Սեպտեմբերի 27-ին, երբ լսեցի՝ ինչ է կատարվում, ճամպրուկս միանգամից հավաքեցի ու առաջին օրով մեկնեցի Ստեփանակերտ․․․ Ազատամարտիկների փողոց՝ դատարկ, մութ, ձայն չկար, ոնց որ «ուրվական» քաղաքում, ու ճամպրուկիս ձայնն արձագանքում էր փողոցով մեկ։ Էդ էն Ստեփանակերտը չէր, որը ես գիտեի․ ուրիշ քաղաք էր, ուրիշ մարդկանցով։


Հենց էդ գիշեր առաջին անգամ պայթյունի ձայն լսեցի․ հավատս չէր գալիս, որ Ստեփանակերտն առաջնագիծ է դարձել, ու հայտնվել ենք հրթիռակոծության տակ․․․ «Ոչի՜նչ, քնած ես, ու քեզ թվում ա․․․»․ էդպես էի հանգստացնում ինձ, որովհետև մենակ էի առաջին օրերին և չգիտեի՝ ինչ ռեակցիա պիտի տամ։


Անպատրաստ էի գնացել, պատկերացում չունեի, որ բռոնի ժիլետի և կասկայի կարիք կլինի, այնինչ խաղաղ քնելու տեղ անգամ չկար․․․ Փաստորեն քնում էինք հենց պատերազմի դաշտում, դուրս էինք գալիս “на свой страх и риск”, որովհետև չէինք էլ հասկանում՝ երբ պետք է դուրս գալ, երբ ներս գնալ։ Չէինք հասնում վառված տներին, մեքենաներին․ անընդհատ պիտի հետ վազեինք ապաստարան․ էդպես մի օր Ազատամարտիկների փողոցում ինչ-որ բան կատարվեց (մեքենաներ էին վառվում), մինչև փորձեցինք հասնել, սկսեցին հրթիռակոծել, նորից արագ ապաստարան վազեցինք․․․ Մի քանի անգամ հետ ու առաջ գնալով, տարբեր ապաստարաններ մտնելով՝ էդպես էլ չհասանք փողոցի մյուս ծայրին․․․ Տագնապի ազդանշանը հնչում էր անընդհատ։

Կդժվարանամ ասել՝ ինչ ա վերցրել ինձնից պատերազմը, որովհետև շատ բան տվել ա․․․ Ես՝ նախ որպես մարդ, հետո՝ որպես մասնագետ էդ ընթացքում շատ եմ հասունացել։


Մինչև պատերազմը պատկերացնել չէի կարող, որ օրինակ դպրոցներից մեկի հատակին պիտի քնեմ անծանոթ մարդկանց հետ, չէի կարող պատկերացնել, որ ադապտացում կլինի, որ մի օր, իմ տունը թողած, կուզենամ էնտեղ մնալ։


Ընթացքում է, որ հասկանում ես՝ ինչն է կարելի, ինչը՝ չէ, կողմնորոշվելու, վտանգից խուսափելու «հոտառություն» ես ձեռք բերում, սկզբում մտածում ես՝ չես կարող անցնել, հաղթահարել, հետո տեսնում ես, որ ստացվեց, որ թեստի պես անցար, որ տեսար կատարվածն ու կողմնորոշվեցիր։


Իրականում ամենածանրը կատարվածին որպես աշխատանք նայելն է, երբ մարդկանց կյանքերի մասին է խոսքը գնում։ Դու չես կորցրել քո տունը, չես կարող տունը կորցրած մարդու դրության մեջ մտնել․․․ Մարդկանց դժբախտությունը լուսաբանելը խնդիր ա դառնում, ու անընդհատ մտածում ես երկընտրանքի մասին, հարց ա առաջանում․ «հա լավ, էստեղ ի՞նչ եմ անում, ո՞նց եմ անում, ինչքա՞ն ա ճիշտ էս ամեն ինչը»։


Բայց․․․ Երևան գալուց հետո անհասկանալի վիճակում էի․ վատ էի զգում, ուզում էի հետ գնալ, մտքով էնտեղ էի․․․ Մտքով Ստեփանակերտում էի, Արցախում։

Տղամարդ լրագրողը լուսաբանի պատերազմը, թե կին լրագրողը, լրիվ ուրիշ բաներ են։


Մեկին ժպտում ես, թե չէ, միանգամից՝ «կգա՞ս մեր տուն գնանք», «կգա՞ս ստեղ գնանք․․»․․․ Էն որ․․․ «ես եկել եմ գործ անելու, ժողովուրդ ջան», հետո՝ «դու ի՞նչ ես անում ստեղ․ գնա, ամուսնացի, էրեխա ունեցի» կամ «աղջիկների տեղը ստեղ չի․ վեր կաց, գնա․ քո գործն էրեխա ունենալն ա»․․.


– Լա՜վ, տենց մտածեք, բայց ես մնում եմ, որովհետև էս իմ գործն ա, ես սրա համար եմ եկել ու չեմ գնալու․․․


Էնտեղ եղած ընկերներս էին հանգստացնում․ խոսելով ու քննարկելով, բացվելով էինք անցնում էս պահերը։ Պատերազմի, էսպես ասած, «մարտական» ընկերներ կոչվածներն են, որ օգնում են։


Հիմա փորձում եմ հումորով ու նոստալգիայով վերաբերվել էդ ընթացքին, փորձում եմ հնարավորինս նեգատիվ չպահել, ինչքան էլ որ պատերազմը նեգատիվ երևույթ ա։ Ընկերներով հավաքվում ենք, հիշում, հումոր անում, պատմում, թե ինչ էքստրեմալ իրավիճակներ անցանք, ինչպես ծանոթացանք․․․ Լավ էր՝ կորուստներ չունեցանք էդ խմբում․ էդ ուժ ա տալիս․․․