Աբովյան քաղաքի՝ նախկինում ինֆեկցիոն հիվանդանոցին պատկանող շենքերից մեկում բնակություն են հաստատել խնամքի կարիք ունեցող երեսունվեց մարդիկ։ Միհարկանի շենքի երկար միջանցքի սենյակներից ամեն մեկում բնակվում են չորս հոգի։ Փորձել են այնպես անել, որ հարեւանները իրար հետ կիսելու բան ունենան ու լեզու գտնեն։ Երկար միջանցքով դեսուդեն են գնում-գալիս «Նարեկի» բնակիչները։ Շենքի հարեւանությամբ դիահերձարանն է։ Բնակիչներն արդեն սովորել են դրա ներկայությանը։ Ամենավերջին սենյակի բնակչուհի տեխնիկական գիտությունների թեկնածու թիֆլիսեցի Կարախանյան Ալլան իր պատուհանը փակել է ստվարաթղթերով, որպեսզի դիահերձարանի շենքը չերեւա։
«1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ ես գնացի Կիրովական, չորս երեխա բերեցի այնտեղից»,- պատմում է Շողիկ Միքայելյանը, ով ամուսնու՝ Ֆրիդոնի հետ 1999թ.-ին հիմնել է «Նարեկ» ոչ պետական տուն-ինտերնատը։ «Այդ երեխաների հայրն ու մայրը բաժանված էին, մայրը գնացել էր արտագնա աշխատանքի, երեխաները մնացել էին անտեր։ Շենքի մոտ խարույկ էին վառել, պարում էին։ Որ իմացա չորսը մի ընտանիքից են, մտածեցի` տանեմ, ժամանակավոր պահեմ, մինչեւ ծնողները հայտնվեն։ Համաձայնվեցին։ Բերեցի Աբովյան, փոքրիկին տվեցի մանկապարտեզ, մյուսներին տեղավորեցի դպրոցում, սկսեցին սովորել։ Իհարկե լավ չէին սովորում, զգացվում էր, որ հետեւողական ծնողներ չեն ունեցել։
Լենինականից էլ մի ընտանիք բերեցինք, մեզ հետ պահեցինք, երկու տարի անց նրանց պետությունը տեղավորեց։ Դրանից հետո աղջիկներս շուկայում ընկած մի տատիկ գտան, տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում հարցնում էին, թե տերն ով է, զանգեցին ինձ, թե՝ մամա արի, մեզ օգնի։ Գնացի, մտա գլխավորի մոտ, ասացի, որ պատրաստ եմ օգնելու, բուժեք տատիկին։ Տասը օր անց դուրս գրեցին, տարանք իր տուն։ Երկրորդ ամուսնու տունն էր, ուներ երեխաներ։ Երեխաները կռվում էին, որ ինքը դուրս գա, տունը վաճառեն։ Օրը երեք անգամ գնում էինք էդ տատիկին խնամելու։ Վազում էի հանրակացարան, վարձով բնակարաններ՝ անապահով մարդկանց մոտ, որ կարողանանք օգնել, խնամել։ Տեսանք, որ մարդիկ շատացան, միտք հղացավ ծերանոց բացել, հինգ տարի վարձով պահեցինք, տուն էինք վարձել, հարյուր դոլար էինք վճարում, որ այդ ծերերին խնամենք։ Հետո մեզ էս շենքը տվեցին»։
Ծերանոցն իր փոքրիկ տնտեսությունն ունի՝ կովն իր հորթուկով, հավն իր ճտերով, շները, ապակյա տարայի մեջ բնակվող կրիաները հարստացնում են ծերանոցի առօրյան։ Ոմանք նաեւ օգնում են մշակել դիմացի այգին, բերք հավաքել։ Տուն-ինտերնատում կոմպոտ են պատրաստում ձմեռվա համար, թթու են դնում։ Ինչպես Շողիկ Միքայելյանն է նշում՝ սնունդից չեն դժգոհում, հասցնում են։ Միակ խնդիրը տարածքն է։ Ավելի մեծ տարածք ունենալու դեպքում ավելի շատ մարդկանց կարող են ընդունել։ Իսկ սպասման ցուցակը բավական երկար է։ Ծերանոցի հենց դիմաց պոլիկլինիկայի լքված, ավերակ երկհարկանի շենքն է, որ չի օգտագործվում տարիներ ի վեր։
Հիմնադրման օրվանից սկսած երեք հարյուր յոթանասուներկու մարդու են խնամել «Նարեկում», մի մասը մահացել է, մի մասի հարազատները հայտնվել ու տարել են։
Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: