Սեփական տների, այգիների ու գերեզմանների միջից հայտնվում է եռաթև ու բազմահարկ, հսկա խորհրդային կառույց` Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Շենքում գտնվելիս հայտնվում ես խորհրդային «դասական» բուժ հաստատությունում` սառը, նեղ ու երկար միջանցքներում, ուր ժամանակը դանդաղում է, որոշ տեղերում՝ նույնիսկ կանգ առնում: Տարածք, որտեղ սպասումը դառնում է որոշիչ:
Միջանցքներում անվերջ հայտնվում ու անհետանում է էլֆի հայացքով ու սպիտակ ամպի նման գլխով կինը` սպիտակ, երկնագույն կամ կապույտ խալաթներով (խալաթի գույնը կախված է գործառույթից): Իվետան է:
Հարցնում եմ ի՞նչ զգացողություններ ունի այս շենքի, տարածքի հետ կապված:
– Տարածքը սիրել եմ միանգամից, թե չէ չէի ընտրի այս հաստատությունը, շենքի հատուկ ընկալում չունեմ:
– Ինչու՞ օնկոլօգ:
– Մինչև հինգերորդ կուրս սովորում էի մանկաբարձություն- գինեկոլոգիա, հետո… մեղավորը Վալերի Սուրենովիչն է՝ դասախոսս, -ասում է Իվետան, ցիտում է. «Իսկական բժշկությունը օնկոլոգիան է»:
– Ո՞վ է Իվետան վիրահատարանում և ով է տանը:
– Չգիտեմ, իսկ տարբերություն կա՞…
Պատկերելով վիրաբույժի մեկ օրը՝ փորձում եմ գտնել սահմանը առօրյա մասնագիտական գործառույթներից` վիրահատարանից, աշխատասենյակից, վիրակապարանից մինչև Իվետայի բնակարանը: Երկար ու նեղ միջանցքներում բժշկի ու հիվանդի միջև մարդկային զգացմունքներ են` լի անկանխատեսելի հոգեվիճակներով: Այստեղ նրանք անցնում են մի ճանապարհ` ապրելու ու չապրելու, կյանքի ու մահվան, վախի ու հաղթահարման սահմանները:
Իվետա Գնդոյանը 47տարեկան վիրաբույժ է Երևանի Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժանմունքում: Օրդինատուրան անցել է 1988թ-ին նույն կենտրոնում իր ընտրությամբ, որպես վիրաբույժի ասիստենտ: 2001թ.-ից վիրաբույժ է մինչ այսօր:
Վաղինակ Ղազարյանը ֆրիլանս լուսանկարիչ է: Հետևեք @vaghinakghazaryan–ին Ինստագրամում: