Ալբերտ Ազարյանի և մարմնամարզության նրա ստեղծած ընտանիքի հետ առաջին հանդիպումս 2012 թվականին էր: Դա, իհարկե, չեղավ մեր միակ հանդիպումը. գուցե որովհետև ինքս երկար տարիներ զբաղվել եմ սպորտով: Այնտեղ տարօրինակ ջերմություն զգացի ու ապրեցի ինձ հարազատ զգացողություններ` տեսնելով սպորտի հանդեպ իրենց վերաբերմունքն ու նվիրվածությունը:
Պարբերաբար այցելում էի նրանց` արդեն տեսախցիկով, փորձում ավելի մոտիկից ճանաչել դպրոցն ու մարդկանց, ում շնորհիվ այդ դպրոցն այսքան տարի գործում է:
Երևանի Օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցը հիմնադրվել է 1964 թվականին, տնօրենը օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն է:
«Մարզիչներն իմ սաներն են եղել, ժամանակին հաջողությունների են հասել, ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը, տեղափոխվել մարզադպրոց… Դրա համար ես նրանց պապիկն եմ»,- կատակում է Ազարյանը:
Ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանն ասում է. «Ես 49 տարեկան եմ, արդեն 41 տարի է այս դպրոցն իմ երկրորդ տունն ա, եթե չաշխատեմ էլ, անպայման կգամ, կմտնեմ»:
Մարզադպրոցը մեծ ու համերաշխ ընտանիքի պես աշխատում է, բոլորի նպատակը մեկն է` հասնել հաջողության և մրցումներից հաղթանակներով վերադառնալ` բարձր պահելով հայրենիքի պատիվը:
Սակայն դպրոց մտնելու առաջին իսկ քայլից լսում ես հատակի ճռռոցն ու հասկանում, որ կա մի մեծ խոչընդոտ, որը զգալիորեն բարդացնում է և՛ մարզիկների, և՛մարզիչների աշխատանքը. շինության «ծեր» լինելու փաստն է: Հնադարյան սարքավորումներ, դեռ 1968 թվականից ժառանգած, արդեն փտած հատակ, որի վրա մարզվելն անթույլատրելի է:
Մարմնամարզությունն օրեցօր զարգանում է ամբողջ աշխարհում, իսկ մեր Երևանում օլիմպիադային և միջազգային այլ մրցումներին սաները պատրաստվում են նույն սարքավորումներով, որով 50 տարի առաջ իրենց մարզիչներն էին մարզվում:
Դեռ ԽՍՀՄ-ի տարիներին Երևանում կար 233 սպորտային դպրոց, իսկ այժմ դրանք երկուսն են, որոնցից մեկն էլ Ազարյանի անվան մարզադպրոցն է: Սա ևս մեկ պատճառ է, որ դպրոցը հիմնովին վերանորոգվի և հնարավորություն տա մարզիկներին մարզվել այնպիսի պայմաններում, որին իրենք արժանի են:
Չնայած բոլոր խնդիրներին` մարդիկ այստեղ դնում են իրենց ողջ ուժն ու եռանդը, նվիրվում մարզումներին: Այստեղ սովոր չեն բողոքել, բոլորը լավատես են:
Դպրոցն ունի ամենակարևորը` ուժեղ ոգի, և արժանի է ունենալ այդ ոգուն համապատասխան պայմաններ, որպեսզի ցնցուղ ընդունելն այլևս ճոխություն չլինի մարզիկների համար, որպեսզի հավաքականն ունենա բժիշկ և հարկ եղած դեպքում չդիմի այլ երկրների բժիշկներին, որպեսզի լինի նոր և հարմարավետ դահլիճ` չճռռացող հատակով, որտեղ մարզիկները արժանի պայմաններում կշարունակեն դաստիարակել նոր չեմպիոնների: