Երևան-Դիլիջան ճանապարհի թունելը բնության ինքնատիպ դարպաս է: Թունելից հետո երկաթբետոնին ու ավտոմքենաների խցանումներին սովոր մեր աչքերը շոյվում են կանաչի առատությունից. առջևում Հայաստանի թոքերն են` «Դիլիջան» ազգային պարկի անտառները:

Տարիներ առաջ մամուլում կարդացել էի մի հոդված, թե ինչպես են «Դիլիջան» ազգային պարկով զբոսնող տուրիստները հայտնաբերել հատված ծառեր, լուսանկարել և դիմել լրագրողների, բնապահպանների: Ապշած էի, քանի որ պատկերացում չունեի ազգային պարկի չափերի մասին, երևակայությունս զուգահեռներ էր անցկացնում, օրինակ, Գյումրու քաղաքային «Գորկի» այգու հետ, որը ծայրից-ծայր կանցնես 15 րոպեում:

 

 


Գետակ՝ անտառի սկզբում:

 


Մասնատված ծառ:

 

Իրականում «Դիլիջան» ազգային պարկը 24 ՀԱԶԱՐ  հեկտար տարածք է ընդգրկում` անտառներով, սարերով, ձորերով, լճերով, գյուղերով: Եվ այս կյանքը մսխվում է անտառը բիզնեսի անհատակ հոր դարձրած մարդկանց կողմից: Հատվում են առողջ ծառեր` որպես շինափայտ կամ վառելափայտ վաճառելու համար:

Ազգային պարկի սրտում Դիլիջանն է. կան գյուղեր, որոնք պարկի տարածքում են` Հաղարծինը, Հովքը, Թեղուտը, Խաչարձանը, Անտառամեջը, Գոշը և այլն: Հասարակ գյուղացու` տունը տաքացնելու համար պահանջվող վառելափայտ բնությունը տալիս է շռայլորեն: Ժամանակի, քամու, ձյան պատճառով կամ բնական այլ ազդակներից ծառը կարող է տապալվել և դառնալ չորուկ:

Անտառը հսկում են ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) անտառապահները: Այնուհանդերձ, անտառում նույնիսկ կարճ ժամանակ անցկացնելուց հետո կարելի է տեսնել հողի մեջ թաղված, «դռուժբայով» փռթած բազմաթիվ բներ:

 


  • Ներարկիչ, կաթոցիկ, բնական հյութի տուփ... հիվանդանոցային աղբ՝ անտառում:

 


Պարեկայինները հեռադիտակով զննում են անտառը:

 

 


Ահազանգի հետքերով. հանդիպում ենք մարդկանց, որ ընկած ծառը մասնատել էին «դռուժբայով», բայց ունեին «Դիլիջան» ազգային պարկի թույլտվությունը:

 


Անտառից գտած ավար. Նարինեն մտադիր է հավաքել զանազան կենդանիների գանգեր:

 

Բնության պահպանման կուռ մտադրությամբ մեկ տարի առաջ` 2018 թվականի փետրվարին, Դիլիջանում հիմնադրվել է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը: Այստեղ հավաքվել են ծանր և կարևոր աշխատանքի` ծառահատումների դեմ պայքարի պատրաստ երիտասարդներ: «Բնապահպանի տան» հիմքը գցել է Գոռ Հովհաննիսյանը, իսկ նախաձեռնությանը օժանդակում է  «Կովկասի բնության հիմնադրամը»: Ստեղծման առաջին օրից «Բնապահպանի տան» անդամ Հայկ Խառատյանը, Գոռ Հովհաննիսյանը և նրանց մյուս գաղափարակից ընկերները տանում են անտառապահպանման, կարելի է ասել, հեղափոխական աշխատելաոճ: Նրանք «Դիլիջան» ազգային պարկում սկսել են ամեն օր պտտվել լեռնային մոտոցիկլետներով: Ձմռան ամիսներին մոտոցիկլետներ չեն օգտագործում. շրջայցերը կամ ինչպես իրենք են ասում` «պատրուլը» իրականացնում են ոտքով: Անտառներով շրջում են 10-15 կիլոմետր, նկարահանում են թռչող տեսախցիկով, հեռադիտակով զննում են տարածքը, ֆիքսում են նոր հատված ծառերը: Մարդկանց թողած աղբն են հեռացնում, ինչպես նաև քարտեզագրում են տարածքը` նշելով հարմար քայլուղիները: Նրանց մասին շատ արագ միֆային պատմություններ են տարածվել Դիլիջանում և հարակից գյուղում: Երկարամորուք Հայկը, որ մշտապես բանդանա է կապում, ենթադրում է, որ գյուղերում փոքրիկ երեխաներին վախեցնում են իր կերպարով:

 


Հաղարծին գյուղից Միշա պապիկը տան համար փայտ է տանում անտառից: Բնապահպանները հաստատեցին, որ բնական եղանակով տապալված ծառի փայտ է:

 

 


«Բնապահպանի տունը»:

 

Մեդալի մյուս կողմում բազմաթիվ մտահոգ մարդիկ կան, որ գնահատում և վստահում են «Բնապահպանի տան» գործին: Գրեթե ամեն օր Հայկը կամ Գոռը ահազանգ են ստանում, որ անտառի այսինչ հատվածից «դռուժբայի» ձայն է գալիս: Վերջիններս էլ հնարավորինս արագ հասնում են դեպքի վայր և փաստագրում են կատարում, զանգահարում են ոստիկանություն և «Դիլիջան» ազգային պարկ: Հաճախ նրանց մոտոցիկլետների ձայնը լսելով՝ ծառագողերը փախչում են տարածքից:

«Բնապահպանի տանն» այս պահին աշխատում են Հայկ Խառատյանը (28 տ.), Աստղիկ Մխիթարյանը (28 տ.) և Նարինե Գրիգորյանը (22 տ.): Աղջիկները փետրվարի սկզբից են միացել նախաձեռնությանը և անտառաճանաչման փուլում են, նրանք նաև մոտոցիկլետ վարելու հմտություններ պետք է սովորեն: Հայկը Գյումրիից է, իսկ Աստղիկը և Նարինեն` Երևանից:

 


Աստղիկ Մխիթարյանը տան պատշգամբում:

 

 


Հայկը վերանորոգում է տան դռան բռնակը:

 


Աշխատանքային ժողով Հայկի սենյակում: «Բնապահպանի տան» հիմնադիրներից Գոռը ներկայացնում է առաջիկա ամիսների բյուջեն:

 


«Բնապահպանի տան» գարաժը. 3 հեծանիվ, 4 մոտոցիկլետ:

 

 


«Բնապահպանի տան» դարպասի մոտ: Նարինեն պատրաստվում է հեծանվավարժանքի:

 

Ծառահատումների քոքը տալու համար Հայկը մի քանի քայլ է առաջարկում.

  1. Տեղացիները պետք է ունենան այլընտրանքային աշխատանք, որպեսզի անտառը չդիտարկեն փող վաստակելու միակ միջոց: Այժմ միակ այլընտրանքը խոպանն է: Ինչո՞ւ չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել: Քանի որ տեղի գյուղերը կա´մ անտառին կպած են, կա´մ մաս են կազմում։ Գրեթե չկան վարելահողեր:
  2. Անտառի պահպանության համակարգը պետք է փոխվի: Անտառապահը չպետք է տեղացի լինի, 3-6 ամիսը մեկ պետք է փոխվի` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:
  3. Անտառապահը պետք է տեխնիկապես զինված լինի. ունենա ավտոմեքենա, GPS, ռադիոկապ, հեռադիտակ, դրոն, ինչպես նաև զենք` կիրառելու թույլտվությամբ:
  4. Միայն ազգային պարկի աշխատակիցները պետք է ունենան մեքենաներով տարածք մտնելու թույլտվություն: Անտառ մտնող բոլոր ավտոճանապարհները պետք է ունենան արգելափակոցներ:

Այժմ «Բնապահպանի տունը» ինքնաֆինասավորման ճանապարհին է: Դեռևս անցած տարվանից բացվել է տան երկրորդ հարկում գործող հյուրատունը, շուտով տան բակում բացվելու է նաեւ «Մառան» գինետունը: Երիտասարդները պատրաստվում են նաեւ սկսել մոտոցիկլետ վարելու դասընթացներ:

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: