Մեր կենսակերպը, մեր մտքերն ու կայացրած որոշումները մեզ առճակատում են մարդկանց, որոնց հետ մենք ընդհանրություններ ունենք: Երեւի այս նույն օրինաչափությամբ ինձ միշտ գտնում եմ մարդկանց շրջապատում, որոնց նկատմամբ իրականությունը բավարար ճկուն չէ, կամ՝ հակառակը:
Իմ հերոսները երիտասարդ մարդիկ են, ովքեր կրթությունը կիսատ են թողել, զբաղվում են լրիվ այլ աշխատանքով, մոլորված են, խճճված սեփական մտքերի մեջ ու հիմա էլ չունեն այն հարցի պատասխանը, թե ինչով են ուզում զբաղվել: Եթե սա խնդիր է, ուրեմն այն ինստիտուցիոնալ բնույթ է կրում, որովհետև եթե մի դիտանկյունից սա դասալքություն է, ապա մյուս դիտանկյունից՝ ինքնաճանաչման փորձ: Առկա իրականությունը, հասարակական, կրթական համակարգերն ու բարքերը նրանց չեն տալիս հստակ կողմնորոշվելու հնարավորություն։ Բայց նրանք անճար չեն, ոչ էլ ծույլ։ Պարզապես պատրաստ չեն համակերպվելու թելադրվածին։

 
 

 

 
 

 

Մարիա
Ես առհասարակ հաճույքով չեմ հիշում սովորելուս տարիները, չնայած սովորել եմ անվճար։ Ամեն դեպքում ժամանակի ընթացքում համալսարանական կրթությունը արժեզրկվեց, դիպլոմն ինքնին կորցրեց կարևորությունը, դրա համար չեմ հանձնել ավարտական քննություններս:
Հետո՝ չեմ պատկերացնում՝ ոնց են ամբողջ կյանքում կամ ինչ-որ տևական ժամանակ նույն աշխատանքով զբաղվում, ինձ համար էդ միքտը անտանելի է թվում, ու էն ժամանակ դիպլոմը էդ ընդհանուր ֆրուստրացիայի ֆոնին ինձ համար հանձնվելու սիմվոլ էր մի տեսակ:
Ամենից շատ նյարդայնացնում է ավելի ավագ սերնդի ընկալումը՝ եթե դու չես կողմնորոշվել հիմա, ուրեմն վերջ, էլ երբեք չես հասցնի, դու օրինակելի չես:
Շատ ուժեղ դիմադրողականություն է պետք, որ դու ապրես էդ ճնշման տակ ու չսկսես հավատալ դրան:

 
 

 

 
 

 

Ջեմմա
Ես հիմա նույնիսկ նյարդայնանում եմ, երբ ինձ հարցնում են՝ ո՞նց ես, ի՞նչ կա: Ինձ թվում ա՝ մարդիկ իրականում հարցնում են՝ ի՞նչ արեցիր, ի՞նչ որոշեցիր, ի՞նչ ես անելու կյանքիդ հետ, ո՞նց ես փող աշխատելու: Ես դեռ չունեմ էդ հարցերի պատասխանը, ու դա ինձ հուսահատեցնում է հենց էդ խեղդող ակնկալինքերի պատճառով:
Դու հազիվ սկսում ես ինչ-որ հարցեր տալ ինքդ քեզ, ճանաչել քեզ, շուրջբոլորը արդեն ունեն էն կարծրատիպը, թե դու ինչպիսին պետք է լինես, թե դու ով ես: Քեզ մնում է անընդհատ հասցնել կոմպրոմիսների գնալ ու արդարացնել բոլորի սպասելիքները: Իսկ ես ուզում եմ լիքը տեղերում լինել, լիքը բան իմանալ, լիքը փորձառություն ունենալ, տարբեր բաներով զբաղվել, ինձ ազատ զգալ, ինքս ընտրություններ կատարել, սխալվել, նորից փորձել. ուզում եմ ես ես լինեմ:
Ես թողել եմ տունը, թողել եմ համալսարանը, թողել եմ շատ բաներ, որ հասկանամ, որ տարածություն ու ժամանակ ունենամ դրա համար:
Ու դրանք որոշումներ են, որոնք կայացնելուց ես ինձ բնական ու իրավացի եմ զգում։
Ու զգում եմ, որ վերջապես չեմ խաբում:

 
 

 

 
 

 

Անի
Ես երկու տարբեր համալսարաններում փորձեցի տարբեր մասնագիտություններ սովորել։
Էնպես չի, որ չէր ստացվում, ուղղակի միևնույն ժամանակ ապրելը, սովորելը
ու համալսարանում քննություններ հանձնելը անհամատեղելի էին, ու ես չէի հասցնում:
Չեմ մտածում, որ ձախողել եմ ինքս ինձ։ Ընդհակառակը, հիմա վերջապես ինձ ավելի ազատ ու երջանիկ եմ զգում։ Կարծում եմ՝ մենակ էդ պայմաններում է մարդը կարող ճիշտ ու առողջ որոշումներ կայացնել:

 
 

 

 
 

 

Գեղամ
Համալսարանում առաջնայինը կռիվներն էին, ծխելն էր, սուրճ խմելը, տժժալը,
ու ես հիմա եմ էդ հասկանում, երբ դուրս եմ համալսարանից:
Շատ ժամանակ էդ անընդհատ ռիթմի մեջ ՝ ավարտել, քննություն հանձնել, պարապել, նորից պարապել, էլի քննություն հանձնել, չես հասցնում հասկանալ՝ ինչի համար ես անում դա, ու իրապես ուզո՞ւմ ես դա, թե՞ չէ:
Ես ուղղակի ինձ թույլ եմ տվել հասկանալ, որ ես չեմ ուզում համալսարանի ու էդ կրթության մի մասը լինել, ու դա աշխարհի վերջը չի։ Էդ դեպքում էլ կարելի է հաջողակ լինել ու մասնագիտություն ունենալ:
Ես հիմա բարմեն եմ ու սիրում եմ իմ գործը:

 
 

 

 
 

 

Ես
Ես կիսատ չեմ թողել իմ կրթությունը, բայց զգում եմ, որ ընդհանրություն ունեմ էս մարդկանց հետ, որովհետև բոլորիս դեպքում խնդիրն ընդհանուր համակարգին է վերաբերում, որում ինստիտուտները ավելի շատ ճնշում են, քան հնարավորություններ են տալիս ինքնաբացահայտվելու։
Դիմադրությունը՝ կանխորոշված մասնագիտությունների, ընտանիքի թելադրած ապրելակերպի, «ճիշտ» լինելու ձևերի ու արժեքների հանդեպ՝ ավելի շատ ինքնապաշտպանություն է ՝ ամենանեղ իմաստով:
Ի վերջո կյանքն ինքնին ամենամեծ ու ամենալավ դպրոցն է, իսկ դրա համար դիպլոմ անհրաժեշտ չէ։