Երեխա, occupational, խոզանակ, աուտիզմ, հայելի, Գայանե, ադապտացիա, ինտեգրացիա, noomee, վիրտուալ, ծնող, վարունգ… Ցրված խճանկարի պես ամեն ինչ պտտվում է տարածության մեջ, անորոշության մեջ, իմ շուրջը: Այս ամենից ես ոչինչ չեմ հասկանում, հարցերս պատասխաններ չունեն. ո՞վ եմ ես հիմա, ի՞նչ ապրումներ ունեմ… Ինտուիցիաս հապաղում է այնպես, ինչպես արտասովոր սեղանի մոտ նստած երեխայի շարժումները: Միտքս շեղվում է, մենախոսում եմ, ի՞նչ է ինտուիցիան. – Ներըմբռնում, փորձի հիման վրա բնազդային զգացում, որ ներշնչում է բանի ըմբռնում, կռահում: Երբ լուսանկարում եմ, ինտուիցիան տարերային գործընթացի պես սկսում է աշխատել: Հիմա՝ սպիտակ էջին հանդիպելով, չի աշխատում, լռում է:  

 

 


Նկարները նպաստում են առօրյա գործողությունները սովորելուն, իսկ շպիլկաներ աշխատեցնելը՝ զարգացնում մանր մոտորիկան:

 

 

Առաջինը, ինչ կարողանում եմ նկատել Գայանեի՝ երեխայի հետ աշխատանքի ընթացքում, վերբալ շփումից զատ, մարմինների երկխոսությունն է. մարդը՝ մարդու հետ, ձեռքը՝ ձեռքի հետ, իմ տարածքը՝ քո տարածքի հետ: Անընդհատ մոտեցող, հատվող և հեռացող հեռավորություն, ու փոքրիկ դնչից կախված չկառավարվող թքի կաթոցը այդ ձգողության մեջ:

 

 

Տակտիլ շփումը և գերզգայուն և թերզգայուն խնդիրներով երեխաների հետ օգնում է զարգացնել զգայական հմտությունները:.

 

 


Փրփուրը բազմաթիվ միջոցներից մեկն է, որը ծառայում է զգայական իմպուլս հաղորդելուն տեսողությանը, հոտառությանը և շոշափելիքին:

 

 

 

Գունավոր գծով քայլելը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, հավասարակշռության, կոորդինացիայի և խոշոր շարժումների զարգացմանը: Ռետինե կարպետի մեջ փաթաթվելը գերզգայուն երեխայի դեպքում օգնում է զգայական շեմի իջեցմանը:

 

 

Ես նորից անհաղորդ եմ, արդեն երրորդ օրն է, թափառում եմ կենտրոնի միջանցքներում, միտքս համառում է իր կանգառներում. պատմել` ինչ է էրգոթերապիան կամ այն միջոցառումների համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքով մարդուն ներգրավվել կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներին՝ սկսած վարունգ մաքրելուց, մինչև կոշիկի ճիտքը կապելը: Կամ ինչ է ինքնուրույնությունը սեփական առօրյայում մարդու համար, ով զուրկ է դրանից: Քո իսկ գլուխը սեփական ձեռքով քորելը մեծ շռայլություն է, որը մենք շատ հաճախ չենք գնահատում: Կամ թե ինչ է աուտիզմը, սոցիալական հարմարվողականությունը նրա համար, ով կդժվարանա նայել այդ սոցիումից իրեն նայող որևէ մեկի աչքերին՝ բարևի կամ հրաժեշտի ժամանակ: Ինչ է կրթության առանձնահատուկ կարիքը, ինտեգրացիան այս մարդկանց համար… Հասկացություններ, որոնք ավելի հմտորեն կսահմանի յուրաքանչյուր մասնագիտացված կայք: Ապրել այս տարածությունը, որտեղ հարմարումը համազոր է՝ կամ ես, կամ դու… Որտեղ սենյակի հայելու նման հնարավոր է դառնում արտացոլել կամ ադապտացնել այս տարածությունը՝ դիստանցիան իմ ու քո միջև, նրա ու մյուսի միջև:  

 

 


Էրգոթերապիայի ժամանակ անդադար շփումը բաղկացուցիչ տարրերից մեկն է` մարմնի ինքնաճանաչման, զգայական շեմի ադապտացման, ֆիզիկական և կոգնիտիվ հմտությունների զարգացման համար:

 

 

Հ.Գ. Պատմություն այն մասին, թե ինչու գանգուր մազերով կամ գանգուր մտքով մի         թերապևտ որոշեց ստեղծել վիրտուալ կամրջակ հատուկ կարիքով մարդկանց համար, որը կօգնի նրանց հարմարեցնել միջավայրային պայմանները ու հարթել գանգուր կենցաղն ու առօրյան:

 

Գայանե` էրգոթերապիստ, աշխատում է Լուսե կենտրոնում, Noomee ծրագրի հեղինակ: 

Noomee` մոբայլ հավելված, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել առօրյա հմտությունները և դառնալ ինքնուրույն:

          – Ինչո՞ւ հենց noomee։ 

          – Հավելվածն օգնում է ավելի շատ երեխաների հետ աշխատել՝ մի շարք նյութերի ավտոմատացման և մատուցվող ծառայություններն ընդլայնելու հնարավորության շնորհիվ։ Մենք կարծում ենք, որ մեր հավելվածի միջոցով երեխան ձեռք է բերում նոր ու կարևոր հմտություններ, օգնում է զարգացնել երեխայի մոտ «նոր ես»-ը։ Այդ իսկ պատճառով որոշել ենք անվանել այն noomee, ինչը համարժեք է երեխայի շուրթերով արտաբերված «new me» արտահայտությանը։

 

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: