Հայաստանի գյուղերը լինում են սովորական ու սահմանամերձ: Սովորական գյուղերը, սակայն, հաճախ ուրվագծում են ներքին սահմաններ. դրանք այն վերջին գյուղերն են, որտեղ բնակավայրն ավարտվում է, իսկ գյուղամեջի ճանապարհը տանում է դեպի մոտակա սարը կամ խոտհարքը: Մինչդեռ գյուղերի մեծ մասը հաջորդում են միմյանց` ձևավորելով երկարուձիգ ճանապարհի հանգույցներ:

«Ներքին սահման». Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից 22 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զովաշեն գյուղ: Ընդամենը 168 բնակիչ ունեցող փոքրիկ համայնքը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա: Այստեղ չկա ոռոգման ջուր, մարդիկ աճեցնում են ցորեն, գարի և հաճար, զբաղվում են անասնապահությամբ:

 

 


Խոտի դեզի «պարիսպներ»:

 

 


Զովաշենում լուսանկարներ անելու ժամանակ հրավիրում են տաքանալու և սուրճ խմելու: Հակոբյանների տանը՝ հենց հյուրասենյակում, պատին է ծեփված գայլի խրտվիլակը: 60-ամյա Հայկ Հակոբյանը այս գայլին բռնացրել է գոմ մտնելու պահին:

 


Հացի խմորի մասնատում, գնդակահարում:

 


Մետաղական ջարդոնների հարևանությամբ արածող ձին, որի օգնությամբ գյուղացիները արագորեն հասնում են իրենց վարելահողերը և վերադառնում տուն:

 

Մանր անձրևը ծեծում է մեքենայի տանիքը, բարձրանում եմ նեղ ավտոճանապարհով` Հատիս լեռան սառը հայացքի ուղեկցությամբ, անցնում Կապուտանը, հետո Հատիս գյուղը: Զովաշենը այս ճանապարհի վերջին բնակավայրն է: Մի պահ մտածում եմ, որ անձրևը դադարել է, հետո տեսնում պարուրաձև, աննկատ իջնող ձյունը. բավականաչափ  բարձրացել եմ ու մոտեցել Զովաշենին:

Առաջին հայացքից գյուղը կարծես հիմնովին լքված է: Տեսնում եմ իմ ներկայությունից կիսատագնապած սագերի, որոնք կամացուկ շչալով, մանր-մանր քայլերով և միաժամանակ գերհպարտ տեսքով՝ հեռանում են: Զուգահեռաբար գյուղակը սկսում է կենդանության նշաններ ցույց տալ. ամենահաս տրակտորի դղրդյունը կոտրում է օդում կախված լռությունը:

 

 


Քաղաքում շրջանառությունից դուրս եկած գովազգային յուրաքանչյուր պաստառ իր կյանքը շատ հաճախ շարունակում է գյուղում` դառնալով օգտակար անձրևապաշտպան ծածկոց:

 


Փոքր գյուղի փողոցների միայն մի մասն է ասֆալտապատ:

 


Նոյեմբեր. գյուղտեխնիկան խոր քուն է մտնում ձյան տակ` մարտ-ապրիլին արթնանալու ակնկալիքով: Արդեն ապրիլն է ավարտվում, բայց գարունը դեռ չի հասել Զովաշեն:

 


  • Տեսնես` քանի՞ անգամ են ուղղել, քանի՞ անգամ է ծռվել այս նշանը:

 

 

Հայաստանի բոլոր գյուղերում բազմաթիվ խնդիրներ կան: Հարյուրավոր գյուղեր չունեն ոռոգման ջուր, շատ համայնքներում խմելու ջրի, ավտոճանապարհների խնդիրներ կան: Այս փոքր համայնքի բնակիչների համար թիվ մեկ խնդիրը գյուղի փակված դպրոցն է: 2017-ին, երբ դեռ 10-ից ավելի աշակերտ կար դպրոցում, այն փակվել է` ընկնելով օպտիմալացման տակ: Ասել է թե` ուսուցիչների քանակն ավելի շատ է եղել, քան աշակերտներինը, բայց գյուղացիներին դա չի հուզում:

Այժմ դպրոցականներ ունեցող Զովաշենի ընտանիքները երկու մասի են բաժանվել. մի մասի երեխաները սովորում են հարևան գյուղի` Հատիսի դպրոցում (որտեղ տեղափոխվել է Զովաշենի դպրոցի օգտագործման պիտանի գույքը), մյուս մասը` Աբովյանում: Գյուղացիները պատմում են, որ դպրոցի փակվելը դրել է գյուղի դատարկվելու սկիզբը: Հենց դպրոցն է եղել գյուղը միավորող ամենակարևոր օղակը: Այս մեկ տարվա ընթացքում արդեն 4 ընտանիք լքել է գյուղը, մի մասը` արտերկիր, մյուսը` Աբովյան:

Այժմ այս դպրոցը (որ նաև լուրջ վերանորոգման կարիք ունի) ընտրությունից ընտրություն է կենդանություն ստանալու` դառնալով ընտրատեղամաս:

 


Զովաշենի ներքևի գյուղի` Հատիսի դպրոցում են սովորում զովաշենցի երեխաները: Առաջին և երկրորդ դասարանցիները միասին են անցկացնում դասը, սակայն առաջինները նկարչություն են պարապում, երկրորդները` մայրենի:

 

 


Զովաշենի վերջին տնից երևում են անմարդաբնակ վայրեր և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած խորհրդային զինվորի հուշարձանը: Այստեղ ավարտվում է Զովաշենը, և սկսվում ներքին սահմանը: Եթե Զովաշենից ուղիղ գծով` սարերով ու ձորերով գնանք արևելք, կհասնենք Սևանա լճին:

 


Գյուղի մեջքը պահող ձյունաթաթախ սարալանջի միակ ծառը:

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: