Մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն են թողնում թե՛ մեր վարքագծի, թե՛ մեր մտածելակերպի, թե՛ մեր առողջության վրա։ Մարդու հոգեկան առողջության վատացումը կապված է ինչպես ժառանգականության, այնպես էլ արագ ընթացող սոցիալ-տնտեսական փոփոխությունների, աշխատանքային միջավայրում սթրեսային պայմանների, սոցիալական օտարման, հոգեբանական և ֆիզիկական բռնության ռիսկերի հետ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` բարեկեցությունն է պայմանավորում հոգեկան առողջությունը, որի արդյունքում մարդը կարող է իրագործել սեփական ներուժը, հաղթահարել առօրյա խնդիրները, բեղմնավոր գործունեություն ծավալել, ինչպես նաև ներդրում կատարել հասարակական կյանքում:
Հոգեպես առողջ անհատին կարելի է բնորոշել որպես ֆիզիկական և հոգեկան ես-ի ամբողջականությունը գիտակցող, սոցիալական նորմերին և օրենքներին համապատասխանող վարքագիծ դրսևորող, սեփական անձի և գործունեության նկատմամբ քննադատական վերաբերմունքի ունակ, սեփական կենսագործունեությունը պլանավորելու և այդ պլաններն իրականացնելու կամք դրսևորող անձ:
Հայաստանում ըստ վիճակագրական տվյալների 2017 թվականի դրությամբ կա հոգեկան խնդիրներով շուրջ 52 000 հաշվառված անձ։ 2016֊ի համեմատ այդ թիվն ավելացել է 3 տոկոսով։ Հաշվառվածների 69%-ը տղամարդիկ են, 29%-ը կանայք, 2%-ը` երեխաներ և դեռահասներ են:
Հանրապետությունում գործում է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող հոգեկան առողջության ընդամենը 3 կենտրոն, որտեղ երեխաների և դեռահասների ցերեկային խնամքի բաժանմունքներ չկան:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցերի ընթացքում ձեռք բերված արձանագրությունների` հոգեբուժական կազմակերպություններում առկա են կոպիտ խախտումներ: Դրանք են՝ օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցների գործածում (կենցաղային պարաններ, մետաղական մասեր պարունակող գոտիներ) դրանց կիրառման խախտումներ, հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմի ոչ բավարար քանակ, մի շարք դեպքերում նեղ մասնագետների բացակայություն (օրինակ՝ մանկական հոգեբույժներ), գիշերային ժամերի հոգեբույժների հերթապահության բացակայություն, ժամկետանց դեղեր և բժշկական պարագաների ոչ բավարար քանակ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում, անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու տրանսպորտի անբավարար քանակ (Հայաստանի տարածքում գործում է շտապօգնության ընդամենը մեկ հոգեբուժական բրիգադ՝ միայն Երևանում: Ըստ Առողջապահության նախարարության` միջինում օրական արձանագրվում է 9 կանչ, ամսական` 290, կանչերի թիվը կարող է հասնել օրական 14-ի), սանիտարահիգենիկ պայմանների խախտումներ, սանիտարահիգենիկ պարագաների անբավարար քանակ, դեղորայքային բուժումից զատ` այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս, գերբնակեցվածության դեպքեր, հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ, մի շարք դեպքերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում, ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրում: Պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը, բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:
Այսօր Առողջապահության նախարարության ենթակայության տակ են գտնվում 7 հոգեբուժական հաստատություններ, որոնք ստացիոնար խնամք տրամադրող փակ կառույցներ են:
- Ավան հոգեկան առողջության պահպանման կենտրոն – ներկայում 102 հիվանդ
- Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն – ներկայում 370 հիվանդ, չեն հաշվառում
- Սևանի հոգեկան առողջության կենտրոն – ներկայում 420 հիվանդ, հաշվառված` 4350
- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու հոգեկան առողջության կենտրոն – ներկայում 45 հիվանդ, հաշվառված` 5700
- Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր – ներկայում 70 հիվանդ, հաշվառված`2425
- ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր – ներկայում 18 հիվանդ, հաշվառված` 4800
- Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն – ներկայում 90 հիվանդ, չեն հաշվառում
Հայաստանում գործող հոգեբուժարանները կառուցվել են խորհրդային շրջանում:Արագ տեմպերով զարգացող արդյունաբերությունը աշխատուժով ապահովելու համար պահանջվում էին մեծածավալ մարդկային ռեսուրսներ: Նրանք, ովքեր աշխատելու ունակ չէին, տարաբնույթ հոգեխանգարումներ ունեին կամ այլախոհ էին և չէին համապատասխանում համակարգի պահանջներին, մեկուսացվում էին հոգեբուժարաններում և մեկընդմիշտ ստանձնում ամոթալի խարանը:
Հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց հանդեպ խտրական վերաբերմունքը հայկական մշակույթում խորը արմատներ ունի։ Հեքիաթներում, հումորային պատումներում, մեդիա դաշտում հոգեկան խնդիր ունեցող անձը ծաղրի առարկա է, ամոթի զոհ: Խև, խելառ, գիժ, հոգեկան, շիզոֆրենիկ, հիվանդ, ցնդած բառերը շատերը գործածում են որպես վիրավորանք` նույնիսկ առողջ մարդկանց հասցեին: Հասարակության պսիխոֆոբիան, որը ոտնահարում է հոգեկան խնդրով մարդու արժանապատվությունը, ստեղծում է նախադրյալներ, որոնք հիվանդի համար խոչընդոտում են հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացները և ամրապնդում են հաշմանդամի բարդույթը: Շատ անգամ հիվանդի հարազատները և մտերիմները իրենք են նպաստում այս կարծրատիպերի ամրապնդմանը՝ շրջապատից թաքցնելով հարազատի հիվանդությունը, նրա գոյությունը, խուսափում են հասարակական վայրերում նրանց ներկայությունից, չեն այցելում նրանց բուժման ընթացքում, շատ դեպքերում օգտվելով հիվանդի անպաշտպան կարգավիճակից` զրկում են նրան սեփականության իրավունքից և թողնում դրսում:
Հոգեբուժարանը որպես կառույց` հասարակության գիտակցության մեջ ամրապնդված է որպես մռայլ, ահասարսուռ մի վայր, որտեղից ելք չկա: Մինչ օրս հիվանդների խնամակալների բառապաշարում առկա է իրենց հարազատին հիվանդանոցում «փակել» ձևակերպումը:
Դրան մեծապես նպաստել է կլինիկաների հասարակական վայրերից հեռու կառուցապատման որոշումը, որը էլ ավելի է դեմոնիզացրել խնդիրը: Շենքերից շատերը նախագծված չեն որպես հոգեկան առողջությունը վերականգնելու կենտրոններ, կառույցներին առանձնահատուկ ճարտարապետական լուծումներ տրված չեն: Դրանք պարզունակ հսկա շինություններ են, որտեղ հիմնական ուշադրությունն ուղղված է մեծաքանակ բուժայցելուների տեղավորման խնդրին: Չխնամված բակը, դիմագիծ չունեցող շրջակա միջավայրը, դատարկ հանգստի սենյակը տագնապ և հակակրանք են առաջացնում` հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու գործընթացը դարձնելով ֆիկտիվ:
Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայի հիվանդասենյակները նախատեսված են 10-12 անձի համար: Յուրաքանչյուր բաժանմունքում 3 զուգարաններից, 2 լվացարանից և 2 ցնցուղից օգտվում են 55 անձ: Հիվանդանոցում կան հարկադիր բուժում ստացող 98 անձինք, ովքեր խնամակալներ, կացարան և ապրելու հնարավորություններ չունեն հիվանդանոցից դուրս: 350 անձի համար նախատեսված հիվանդանոցում բուժվում է 370-ից ավելի մարդ, բուժանձնակազմը ստիպված է նրանցից ոմանց տեղավորել միջանցքներում: Գերբնակեցված են հաստատությունների մեծ մասը: Անտեսված է հիվանդների զբաղվածության խնդիրը: Դատարկ սենյակներում և միջանցքներում դեղորայքի ազդեցության տակ, մարդիկ ստիպված են պատից պատ քայլել` չունենալով զբաղմունքի միջոցներ և հնարավորություն: Նեղ գրադարանում տեղակայված նկարչության փոքրիկ սեղանները նախատեսված են ընդամենը 4-6 հոգու համար, դրա շուրջ նկարել կարող են շաբաթական մի քանի ժամ:
Չնայած դրան` հիվանդները հնարավորություն ունեն արտահայտել իրենց ցանկությունները և բողոքները` գրելով նամակ տնօրենին, փոքրիկ, արդեն անպետք թղթերի մաքուր երեսին:
Հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց՝ որպես խոցելի խմբի առանձնացումը և միջազգային կազմակերպությունների կողմից նրանց իրավունքները պաշտպանող առանձին կոնվենցիաների ստեղծումը սկիզբ է առել ընդամենը երկու տասնամյակ առաջ՝ իննսունականներից: 20-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական շատ երկրներ հրաժարվեցին հոգեբուժության մեջ դիսցիպլինար մեթոդներ կիրառելու ավանդույթից և մասսայաբար փակեցին ստացիոնար հոգեբուժարանները: Նախապատվությունը տալով համայնքային բժշկական օգնությանը և աջակցությանը` ինստիտուցիոնալ կառույցները վերաբնակեցրին իրենց հիվանդներին տարատեսակ համայնքային կացարաններում և սովորական հիվանդանոցներում` ներգրավելով նաև կամավորական ներուժը` այդպիսով լուծելով անհատի սոցիալիզացիայի խնդիրը:
Այսօր Հայաստանում հոգեբուժությանը առընչվող բարեփոխումները պետք է միտված լինեն ոչ թե մեկուսացնելու, այլ ներգրավելու մարդկանց համայքնային գործընթացների մեջ: