Արտյոմն առավոտյան՝ ավտոստոպով դասի գնալիս:


Երբ մեքենայով անցնում էի Ռյա Թազա գյուղով, մի տղա ձեռքը բարձրացրած կանգնած էր` առանց ավելորդ էմոցիաների, թե մեքենան կկանգնի, թե ոչ: Կանգնեմ-չկանգնեմ, կանգնեմ-չկանգնեմ դիլեմայով կիսվեցի գործընկերոջս՝ Լուսինեի հետ, ում հետ գնում էինք մի հեռավոր, աշխարհից կտրված գյուղ` նկարահանման: Լուսինեն դեմ չէր, նույնիսկ կողմ էր. կանգնեցի, հայելուց նկատեցի, որ տղան վազում է: Դուռը բացվեց.

– Բարև, մինչև Սպիտակ կտանե՞ք:

Նստելուն պես` զրույցի ենք բռնվում:

Արտյոմը ազգությամբ եզդի է, ապրում է Ռյա Թազա գյուղում, 18 տարեկան է, այս տարի գնում է բանակ: Ունի հայր, մայր, քույր, եղբայր, պապ և բազմաթիվ այլ ազգականներ:

Գնում է դասի, սովորում է Սպիտակի պետական քոլեջում` հաշվողական տեխնիկա և ավտոմատացված ծրագրային ապահովում: Ոչ միայն սովորում է, այլեւ իրոք ցանկություն ունի դառնալ մասնագետ: Գնում և գալիս է հիմնականում ավտոստոպով, այսօր բախտը բերել է, ավտո շուտ պատահեց:

 


Արտյոմը վարորդին հուշում է, թէ որտեղ կանգնի Սպիտակում:

 


Սպիտակի պետական քոլեջում ուսանողների հետ:

 

 


Սպիտակի պետական քոլեջում, դասի ժամանակ:

 

– Լինում են օրեր, որ չեն կանգնում, ստիպված տաքսի եմ նստում: Իսկ սենց գումար եմ խնայում,- հանգիստ ասում է Արտյոմը:

Մեր զրույցի ընթացքում ինձ մոտ հարց է առաջանում, թե ես ինչ գիտեմ եզդի ազգության մասին… Հարցս նման էր ընդարձակ կանաչ դաշտում կովի վզից կախված զանգի զնգոցին լռության մեջ: Հիմնականում ոչինչ չգիտեմ` բացի մի քանի սովորություններից: Մտքիս ընդհատակից դուրս է պրծնում բանակում հետս ծառայած եզդի Ռոստոմը` միշտ մաքուր, կոկիկ, սթափ ու ճարպիկ: Մյուս բանը, որ գիտեմ, աղջիկների շուտ ամուսնությունն է, որ երբեմն դպրոցն էլ չեն հասցնում ավարտել: Հա, մեկ էլ, հարսանիքի ժամանակ խնձորով հարսի գլխին խփելու արարողակարգը:

– Իսկ խառը ամուսնություններ լինու՞մ են,- հարցնում եմ: Պարզվում է` այո, չնայած եզդիների ամուսնությունը այլազգիների և կաստաների միջեւ խստիվ արգելվում է: Բայց հիմնականում ամուսինները գնում են այլ երկիր ապրելու: Պարզվեց, որ լինում են ներքին հակասություններ երիտասարդ սերնդի և ազգային ավանդույթը պահող ավագ սերնդի միջև:

Այսպես ծանոթացա Արտյոմի հետ:

Մյուս մեր հանդիպման առիթը նկարահանումն էր: Առավոտյան մայրուղու վրա սրթսրթում էինք, Արտյոմը ձեռքը պահած, ես` խցիկս, երևի մեկ ժամ սպասեցինք, մինչև մի մեքենա կանգնեց: Արտյոմի համար դա սովորական էր, որ դատարկ գնում են ու չեն կանգնում: Առաջին անգամ էր, որ գտնվում էի հակառակ կողմում` ավտոստոպ անողի կարգավիճակում, մինչ այդ` ղեկին` մյուս կողմում լրիվ այլ էմոցիաներ են եղել: Հիշեցի այն դեպքերը, երբ ինքս այս կամ այն պատճառաբանությամբ չեմ կանգնել, միշտ պատճառ կգտնվի:

 


Ռյա Թազա գյուղում, Արտյոմը իրենց տան խոտի դեզի մոտ:

 

 


Արտյոմենց տան մի պատը:

 


Արտյոմը` հաց ուտելիս:

 


Նկարներում Արտյոմը փոքր ժամանակ` քրոջ հետ Նոր տարին նշելիս:

 


Արտյոմը տան բակում մթնշաղին:

 

 


Արտյոմը` փոքր եղբոր հետ:

 


Արտյոմի պապը` թոռանը կերակրելիս:

 


Արտյոմը համակարգչի մոտ:

 


Արտյոմենց տան բակը` արդեն մթնելիս:

 

Արտյոմն իր տեսակով ակտիվիստ է: Օրինակ` կարողացել է հասնել նրան, որ գյուղի այն հատվածը, որ գազաֆիկացված չէ, գազ քաշվի, և դա արել է իշխանությանը գրված նամակների միջոցով` առանց փողոց փակելու` օգտագործելով իշխանական ուղղահայացը` որպես նպատակին հասնելու միջոց՝ կառավարություն – մարզպետարան – գյուղապետարան: Հիմա հոգում է այն մասին, որ կուրացած պապիկը վիրահատվի պետպատվերի շրջանակներում` որպես անապահով ընտանիքի ներկայացուցիչ:

Երբ Սպիտակում Արտյոմը իջավ մեքենայից, մեջս հարցեր առաջացան. ովքե՞ր են եզդիները, որտեղի՞ց են ծագում, ի՞նչ կրոն և ավանդույթներ ունեն, չէ՞ որ կողք կողքի ենք ապրում: Ասեմ, որ նախկինում էլ եմ առիթ ունեցել ինձ հարցեր ուղղելու` եզդիների ծագումնաբանության, ավանդույթների հետ կապված, բայց առաջին անգամն է, որ սկսեցի պատասխաններ գտնել: Իսկ դա նշանակում է, որ ֆոտոպատմությունս էլ կունենա շարունակություն:

Լավ է այն մարդը, որ հարցեր է առաջացնում։

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: