Կենդանիների օգնությամբ «Կենտավր» թերապիայի կենտրոնը, որ գտնվում է Երևանից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Արագածոտնի մարզի Ուշի համայնքում,  հիմնվել է 2008 թվականին: «Կենտավրն» իր տեսակով առաջին ու միակ  կենտրոնն է Հայաստանում, ուր ապրում է 6 ձի, 33 շուն, 4 կատու ու կրիա: Կենտրոնի բոլոր կենդանիները փրկված են փողոցից, անպատասխանատու տերերից կամ սպանդանոցից ու հիմա ապրում են երջանիկ ու ապահով միջավայրում: Սկզբում օգնում են վերականգնել կենդանիների հոգեկան և ֆիզիկական առողջությունը, իսկ հետո նույն հարցում կենդանիներն են օգնում մարդկանց:

Մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, սկոլիոզ, Դաունի և այլ համախտանիշներ, մտավոր հետամնացություն… Սա  ձիու օգնությամբ լուծվող խնդրիների ոչ ամբողջական ցանկն է:

 


Հասմիկն իր տունը Կենտավրն է համարում: Նա իր հարմարավետ քաղաքային կյանքը 9 տարի առաջ փոխեց գյուղական դժվարությունների և հսկայական հոգսերի հետ` ի պատասխան ստանալով կենդանիների սերն ու բարի գործ անելու բավականությունը:

 


Կենտրոնը ձիերի համար խոտը գնում է գյուղացիներից: Ամեն օր ծախսվում է մոտ 6000 դրամ` (13 դոլար) Կենտավրի ձիերին կերակրելու համար:

 


Իննամյա Արամն արդեն մի քանի տարի է կիրակի օրերը անցկացնում է Կենտավրում, ստանում է համապատասխան թերապևտիկ օգնություն` ձիերի և շների օգնությամբ:

 


Կենտրոնի հոգսերը քիչ չեն: Ֆյոդորը փորձում է հանգստանալ առօրյա աշխատանքից հետո:

 


Կենտրոնի երեսուներեք շներին կերակրելու համար օրական գրեթէ քսան կգ բրնձով միս է եփվում:

 


Չորսամյա Էբբին արդեն երեք տարի է ապրում է Կենտավրում: Իր տարեց տիրոջ մահից հետո, ցավոք, այլ խնամակալ Էբբիի համար չի գտնվել: Կենտավր կենտրոնը հնարավորություն է տալիս նաև որդեգրել շներին` գտնվելով նույնիսկ արտասահմանում: Եթե չկա տանը պահելու հնարավորություն, խնամակալը կարող է ցանկացած ժամանակ գալ կենտրոն, շփվել իր փոքրիկ ընկերոջ հետ: Մեկ շան լիարժեք խնամքի համար հարկավոր է ամսական տասնինը դոլար:

 


Աննան արդեն շուրջ վեց տարի է Հասմիկի հետ կիսում է Կենտավրի հոգսերը: Նա ունի աշխատանք Երևանում, սակայն կարողանում է համատեղել կյանքը Կենտավրում և երևանյան աշխատանքը, որի եկամուտի մեծ մասը ուղղում է կենտրոնի պահպանմանը: Աննան շատ ծանր գործեր է վերցնում իր ուսերին, աշխատում է տղամարդուն հավասար և երբեք չի դժգոհում իր կատարած աշխատանքից: Ինչպես բոլոր անդամները` սիրով է հոգ տանում կենտրոնի մասին:

 


Չորսամյա Գոռը թերապիայից հետո ուղեկցում է Ֆեբուսին ձիանոց: Գոռն ունի խոսքի զարգացման խափանում:

 


Գոլդենը կատարակտ ունի, որն արդեն շատ ուշացած է վիրահատելու համար: Ցավոք, Հայաստանում չկա հետվիրահատական բացարձակ ստերիլ պայմաններ ապահովելու հնարավորություն, քանի որ չկա համապատասխան կլինիկա:

 


Հասմիկը և կենտրոնի մյուս կամավորները հետևում են ազատության մեջ եղած կենդանիներին, որպեսզի նրանք դուրս չգան տարածքից, որը ցանկապատված չէ: Սա կենտրոնի հիմնական խնդիրներից է: Մի քանի ամիս առաջ շներից չորսը, հարևան տարածքների ծառերի ու ցորենի պաշտպանության համար շաղ տված մկնդեղից լուրջ խնդիրների առաջ են հայտնվել: Հաջողվել է փրկել միայն երկուսին:

 


Հասմիկը սանրում է Ֆեբուսին: Ֆեբուսը Կենտավրի վեց ձիերից մեկն է, որը հիմնականում իր վրա է վերցնում երեխաների հետ անցկացվող թերապիայի պատասխանատվությունը: Ամեն ձի չէ, որ ընդունակ է թերապիայի, իսկ Ֆեբուսը դա անում է մեծ հոգատարությամբ:

 


Կենտավրում գրեթե բոլոր շները հաշտ են ապրում կատուների հետ:

 


Կենտավրում հանգստյան օրեր չկան: Կենդանիներին հարկավոր է ամենօրյա խնամք. կերակրել, ջուր տալ, մաքրել կենդանիներին և նրանց շրջապատող ներսի և դրսի տարածքները, ուտելիք գնել և պատրաստել, և շատ այլ հոգսեր:

 


Ֆյոդորը Ֆեբուսին պատրաստում է երեխաների հետ թերապիայի: Ֆյոդորն արդեն մեկ տարուց ավել է, ինչ շրջագայում է տարբեր երկրներով ընկերուհու` Ուլյանայի հետ: Իրենց ընտրած երկիրը, ուր ամենաերկար ժամանկն են անցկացրել, Հայաստանն է: 2017 թ. մայիս ամսից հյուրընկալում են Կենտավրին և արդեն դարձել են կենտրոնի լիիրավ անդամները:

 


ՀՕՖ-ի երեխաներն անհամբեր սպասում են Կենտավրի Միկի Մուկ շանը:

 


Կենտրոնը կազմակերպում է նաև արտագնա թերապիաներ, մանկական կենտրոններ: Այժմ համագործակցում է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հետ: Շաբաթը մեկ օր կենտրոնի երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու իրենց այցելող երեք շների հետ:

 


Հասմիկը Շլյախտիչին պատրաստում է երեխաների հետ պտույտի: Կենտավրում կարելի է նաև երեխաների համար հաճելի ժամանց կազմակերպել. շփվել շների, կատուների և ձիերի հետ` քաղաքի աղմուկից և աղտոտված օդից զատ:

 


Կենտավրի համերաշխ ընտանիքը:

 

Շների հետ շփումը զարգացնում է պատասխանատվություն, փոխօգնության պատրաստակամություն, սոցիալիզացում, նպաստում է մանր մոտորիկայի բարելավմանը:

Կենտավրն իրականացնում է ‘Proud parent’ նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուրն իր համար կարող է կենդանի ընտրել կացարանից և մեկ տարով հովանավորել նրան՝ դառնալով կենդանու «որդեգրող ծնողը»:

Կենտավրում թերապիան հիմնականում անվճար է: Կենտրոնի հիմնական գործունեությունն ուղղված է գյուղական համայնքների անապահով ընտանիքների երեխաներին  օգնելուն, ովքեր սովորաբար չեն ստանում ոչ մի այլ թերապիա:

Ինչպես օգնել

Կենդանիների այսպիսի քանակ և առհասարակ նման կենտրոն պահելը հեշտ չէ, քանի որ կենտրոնը չունի մշտական հովանավորներ ու պետական աջակցություն:

Կան լուծելու մի շարք խնդիրներ, դրանցից ամենակարևորներն են`

ա. թերապևտիկ կենդանիների ամենօրյա սնունդն ու բժշկական ծախսերը
բ. Կենտրոն տանող ճանապարհի վերանորոգումն ու տարածքի ցանկապատումը: Այժմ այն ամբողջությամբ բաց է, և շները հեշտությամբ կարող են դուրս գալ տարածքից:

«Կենտավր» կենտրոնին կարող եք օգնել հետևյալ հաշվեհամարով `
Transfer: CJSC "INECOBANK"
Beneficiary's Account: 2050622016401001
Centaur Association of Hippotherapy and Equestrian Sports
Email: hasmik.centaur@gmail.com