Հայաստանի 2018-ի հեղափոխությունը հաճախ ողջունվել է` որպես երկրի երիտասարդության շնորհիվ գրանցված հաղթանակ: Ուսանողներն էին, դեռահասները եւ երիտասարդ ձախ ակտիվիստները, որոնցից շատերը պատրաստված էին ավելի վաղ շրջանի սոցիալական շարժումներում, որ կանգնեցին ապրիլ-մայիսի խաղաղ ցույցերի առաջնագծում, ինչն էլ ծնկի բերեց հին ռեժիմին: Սա, հստակորեն, սերնդափոխության ցուցիչ էր, որը նախանշելու էր երկրի ուղղությունը` ավելի ապագայամետ առաջնորդության ներքո:
Այնուամենայնիվ, այնպիսի մի հասարակության մեջ, որը մեծապես հենվում է խորն ավանդական արժեհամակարգի վրա, Հայաստանի երիտասարդության ձայնն ու ապագայի տեսլականը բախվում են մեծ դիմադրության: Դեռահասներին եւ երիտասարդներին վերաբերող հարցերը հիմնականում դիտարկվում են որպես մեծերի եւ կառավարական մարմինների լուծելիք խնդիրներ` շատ քիչ ներդրումով հենց երիտասարդության իսկ կողմից: Հանրային, կրոնական եւ սոցիալական համակարգերի խիստ բարոյական եւ վարքագծային նորմերը տեսնվում են որպես տեւական հասարակական ինտեգրացիայի եւ ձեռքբերումների նախադրյալ: Այս պատկերի ֆոնին` անկախության հարցերը, անհատական ցանկությունների հետապնդումը եւ տարբերությունների բարձրաձայնումը հաճախ դատապարտվում են` որպես օրինազանցություն, որին հետեւում է լուսանցքայնացումը եւ (հատկապես կանանց դեպքում) բռնությունը:
UNDP-ի վերջերս կատարած հարցումը ցույց է տալիս, որ երկրի երիտասարդության անհանգստացնող չափերի հասնող 79 տոկոսը երազում է տեղափոխվել արտասահման. սա փաստ է, որ ի հայտ է գալիս որպես մեծ անկանկալ ներկա համատեքստում: Սա կապված է ոչ միայն կրթական հնարավորությունների պակասի, ֆինանսական կայուն ապագայի խոստման եւ Հայաստանի անկայուն քաղաքական համակարգից փախուստի ցանկության հետ: Ինչը հաճախ խթանում է իրենց սեփական հանրույթներից երիտասարդների աճող հեռացմանը, անհատական ազատության խեղդումն է եւ ինքնության կոշտ կերպերին հարմարեցնելու ճնշումը: Հանդուրժողականության եւ ինքնության անվախ արտահայտման հարթակների պակասը տանում է երկրի հասուն եւ երիտասարդ քաղաքացիների արանքում մշտառկա անջրպետի խորացմանը, որն էլ բարդանում է սոցիալական տարածքի արագընթաց տեխնոլոգիական փոխակերպումներից:
Հաղորդակցության այլ ճանապարհներ փնտրելու կարիքն ակնհայտ է, ինչպես եւ երիտասարդության ձայնը լսելու անհրաժեշտությունը, որը ձեւավորելու է մեր ապագայի ուղղությունը: Այս նկատառումով, 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնն ընտրել է երեք նոր ձեւավորվող լուսանկարիչների` ներկայացնելու իրենց իրականության կողմերը` սեփական, չզտված օբյեկտիվով: Այնպիսի թեմաներին անդրադառնալու միջոցներ տրամադրելով, ինչպիսիք են թմրանյութերը, կրթական եւ միջսերնդային հակադրությունները` մենք ցանկանում ենք ցույց տալ նոր, հում հեռանկարները այնպիսի թեմաների մասին, որոնք դեմոնիզացվում են հասարակության կողմից կամ մնում են թյուրըմբռնված: Այդպիսի դիտանկյունները զորեղացնելը եւ տեսանելի դարձնելն ավելի առողջ եւ կարեկից հասարակության գրավականն է: Նախագիծը նաեւ նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես են Հայաստանի նոր ալիքի արվեստագետները մտածում լուսանկարչության միջոցով եւ դիտարկել հասարակության վրա դրա ազդեցության կարողությունը:
Տեքստը` Վիգեն Գալստյանի
Թարգմանությունը` Աննա Դավթյանի
Նախագծի խմբագիր` Վիգեն Գալստյան
Նախագծի վեբ ձևավորումը` Կարինե Ղադյանի