Ստեղծել մեխանիզմ, որն ինքը կթելադրի պատկերի բովանդակությունը։ Սա այն շարժառիթն էր, որ ինձ դրդեց երկրորդ տեսախցիկը տալ Քրիստինեի ձեռքը։ Ես առաջարկեցի Քրիստինեին նկարել իր աշխարհը ներսից․ այնպես, ինչպես կա։ Այնպես՝ ինչպես կուզեր լինի։ Նկարել իր երազանքները։ Այն, ինչ իրեն ոգեւորում է, ապրեցնում։ Տեսախցիկը դարձնել ինքն իրեն ուսումնասիրելու գործիք եւ պատմել իր մասին առաջին դեմքից։ Քրիստինեն դարձավ այս պատմության ոչ միայն հերոսը, այլ նաեւ համահեղինակը։ Իմ տեսախցիկը… Մենք դարձանք հետազոտող։ Լուսանկարը դարձավ երկխոսելու միջոց։ Սա մի պրոցես էր, որի վերջնակետն անհայտ էր երկուսիս համար էլ։ Նոր փորձառություն թե իմ, թե Քրիստինեի համար, որն անցանք երկուսով։

 

Քրիստինեն Քրիստինեի մասին

 


Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցում․ Աշխարհգալոց։

 

 

Ես չեմ հավատացել, հակառակը՝ չհավատալը մի քիչ մեղմ է ասած, միշտ դժգոհ, բողոքող եմ եղել։ Նամակներ էի գրում, հասցե չկար, բայց Աստծուն էր ուղղված, անընդհատ բողոքներ, դժգոհում էի, հարցեր էի տալիս։ Պահանջներ չէի ներկայացնում, հակառակը` միշտ գրում էի, որ ինձ ոչ մի բան պետք չի, ես ուրիշների նման չեմ խնդրում։ Քրիստոնեությունն ինձ համար դարձել էր բողոքելու մի տեղ։ Ինձ թվում էր` կա մի բան, բայց ումից ես պիտի դժգոհեմ։ Հատկապես, երբ հավաքվում էին, խոսում` Աստված մեկին սա էր տվել, մյուսին՝ նա, ու ես այդ օրը անպայման դժգոհ էի լինում, բա ինչի՞ ինձ ոչ մի բան չի տվել։ Հետո երեւի 24-25 տարեկան էի, ասեցին հոգեւոր բնույթի ճամբար կգնաք, կհանգստանաք, ու հենց այդ ժամանակ հասկացա, որ հավատքը ձեռք չես բերում։ Հենց այդ ըմբոստանալն էլ հավատից է գալիս, այսինքն սպասելիքներ ունեի… Դրանից հետո, երբ կարդում էի նամակները, մի քիչ ծիծաղս գալիս էր, մի քիչ հիանում էի ինձանով, որ դեռ այն ժամանակ ունեցել եմ այդ մենախոսությունը։ Հիմա շատ գոհ եմ այն մի օրվա համար իմ կյանքում, որ մտել եմ եկեղեցի ու դուրս չեմ եկել։

 

 


Մասիսն ինձ միշտ ոգեշնչում է, իսկ նրա ժամանակավոր «բացակայությունը»՝ ճնշում։

 


Չորացած հիրիկներ հորեղբորս աղջկա՝ Հասմիկի սեղանին։

 

 


Հասմիկի կյանքի իմաստը՝ Տավրոս պարային համույթ։

 

Արդեն մոտ 2 տարի է, ինչ գյուղի ավագանու ծառայության մեջ եմ։ Շփման հարցում ոչ մի բան չի փոխվել, գյուղացիների մոտ ավելի մեծ վստահություն կա իմ հանդեպ։ Այս ընթացքում իմ առաջարկներով, բայց, իհարկե, գյուղապետի աջակցությամբ` մենք արդեն մեր պարի խումբն ունենք՝ «Կյուրին» պարային համույթը՝ բավականին մեծ, կայացած: Էլի իմ առաջարկով եւ գյուղապետի աջակցությամբ` ունենք մեր ֆուտբոլային ակումբը՝ համազգեստով, գյուղի լոգոյով։ Ունեինք դհոլի խմբակ, հիմա ունենք նաեւ նկարչական խմբակ։ Գոհ եմ իմ ծառայությունից գյուղում, ուրախ եմ, որ գյուղացիները նույնիսկ այն մանր հարցերում, որ ընդհանրապես չի մտնում ավագանու ֆունկցիաների մեջ, որոշում են, որ ինձ պետք է դիմեն: Օրինակ` ինչպես իրենց տան ինտերնետը քաշեն, կամ ինչու ջուր չկա, որը ընդհանրապես կապ չունի գյուղապետարանի հետ։

 

 


Նարեկի նվերը, որ միշտ հետս է։

 

Սիրել եմ ավելի մեծ տարիքում։ Ասեմ՝ սիրել եմ, չվախենամ դրանից, բայց երեւի ամենամեծ դասը այդ ժամանակ եմ ստացել։ Առաջին անգամ որոշեցի դուրս գալ իմ աշխարհից, դուրս եկա ու հասկացա, որ սխալ արեցի։ Ինչի՞, որովհետեւ դուրս գալով` փակեցի դուռը ու վերադառնալ չկարողացա։ Հավատացի, դուրս եկա ու հասկացա, որ սխալվեցի։ Ես` որպես հասուն մարդ, սիրո մասին այդքան կարդացած, գիտակից, սխալվեցի, բայց չեմ փոշմանում իմ սիրո համար, իմ արած ոչ մի բանի համար, ու երջանիկ եմ, որ ես էլ սիրել գիտեի, ես էլ եմ ինձ սիրված զգացել, կին եմ զգացել։ Չեմ փոշմանել ոչ մի բանի համար։ Այն, ինչին վստահ էի, որ պետք չէր սպասել, սպասեցի ու հիասթափվեցի․․․

 

 


Նոր Կյուրինի դպրոցում, Վերջին զանգ, վերջին իմ հեքիաթ։

Լուսանկարները` Քրիստինե Սահակյանի:

 

Սոնան Քրիստինեի մասին 

 

Քրիստինե Սահակյանը Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ավագանու անդամ է։ Մարմարաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցու Մասիս երիտասարդաց միության փոխատենապետը: Կրթությամբ ու տեսակով մանկավարժ, ով սովորեցնում է երեխաներին սեփական օրինակով՝ դառնալով նախ նրանց ընկերն, ապա նոր ուսուցիչը։ Քրիստինեին նկարելու ցանկությունն առաջացավ նրա հետ շփվելու ընթացքում, ես ուզեցի պատմել նրա ուժեղ ու փխրուն տեսակի մասին։ Երկուսով մենք ստեղծեցինք մեկ դիմանկար։

Երբ հիվանդանոցում նկարահանման 2-րդ օրը, Քրիստինեն հանեց վերնազգեստն ու թույլ տվեց իրեն լուսանկարել, թվաց՝ սրանից առավել մոտ անհնար է լինել, մեր միջեւ սահմաններ էլ չկան։ Գյուղում արդեն Քրիստինեն ինձ թույլ չտվեց լուսանկարել որոշ անձնական իրեր՝ նամակներ, զգեստներ, միակ մանկական լուսանկարը։ Այդ ամենը նկարեց ինքը։ Դա իր անձնական տարածքն էր, որի մասին ուզում էր պատմել հենց ինքը։

 

 

 

 

 

 

Նյութական ոչ մի բանի մասին չեմ երազել։ Մանկությունս հիվանդանոցներում է անցել, նայում էի սիրուն բուժքույրերին ու երազում էի՝ ես էլ իրենց նման սիրուն բուժքույր լինեմ։ Ալլա էր անունը, ու ես, չգիտեմ ինչի, իրան էի սիրահարված, քորոց էի գտնում, տանում իրան էի նվիրում։ Երբ արդեն դեռահաս էի, այդ ժամանակ արդեն հստակ երազանք ունեի, որ դառնալու եմ բժիշկ, իմ հիվանդանոցն եմ ունենալու։ Այդ երազանքները փշրվեցին հանգիստ, փշրեց հանգիստ… Գնացել էինք հիվանդանոց բժշկի, երեւի առաջին գիտակից հիշողությունս էր բժշկի մասին, իր սենյակում ինքը էնպես էր խոսում, որ այդ օրը դուրս եկա ու հասկացա, եթե ես պիտի դառնամ բժիշկ ու սենց խոսեմ, ավելի լավ է երբեք չդառնամ, այդ խալաթը չհագնեմ։ Ու դադարեց իմ հիշողությունը: Իմ հիվանդանոցը կորավ, լույսերն անջատվեցին հիվանդանոցի, ու այլեւս ոչ մի բան չէի ուզում դառնալ։

 

 

Ես չգիտեի մեր էքսպերիմենտն արդյոք կհաջողվի՞, երկխոսություն տեղի կունենա՞, թե՞ ոչ, կարեւորը միմյանց ընդառաջ գնալն էր։ Վերջում արդեն, երբ խնդրեցի Քրիստինեին կիսվել իր փորձառությամբ, անկեղծացավ, որ նկարելու առաջարկս սրտովը չէր, հատկապես որ չի սիրում նկարել ու նկարվել։ Մի բան, որ ինքս էլ նկատել էի։ Ընթացքում սկսեցի նկատել, թե ինչպես տեսախցիկը դարձավ Քրիստինեի մտքի, սրտի ու ձեռքի շարունակությունը։

 

 


Լուսանկարները` Սոնա Ադամյանի

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: