Գյուղերում ապրող աղջիկների համար մի ճակատագիր է պահված, որ փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ՝ վաղ տարիքում ամուսնանալ և… ամուսնուն խոպան ճանապարհել։
Սա հերթական պատմությունն է բազմազավակ, աղքատ և խոպանը՝ որպես կյանքի միակ ճանապարհ ընկալող ընտանիքի մասին, որոնցից կա Հայաստանի ցանկացած անկյունում՝ նման ու տարբեր։
37-ամյա Սահակյան Տաթևը ամուսնացել է 15 տարեկանում և ունեցել ութ երեխա՝ հինգ աղջիկ և երեք տղա: (Մեկը՝ Ռուբինան, բժիշկների անփութության պատճառով մահացել է։) Երբ գալիս է գարունը, Տաթևը մենակ է մնում իր երեխաների հետ, քանի որ գյուղի տղամարդիկ դատապարտված են խոպան մեկնելու: Տաթևի համար դա ոչ նորություն է, ոչ էլ զարմանալի բան՝ իր հայրն էլ էր այդպես անում, ամուսինն էլ պիտի տնից հեռու ընտանիքի հոգսը տեսնի, աղջկա ամուսինն էլ։ Իսկ գարունը տարվա այն շրջանն է, երբ գալիս է հողը մշակելու ժամանակը: Ու մինչ տղամարդիկ գնում են օտար երկրների հողը մշակելու, հայրենի գյուղը մնում է կանանց ուսերին։ Կանանց համար դժվար է, այո, բայց այս ընտանիքում փրկություն է դառնում երեխաների համերաշխությունը՝ թե խաղերում, թե մորն օգնելիս: Երեք տարեկան Նարեկը հավերով է զբաղվում, մեծ որդին՝ Ասատուրը, խոզերին կերակրում, իսկ աղջիկները հողը մաքրում են մոլախոտերից: Տաթևի մեծ աղջիկը՝ 19-ամյա Հեղինեն, արդեն ամուսնացել է և բալիկ ունի: Նրա ամուսինն էլ է ստիպված խոպան մեկնում, եւ ընտանիքը մնում է դեռ կյանք չտեսած աղջկա հոգածությանը: Ազատ պահերին հաջողացնում է քսան րոպեով փախչել ու գալ հայրական (թե՞ մայրական) տուն:
Տաթևը կարողանում է ղեկավարել իր մեծ ընտանիքը, նա այն կանանցից է, որ ամեն բան՝ լինի դա փոքրիկի խաղալիքը, թե տան տանիքը, իր ձեռքերով է վերանորոգում: Բայց, միևնույն է, ինչքան էլ Տաթևը փորձի փակել ամուսնու բացակայությունը, միշտ էլ ընտանիքում մի բաց մնում է: «Եվ այն, ինչ երեխաները հորը կվստահեն և կասեն, մանավանդ մեծ տղաս, ինձ երբեք չեն ասի»,- պատմում է Տաթևը։
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: