Ողջ գիտակցական, լրագրողական կյանքս, ոնց էլ պտտվել եմ, կապված է եղել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, և դա նորմալ է, որովհետև դա է մեր ճակատագիրը, որովհետև դու պետք է նայես քարտեզին ու լացես, ասես՝ էս ինչ դաժան բան է՝ մենք թուրքերի ու ադրբեջանցիների միջև ենք, բայց դա է իրականությունը։ Եվ, եթե որևէ մեկը ինձ կասի՝ հնարավոր է ունենալ այլ Հայաստան՝ թուրքերի ու ադրբեջանցիների կողքից մի ուրիշ տեղ, ես կասեմ՝ ուղղակի հնարավոր չէ։


Հիշողությանս մեջ ադրբեջանցիները մնացել են շատ փոքր տարիքից․ ծննդավայրս՝ Նոյեմբերյանի Դովեղ գյուղը, հենց սահմանի վրա էր, և հարևան Քամառլու գյուղի հետ մենք ուղղակի կապ ունեինք (ծանոթներ կային)․․․ Հիշում եմ՝ հարսանիքներ էինք գնում-գալիս և նաև հիշում եմ, որ այդ և հարևան մյուս գյուղերից ադրբեջանցիներն իրենց էշերով մեր գյուղով էին անցնում, վարունգ-պոմիդոր էին տանում Նոյեմբերյան քաղաքում վաճառելու (իրենց մոտ բանջարեղենը շուտ էր հասունանում)։ Հիշողությանս մեջ ադրբեջանցի կանայք են՝ խուրջիններով բարձված էշերով․ վերադարձի ճանապարհին կանգնում էին մեր խանութի մոտ՝ արդեն դատարկված խուրջիններով ու շաքար էին առնում․․․ (չգիտեմ՝ ինչու էին այդքան շաքար առնում)․․․


Ընտանեկան պատմության հետ կապված ևս երկու դեպք է եղել․ Բաղանիս Այրում ադրբեջանական գյուղի մոտ (Բաղանիս հայկական գյուղի և Ոսկեվազի մոտ), մորաքրոջս 40-ամյա տղային ադրբեջանցիները գողացան։ 1990 թվականի ամառն էր․ դրանից հետո որևէ լուր չունեացանք նրանից․․․ Առաջին կորածներից մեկն է։


Հետագայում իհարկե փորձեցի ադրբեջանցի գործընկերներից տեղեկություններ ստանալ՝ հատկապես Ավազ Հասանովից, ով ուղղակիորեն զբաղվել էր գերինների հարցերով․․․ Ինքը մոտավոր տեղեկություն հաղորդեց, որի մասին որևէ մեկին պատմել չեմ ուզում։


Մյուս դեպքը տեղի ունեցավ 1995 թվականին․ թուրքերը սպանեցին հորաքրոջս տղային՝ հենց սահմանի վրա, իր այգում։ Հետևից մոտեցել էին և ուղղակի սպանել։

…Պատերազմի չորրորդ օրը հասկացա, որ մենք պարտվել ենք։


Արդեն ականատեսն էի բեռնատարներով տեղափոխվող տասնյակ զոհերի ու վիրավորների։ Հադրութում տեսա դա և խուճապն էլ, որից ակնհայտ դարձավ՝ մենք պարտվել ենք։


Հասկացա, որ սա պատերազմ է, որից մենք չենք կարող չպարտված դուրս գալ։


Դրանից հետո է, որ տարբեր տեղերում անընդհատ գրում էի, որ պետք է գնալ Լավրովի պլանին․․․ Հիշում եմ՝ հոկտեմբերի 6-ին առաջին անգամ հրապարակավ մի ստատուս գրեցի, որը մեծ քննադատության արժանացավ․ գրել էի, որ պետք է ուղղակի ռուսների հետ աշխատել և ուղղակի Լավրովի պլանն իրականացնել՝ այսինքն շտապ վերադարձնել 5, հետո՝ 2 շրջանները։ Մարդիկ ասում էին՝ ոնց կարելի է նման բան անել, բայց ես զգում էի, և դրանից է գուցե, որ իմ լուսաբանումները ինչ-որ տեղ էնքան էլ չէին նմանվում ուրիշների արածին։


Արդեն ամսի 19-ին, երբ Սյունիքում էի ու տեսա, որ ադրբեջանցիները հասել են սահմանագիծ, լրիվ պարզ էր՝ ինչ է տեղի ունենում։ Մենք հաղթելու շանս չունեինք։ Եվ դրա համար, այո, ես, ստատուսներ գրելով գոնե, փորձում էի պարբերաբար սթափեցնել հաղթանակի պատրանքներով ապրող ժողովրդին։ Դժվար էր, որովհետև ճնշում կար մի քանի տեղից․ ես գիտեի, որ ինձ հայհոյում են, «դավաճան» են ասում, բայց բացարձակ վեջս չէր, որովհետև ես այնտեղ էի ու ուրիշ բան էի տեսնում։


Ես համարում եմ, որ մենք՝ լրագրողներս, ևս պարտվեցինք այս պատերազմում։


Հայ լրագրությունը պարտվեց, որովհետև այդքան խիզախ չեղանք։ Հիմա ամեն աստծու օր դատապարտում եմ ինձ․ այո՛, ես պիտի չվախենայի․․․․ Եվ, եթե ես և իմ նմանները լավ աշխատեինք, գուցե ժողովուրդը սթափվեր, գուցե այլ ելք լիներ, գուցե պարտությունն այսքան սարսափելի չլիներ․․․ Չգիտեմ․․․ Գուցե դա առիթ դառնար ավելի արագ մոբիլիզացման, գուցե ավելի ինքնակազմակերպվեինք․․․ Շատ վատ աշխատեցինք, և այդ վատ աշխատանքի մեջ ես չեմ մեղադրում իշխանություններին, չեմ մեղադրում Արծրունին, չեմ մեղադրում ֆեյսբուքահայությանը․ ես մեղադրում եմ մեզ, որ բավարար չափով համարձակություն չունեցանք։ Այո՛, եթե անհրաժեշտ էր, մենք պիտի դուրս գայինք խմբագրություններից, պիտի աշխատեինք որպես ֆրիլանսերներ, մի ձև գտնեինք ճշմարիտ ինֆորմացիան հասցնելու․․․


Գուցե շատ բան չփոխվեր, բայց գոնե հայ հանրությունը շոկի չէր ենթարկվի․ մենք կիմանայինք, որ պարտության ենք գնում և, գուցե, Նիկոլ Փաշինյանին ասեինք՝ այո՛, կանգնեցրո՛ւ պատերազմը, թող էրեխեքը չմահանան․․․ Եվ գուցե այդկերպ հնարավոր կլիներ փրկել նաև Հադրութը, Շուշին գուցե փրկվեր ադրբեջանցիների վերադարձով ու մնար Արցախի կազմում, ոչ թե այս խայտառակ իրավիճակով․․․


Մենք՝ լրագրողներս, պիտի տայինք ճշմարիտ տեղեկությունը, պիտի աշխատեինք հանրության համար, բայց, ըստ երևույթին, քարոզչության զոհը դարձանք․․․ Էն խոսքը, որ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, էս պատերազմը ուղղակիորեն ցույց տվեց․․․ Ճշմարտությունն էս պատերազմում իրոք զոհվեց, հայկական ճշմարտությունը զոհվեց, և մենք՝ լրագրողներս, պատասխան ենք կրում։

Պատերազմը փոխեց կյանքիս ընթացքը։

Պատերազմից հետո, անկեղծ եմ ասում, ապագայի պլան չունեի։ Առաջին զգացողությունս սա էր՝ ինձնից տարել են իմ 30 տարիները, ինչ-որ մեկն ուղղակի տարել է, և ափսոս էր էս կյանքը, 30 տարի ինչե՜ր կարող էինք անել… Հիմա կամաց-կամաց վերադառնում եմ կյանք, բայց մինչ այդ ամեն օր արթնանում էի էն զգացողությամբ, որ 1991-ից էս կողմ անիմաստ եմ ապրել․․․ Ի՞նչ եմ արել․ լուսաբանել եմ Ղարաբաղյան պատերազմներ, Ղարաբաղյան հակամարտություն, խաղաղ գործընթաց․․․

Երկրորդ զգացողությունը, ապագայի պլան չունենալն էր, որը հաղթահարեցի Ամերիկայում, երբ ․․․ Շատ ծիծաղելի, զարմանալի բան կասեմ, բայց Հայաստանի հավաքականի երեք հաղթանակներով էր պայմանավորված հաղթահարումը (գուցե էդպիսի փոքր հաղթանակներն են, որ մեզ (ազգին) կարող են հանել տրավմայից)։


Լինելով ֆուտբոլասեր, մոլի երկրպագու (նաև ֆուտբոլային ակումբ ունեմ և երեխաների թիմեր, որոնք խաղում են Հայաստանի առաջնությունում)` հավաքականի հաղթանակից ոգևորված՝ կանգնեցրի մեքենան (Յուտա նահանգում էինք) և համարյա պարում էի ուրախությունից։ Էդ պահին զգացի, որ հաղթահարեցի պարտությունը։


Տեսեք՝ ռազմի դաշտի հետ կապ չուներ պահը․ ընդամենը Հայաստանի հավաքականի փոքրիկ հաղթանակն էր, բայց հենց դա էր, որ մեջիցս պարտությունն սկսեց հանել։


Հիմա ես ասում եմ՝ աշխարհի վերջը չէ: 


Մենք պարտվել ենք, ծնկի ենք եկել, պատվազուրկ ենք, ամոթահար ենք եղել ամբողջ աշխարհում մեր մեծ-մեծ խոսելու դիմաց նաև, բայց հիմա ասում եմ՝ աշխարհի վերջը չէ, և կարող է ավելի վատ լինել․․․ Եկեք մտածենք՝ ոնց անենք, որ Արցախի էն մնացած մասը չկորցնենք, Սյունքի մարզը չկորցնենք, ի վերջո Հայաստանի հանրապետությունը չկորցնենք․․․ Ես դրանով եմ հիմա արդեն ապրում, ապրում եմ սովորելու և օրնիբուն աշխատելու սկզբունքով։


․․․ Ամենակարևոր բանը, որ տվել է այս պատերազմը ․․․ Նախկինում էի սա ասում միշտ, բայց հիմա բարձրաձայն, ավելի անվախ կարող եմ ասել․ մենք՝ հայերս, պետք է դողանք Հայաստանի հանրապետության ինքնիշխանության և անկախության համար, միշտ պիտի մտածենք, որ այն կարող ենք կորցնել․․․ Հիմա ես ավելի սրտացավությամբ եմ մոտենում Հայաստանին․ եթե Հայաստանի Հանրապետությունը կորցրեցինք, ես չգիտեմ՝ մեկ էլ երբ կարող ենք վերստեղծել։


Արդյո՞ք պետք էր էս գինը վճարել, որպեսզի սա հասկանայինք, հասկանայինք, որ կարող ենք նաև Հայաստանի Հանրապետությունը կորցնել։ Շատ թանկ գին վճարեցինք, պիտի այդպես չլիներ, պիտի նախապես դողայինք Հանրապետության վրա, և միշտ․․․ Եվ չդողացինք։

Հոգեբանորեն թողածը ․․․ Ես այլևս չեմ ուզում հանդիպել որևէ ադրբեջանցու։


Նախկին 30 տարիների դրվագներ, որոնց միշտ էի անդադառնում, ինձ համար փակել եմ․ այդպես օրինակ՝ մայիսի 9-ը այլևս հաղթանակ չէ, այդպես օրինակ՝ Շուշիի ազատագրման թեման ինձ համար փակված է, ազատագրված հայրենիք թեման փակված է․․․ Որովհետև պարտվել ենք։


․․․ Բայց մի լուսավոր կետ էլի կա․ նորից եմ ուզում շեշտել, որ սա աշխարհի վերջը չի, սա Հայաստանի վերջը չի, և մենք, այո՛, կարող ենք էս տարածքի վրա, որ տվյալ պահին 30,000 կմ² է, և որի վրա կանգնած է հայ զինվորը, հե՛նց այստեղ կարող ենք հաղթանակներ կերտել։ Սա է, որ ինձ թույլ է տալիս որպես շարքային մարդ մտածել ապագայի ծրագրերի մասին, որովհետև ասում եմ՝ պատերազմից հետո ես ծրագիր չունեի, Հայաստանի ապագան ու կյանքը ևս շատ անիմաստ էր դարձել․․․  Իսկ հիմա հաղթահարել եմ․․․ Այս տարի 130 ծառ եմ տնկել։ 130 նոր ծառ։

Խաղաղության այլընտրանքը պատերազմն է․․․


․․․ Եթե մենք չխոսենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեր փոխարեն խոսելու է Ռուսաստանը կամ այլ մի երկիր, և մեր շահերը ոտնատակ է տալու։ Ինչքան էլ դժվար լինի, մենք պետք է խոսենք․․․ Ես չեմ ուզում դառնալ սփյուռքահայ և Փարիզից, Լոս-Անջելեսից, Սիդնեյից, Թեհրանից, Մոսկվայից Հայ դատ պաշտպանել․․․


Իմ դատը Հայաստանի հանրապետությունն է, իմ դատն այն տարածքն է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայ սահմանապահը, և ըստ դրա եմ ես իմ քայլերը կատարում․․․ Իմ ախորժակն այդքանն է։