Տարիներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների ավելի հաճախ հնարավոր էր հանդիպել «Շրջանայինում»՝ Բժշկական համալսարանի մոտակայքում։ Հայաստանում բժշկական կրթությունը նրանց համար ավելի մատչելի է, իսկ Հնդկաստանում այն 2-3 անգամ թանկ է։
Բայց վերջին ամիսներին, Երևանի բոլոր անկյուններում ավելի հաճախ կարելի է հանդիպել հնդիկների։ Ի՞նչն է նրանց գրավում Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ են տեսնում այստեղ։
Հնդիկները Հայաստան գալիս են հիմնականում սովորելու, աշխատելու, սեփական բիզնես հիմնելու, համեմունքների և հնդկական ապրանքների խանութներ բացելու համար։ Ոմանց այցի նպատակն էլ մուտքի արտոնություն ստանալն է` այլ երկրներ մեկնելու համար:
Օրինակ, եթե նախկինում շատ քիչ կարելի էր հանդիպել հնդկական խոհանոցի, ապա այժմ ավելացել է հնդկական համ ու հոտով ռեստորանների թիվը։
Հնդիկների նկատմամբ հայերի ուշադրությունը բավական մեծացել է և, ցավոք, մեծամասամբ ոչ դրական առումով: Ինձ համար զարմանալի է նման արձագանքը` մեր երկրում ապաստան և աշխատանք փնտրողների նկատմամբ, քանի որ նույնանման կարգավիճակ մեր շատ հայրենակիցներ փնտրում են այլ երկրներում: Չէ՞ որ յուրաքանչյուր ազգ իր հետ բերում է իր մշակույթը, հետաքրքրությունները, որոնք էլ բազմազանությամբ են լցնում մեր շրջապատը:
Նրանց միջոցով իմանում ենք նաև մեր քաղաքի անհարմարությունների մասին. շատ օտարազգի զբոսաշրջիկներ, չտիրապետելով հայերենին, չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ երթուղու ուղղությունները միայն հայերեն լեզվով են նշված:
Շատ հնդիկներ հետ են գնում Հնդկաստան` մեծամասամբ լեզվի խնդրի պատճառով: Ոմանց էլ երկրում հեշտ կողմնորոշվելու հարցում օգնում են ավելի վաղ Հայաստան եկած իրենց հայրենակիցները։ Ի դեպ, նրանցից շատերը բացի անգլերենից, տիրապետում են նաև հայերենին:
Իմ կարծիքով` հնդիկներն ու այլ օտարազգիներ, Հայաստանում աշխատանք գտնելով, օրինակն են նրա, որ Հայաստանում հնարավոր է դա անել, և գուցե բոլորովին կարիքը չկա լքել հայրենիքը, հարազատներին և աշխատանք փնտրել աշխարհի այլ կետում:
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: