1988-ի դեկտեմբերին «Սպիտակի ավերիչ երկրաշարժը» հարվածեց Հայաստանի հյուսիսային մասին, որտեղ առնվազն 25.000 մարդ զոհվեց, իսկ կես միլիոնը դարձավ անտուն: Մասնավորապես Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, զոհերի թիվը հասավ 15.000–17.000-ի:
Հայաստանը, որն այն ժամանակ Խորհրդային հանրապետություն էր, հսկայական տնտեսական կորուստներ կրեց այնպես, որ Միխայիլ Գորբաչովը ստիպված եղավ Միացյալ Նահանգներից մարդասիրական օգնություն խնդրել: Երկրաշարժից տուժածների համար ուղարկված անհրաժեշտ պարագաները գալիս էին մեծ բեռնարկղերով, որոնք էլ նրանց համար կացարանի հնարավորություն դարձան: Մարդիկ սկսեցին ապրել այդ բեռնարկղերում, որը համարվում էր ժամանակավոր լուծում, մինչեւ տներ կստանային՝ որպես Խորհրդային Միության վերականգնման ծրագիր: Բայց այս ծրագրի ֆինանսավորումը կանգ առավ 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ հազարավոր անտուն մարդիկ ժամանակին չապահովվեցին կեցության նորմալ պայմաններով:
2017-ին միայն Գյումրիում դեռ կան 4.000 ընտանիքներ, որ ապրում են այս բեռնարկղերում, որոնք հայտնի են «դոմիկ» անունով (ռուսերեն՝ տնակ) եւ մի քանի հազարավորներ էլ անբարենպաստ կացարանային պայմաններում՝ անսեյսմակայուն բնակարաներում, որոնք փլուզման վտանգի տակ են: Հայաստանում գործազրկության բարձր տոկոսի պատճառով՝ ընտանիքի կերակրողները սովորաբար ընտանիքին ապահովելու համար աշխատանք են ճարում Ռուսաստանում, բայց արտերկրում աշխատանքը չի կարող անվերջ շարունակվել, եւ աղքատությունը, շատ դեպքերում, մնում է անհաղթահարելի:
Անցած 29 տարիների ընթացքում այս դոմիկներից շատերը վերաձեւվել, վերակառուցվել եւ նույնիսկ ընդլայնվել են՝ բնակիչների կարիքներին համապատասխան, որտեղ մեծանում եւ շարունակում են ապրել տարբեր սերունդներ: Եւ չնայած հանգամանքներին ու ծանր պայմաններին, որոնց հետ պետք է հաշվի նստեն դրանց բնակիչները, նրանք կարողացել են ոչնչից տուն սարքել՝ համեմելով այն այնպիսի հյուրընկալությամբ, որը համեմատությունից դուրս է, եւ որով ընդունում ու նեցուկ են կանգնում միմյանց՝ տարսնամյակներ ի վեր եւ դեռ գալիք օրերի համար: