր ցածր։


Պատերազմից հետոն ավելի մեծ ազդեցություն է թողել, քան պատերազմի ընթացքը։


Չնայած ընթացքում էլ եղան իրավիճակներ, որոնք շատ ազդեցին, ոնց օրինակ հիվանդանոցն էր, տղաներն էին՝ անգիտակից վիճակում պառկած։ Լուսանկարել եմ․․․ Բայց երբեք չեմ օգտագործի․․․


Մի տղայի մարմնի հատվածներ եմ նկարել, նաև դեմքը, բայց մոտիկից տեսնելու այդ պահը, երբ գիտես, որ ինքը նաև քեզ համար ա էնտեղ եղել ու հիմա անգիտակից պառկել ա, իսկ դու էստեղ ես ու ֆոտո ես անում ․․․ Հասկանում ես, որ ֆոտոն, հա՛, արեցիր, բայց մենակ քեզ համար։

․․․․ Թեկուզ ֆոտոապարատով, եթե ոչ զենքով, ես պիտի էնտեղ լինեի․․․


(Ու հենց էդպես էլ գնացել էի՝ վայեննի բիլետով, որ, եթե հանկարծ նենց լինի, որ պետք լինի զենք վերցնել, վավերագրումը կթողնեմ։ Ու մտածում էի՝ գուցե երկար տևի, մինչև գարուն, ու ինչքան կկարողանամ կնկարեմ, հենց պետք եղավ կռվել՝ կկռվեմ․․․):


Նկարելն էլ որոշակի ձևով կռվել էր․ կռվում էի՝ թեկուզ ֆոտոապարատով․․․ Օրագիր պահելու նման մի բան էր․ զարթնում էի, որոշում էս կողմ գնալ, էն կողմ գնալ, սենց սպոնտան ու ցաքուցրիվ․․․


Երևի դեռ պատրաստ չեմ, բայց ուզում եմ շարունակել նկարել էն, ինչ նկարում էի պատերազմի ժամանակ․ ուզում եմ պոստ-պատերազմի էն տաք շրջանից էս ավելի սառը ժամանակը հավաքել արդեն․․․


Ուզում եմ ֆիքսել մարդ կորցրած, տուն կորցրած և մարմնի մաս կորցրած մարդուն․․․ Միգուցե սա անելուց հետո որոշակի պատասխաններ ավելի հստակ դառնան, որովհետև պատերազմի ընթացքը ռիթմի ու տեմպի մեջ ա քեզ գցում, ու գնում ես․․․ Բայց էն, ինչ կա, էդ նույն պատերազմն ա պատերազմից հետո․․․