3 տարեկան տղաս մի քանի օր պատմում էր, մանկապարտեզում իրենց խմբի նորեկ սևամորթ տղայի մասին:
-Ալվինի երեսը սև է, ձեռքերը դրսից սև են իսկ ներսից՝ սպիտակ: Նրա մամայի երեսն ու ձեռքերն էլ են սև, – միշտ նույն զարմանքով կրկնում էր նա:
Ալվինի Մայրը`Լամաղանան Հայաստանում է ապրում արդեն 8 տարի: 21 տարեկանում Հայաստան է եկել Գվինեայից: Թե ինչու և ինչպես է Լամաղանան հասել Հայաստան, խոստովանում է, որ ամբողջ ճշմարտությունը չի կարող վերարտադրել, քանի որ դա շատ ծանր է իր համար: Հայերենով դժվարությամբ նկարագրում է.
– Ես Հայաստան եմ հասել կոնֆլիկտի պատճառով, իսկ Հայաստանի մասին իմացել եմ հայ պրոֆեսորից, ով դասավանդում էր Գվինեայի համալսարաններից մեկում: Սկզբնական շրջանում բնակվում էի Եղեգնաձորում, տարիներ անց տեղափոխվեցի Երևան:
Աֆրիկացի ամուսնուն հանդիպել է Հայաստանում: Ամուսնացել են աֆրիկյան ավանդույթի համաձայն՝ երկու ընտանիքների տարեց անդամների համաձայնությունից հետո միայն: Արդի տեխնոլոգիաների միջոցով է դա կազմակերպվել:
Մանկապարտեզի միջանցքներում ու փողոցում, երբեմն հանդիպում եմ Լամաղանային: ժտադեմ մայրն ու որդին երևանյան փողոց ու բակերում հոլիվուդյան աստղերի չափ հետաքրքրություն են ներկայացնում մարդկանց համար:
– Ես Հայաստանում ինձ ապահով եմ զգում,- ասում է, – հանգիստ երկիր է, մարդիկ ինձ ընդունում են ու սիրում:
-Տարբեր լինելն իր դժվարություններն էլ ունի, բայց ես դրա առավելություններից էլ եմ օգտվում: Ինձ մարդիկ հիշում են, մշտապես ուշադրության կենտրոնում եմ: Հայերին ու Հայաստանը սիրում եմ, դա է նաև հասարակության կողմից իմ ընդունված լինելու գաղտնիքը, – ասում է Լամաղանան ու մեղմ ժպտում:
Հակամարտություններն ու հալածանքները, աշխարհի տարբեր անկյուններում պատճառ են դառնում մարդկանց բռնի տեղահանման:
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվայալների, այսօր աշխարհում ամեն րոպե միջին հաշվով 24 մարդ է տեղահանվում:
Հայաստանում 1992թ.-ից սկսած 3 խոշոր ներգաղթ է եղել` Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից: Ներգաղթյալները հիմնականում էթնիկ հայեր են:
Սակայն Հայաստանը ընդունում է նաև օտարազգի փախստականների` տեղահանված Արևելյան Ուկրաինայից, Իրաքից, Իրանից ինչպես նաև փոքր թվով փախստականների Աֆրիկայից ու Ասիական երկրներից: Նրանց թիվը շուրջ 1000 է: