Կա աշխարհում մի տեղ, որի մասին ամեն առավոտ երազում եմ, ամեն երեկո՝ ափսոսում այնտեղ չլինելուս համար։ Կա աշխարհում մի տեղ, որտեղ, ինչպես յոթ տարեկան աղջիկս է ասում, ապրում է մամայի տատին, ով շատ ծեր է։ Աշխարհի այդ կենտրոնում տներն այնքան հին են ու այնքան վնասներ են կրել պատերազմից, որ փլվում են իրենք իրենց, ուսերը գետնին են տալիս, մեռնում։ Բայց մեռնելուց հետո էլ իրենց ներկայությամբ լցնում են գյուղը՝ մահամերձ-նորածին գյուղը։
Նինա տատին, վտիտ ուսերով մի կին, ում ես հիշում եմ փայլուն աչքերով թոնրում հաց թխելիս, պատմում է՝ գյուղում ավերված տներ են եղել, ինչպես իրենք են ասում՝ պեկեր, տնատեղիներ, որոնք նորոգել են, պատը պատին շարել, տունը տանը հենել, մարագը՝ տանը, տանիքը՝ տանիքին ու վերակառուցել գյուղն՝ իր երեք հիմնական թաղերով, որոնք կոչել են պարզ, մարդկային ու հասկանալի՝ Յերե թաղ, Պոտուց թաղ ու Ներքե թաղ։
Գյուղի անչափ գեղեցիկ եկեղեցին սովետական կարգերի հաստատումից հետո քանդել են, ըստ տարբեր աղբյուրների ՝ խուզել տերտերի մորուքը, թարս նստեցրել էշին ու հեռացրել գյուղից։ Թե դա որքանով ճիշտ է, չգիտեմ։ Եկեղեցու լուսանկարն անգամ չեմ տեսել։ Եկեղեցու տեղում հիմա գյուղի ակումբն է։
Գյուղում բնականաբար ինձ համար շատ դժվար է աշխատել, ամենաշատը մեկ օրում կարող եմ երկու, քարը պայթի-տրաքի՝ երեք տուն մտնել։ Բնականաբար կռահեցիք, թե ինչու. սուրճից հետո գալիս է թեյի սեղանը, այդ ընթացքում եփվում է ճաշը, թեյից հետո սահուն անցում ենք կատարում ճաշին, ճաշից հետո՝ ընթրիքին, չես էլ զգում, թե ինչպես ժամանակը հալվեց-գնաց։ Ծանր է գյուղից հեռանալը, ամեն հաջորդ գալուդ, գյուղի սիրելի մարդկանցից մեկնումեկին հնարավոր է այլեւս չհանդիպես։ Վերջինը կյանքից հեռացավ Թամարա տատին։ Լավ է, որ Թամարա տատի պատմածները միշտ կմնան ինձ հետ։ Հայրենական պատերազմի տարիներին Թամարայի ընտանիքի բոլոր տղամարդկանց տարել էին բանակ։ Մի օր տուն է վերադառնում, տեսնում, որ փոքր եղբայրը չկա, նրան էլ են տարել։ Գնում, գտնում է եղբորն ու հետ վերադարձնում։
Գյուղում ընդհանրապես որեւէ լուր ճշտելը բարդ մի բան է, քանի որ բոլոր պատմությունները պատմվում են ամենատարբեր ձեւերով, մեծանում են էդ պատմությունները, մեծանում ու դառնում լեգենդներ։ Բայց իհարկե ամենաճիշտը գյուղի մեծերին դիմելն է, Լեվա դային կամ Պավլուշա դային միշտ պատրաստ են օգնելու։
Օրինակ ես արդեն մի քանի անգամ լսել եմ, թե ինչպես Պավլուշա դայու նախնիններին կուլակաթափ արեցին ու աքսորեցին, թե ինչպես նրանցից նամակ ստացան, որում գրված էր, որ ամեն ինչ լավ է, միայն խնդրում էին մի քիչ սխտոր ուղարկել, քանի որ օձերն են շատ։ Թե ինչպես էին աշխատում կոլխոզում։ Թե ինչպես սկսվեց համաշխարհային պատերազմը։ Թե ինչպես սկսվեց Արցախյան պատերազմը։ Թե ինչպես նա թուրքերին գերի ընկավ։ Թե ինչ հնարքներով կարողացավ ողջ-առողջ հետ վերադառնալ գյուղ։ Պավլուշա դայու ասելով մեր տարածքներում ադրբեջանցիներ չեն էլ եղել, նա ասում է, որ քրդեր էին, ուղղակի Սովետական Միության ժամանակ Ադրբեջանի կազմ անցնելիս նրանց բոլորին անձնագիր բաժանեցին արդեն փոխված ազգանուններով ու արդեն որպես ադրբեջանցի։
Պատերազմի տարիներին մեր գյուղի կանայք չլքեցին գյուղը, նրանք մնացին, որ հաց թխեն զինվորի համար։ Գյուղը երկու թոնիր ուներ՝ ներքե թուրունը, որը Թամարա տատի տան մոտ էր, ու յերե թուրունը։ Կանայք խմբվում էին հացի գնդերի շուրջ ու քննարկում աշխարհի բոլոր հոգսերը։
Թամարա տատին ինձ համար լիության սիմվոլն էր։ Թամարա տատի բակի մշտական բնակիչներին էին հնդկահավերը, հավերը, ոչխարները, այծերը, կովերը, ձիերը, մեղուները։ Գյուղում մորի ու ելակ միայն Թամարա տատի այգում կար։
Գյուղը մի մեծ ընտանիք է, մարդիկ, ովքեր ապրում են իրար կպած տներում, ընտանիքներ, որոնց բաժանում է մի-մի բարալիկ պատ, որոնք սովորաբար սուր ականջներ ունեն, դժվարության ու ուրախության օրերին դառնում են խաղողի մի ողկույզ։
Ապրիլյան պատերազմի օրերին, երբ մեքենա են նստեցրել գյուղի ջահելներին՝ առաջնագիծ տանելու, հորեղբայր Գիրոն վարորդին ասել է՝ Վալոդ, խոնցը հունց տանում ըս, նդի հետ պիրիս։ Հորեղբոր ասածն էլ գյուղում թեւավոր խոսք է դարձել։
Իրենց որդուն պատերազմում կորցրած Արշակ դային իմանալով, որ հիմա էլ թոռանն են տարել՝ անկողին է ընկնում։ Իրար հետեւից կյանքից հեռանում են Ասյա տոտան ու Արշակ դային։ Իսկ ես հիշում եմ, թե ինչ հպարտ էին նրանք լուսանկարվում միասին։
Գյուղը այժմ նոր գյուղ է ծնում, նորին կյանք է տալիս, ինքը ուժասպառ լինում։ Գյուղից հեռու նոր թաղամասն է կառուցվել, նորամուտներ են տոնվում։
Ես հաճույքով ձեզ կպատմեի Սուրեն դայու ու Նուրայի մասին, Էլյայի ու Վալոդի, հորեղբայր Գիրոյի, Էմմա տատիս, գյուղի երեխաների, հարսների, Բորիկի, Վարսիկի, Ջանիկի ու մյուսների մասին, Երանիկի սագերի ու Խորու արկածների մասին։ Բայց իմ տարածքը իսկապես սահմանափակ է։ Երկնքից շատ լուսանկարներ ընկան։ Դե իհարկե ձեզ՝ դիտողներիդ համար։
Գյուղի դպրոցում չկա անգլերենի մասնագետ, երեխաների հետ անգլերեն սովորելու համար անհրաժեշտ է գնել պրոեկտոր ու մի քանի դյուրակիր համակարգիչներ, որպեսզի հնարավորություն ունենան առաջադրանքները կատարել ու անգլերեն լեզվով ֆիլմեր դիտել։ Օգնելու համար կապվեք մեզ հետ. women@4plus.org