ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՎԵՐՔԸ․ Հիշողություն
«Մեր տունը ճամփի եզրին էր, մի օր դուրս գամ, տեսնեմ ժողովուրդը մեր տան դեմով գնում է դեպի անտառ, լիքը մարդ, ոնց կգնային մեռլատուն կամ հարսանիք։ Եղբորս տղուն զարմացած հարցրեցի՝ էս ի՞նչ ա, ասեց՝ Սերոժ ամի, զանգել ասել են գյուղից դուրս եկեք, թուրքերը մտել են Շահումյան․․․ մարդիկ փախնում էին գյուղից։ էդ պահին թողեցինք ամեն ինչ, դարպասը փակեցինք ու դուրս եկանք։ Ես տանից մենակ բանալին վերցրեցի իմ հետ․․․»,-պատմում է Սերոժ պապը՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ 90- ամյա Սերոժ Մովսիսյանը։
«Ժամեր անց թուրքերը մտան նաեւ Գյուլիստան, գիշերը հենց լույս էր վառվում ու մարդկային շարժ նկատվում, թուրքերը գյուղից ռմբակոծում էին անտառը, իսկ անտառում լիքը մարդ՝ մրջյունի բնի նման։ Խիտ անտառ էր, ոչ մի տեղ մոստ չկար, ոտքով էինք անցնում ճանապարհը։ էշին թամբել էի ու ճամփա ընկել։ Ամբողջ ճանապարհին խմելու ջուր չկար, էշը մի տեղ կանգնացրեցի, որ մի փոքր հանգստանամ, տեսնեմ մի հայ ուզում է էշին գողանա, հրացանով օդ կրակեցի, ասեցի՝ ֆռոնտի դաշտում ես քեզ «տեխնիկա» տվողը չե՜մ․․․։
Հասա Հաթերք, եղբորս ու նրա ընտանիքին գտա։ Ճանապարհ ընկանք Երեւան, բայց Սիսիանում էլ մեր դեմը կտրեցին ավտոմատով միլիցեքը, ասեցին Երեւանից Լեւոնը (Լեւոն Տեր-Պետրոսյանը) զանգ է տվել ու հանձնարարել, որ ոչ մի փախստական չգա Երեւան, բոլորին տեղավորեք էդտեղ։ Հիմա միլիցեքը չեն թողնում անցնենք Երեւան։ Անձրեւ ա գալիս, մարդիկ էնքան վիրավորված են, որ չեն նստում մեքենաները, ոտքով անձրեւի տակ գալիս են Երեւան։
Զինվորները չէին թողնում, որ աղջիկս ու թոռներս նստեն վեռտալյոտ, թոռներիցս երկուսին պատուհանից եմ ներս գցել, աղջկաս էլ մի ֆիդայի խղճաց, տեսավ փոքրին կապել ա դոշից ու հիմա կվատանա, ասեց՝ թողեք էս քուրիկը նստի։ Դրանից հետո աղջկաս կեսրարը զանգեց ու աչքալուսանք տվեց ինձ, որ կարողացա էրեխեքին ճանապարհ դնեմ։
Գյուղը դատարկվում էր, մարդիկ չէին հավատում, որ սա վերջն է։ Մարդ կար հոր հետ մի թեթեւ վիճել էր, թողել եկել էր, հետո թուրքերը սպանել էին հորը։ Ծանր վերք ա․․․։ Ամեն տեսակ վերք էլ կա մեր գյուղի վրա․․․ Մի լավ թուրք ընկեր ունեի՝ անունը Սեփի, իրա տղա երեխուն շատ ենք մեր տանը պահել, լավ-լավ նվերներ առել։ Չեմ կարում մոռանամ մեր գյուղը։ Դու գրի, թող մարդիկ իմանան Գյուլիստանի Սերոժի պատմությունը, իմ գյուղի վերքը․․․»։
«Գրադը, որ խփեցին, ես վատացա, ասեցին՝ Ներքին Շենի մանկապարտեզի հայաթում մի հարսի ու մի երեխու է սպանել, աղջիկս էդ ժամանակ ռայոնում էր, հենց մանկապարտեզում էր աշխատում։ Ինձ ինֆարկտ խփեց, վեռտալյոտով բերեցին Երեւան։ Գրադը, որ խփել էր, հոսանքի լարերը կտրել էր, մեր գյուղի ժողովրդի մեծ մասի աղջիկներն էլ ռայոնում էին ամուսնացած, այդ թվում՝ իմոնք, էդ լուրը լսելուց հետո խեղճ ժողովուրդը իրան կոտորում էր․․․»,-հիշում է Մարգո տատը՝ 80- ամյա Մարգո Մովսիսյանը։
ԳԵՐԴԱՍՏԱՆ․Կարոտ
«Ծնվածս վախտից որբ եմ մնացել, հարազատ մամա չեմ տեսել, գոնե մամայիս լուսանկարն ունենայի, որ տեսնեի՝ քո նման սիրունա ա, թե գեշ, դրա համար ափսոսում եմ շատ ու կարոտում։ Մորս շիրիմի քարը գցեցի, երբ բանակից եկա, դա իմ պարտքն էր․․․։
Ամենաշատը իմ ման եկած տեղերն եմ կարոտում․ մեր անտառը, դաշտերը, իմ հողամասը, իրիկունները երգ եմ ասում՝ կարոտել եմ մեր անտառի սառը ջրերի՜ն, կարոտել եմ մեր անտառի համով-հոտով մրգերի՜ն, կարոտել եմ մեր դաշտի մալինի՜ն, կլուբնիկի՜ն, զկեռի՜ն, կարոտել եմ իմ բաղ ու բախչե՜ն, իմ լիքը տա՜նը, իմ ամեն ինչը․․․»։
«Գյուլիստանը դարձել է սահման, որտեղ մարդ չի ապրում, մի կողմում թուրքերն են, մյուս կողմում՝ Ղարաբաղը․․․։ Կարոտում եմ մեր գյուղը, ընկերներին, հարեւաններին, բարեկամությանը, ստեղ մենակ ենք։ Կյանքում չէինք մտածի, որ կգա մի օր՝ կփախչենք։ Որ մտածեինք, էդքան ունեցվա՞ծք կկուտակեինք, էդքան տուն տեղ կդնեի՞նք, տանջանքը իր հերթին, բայց կարոտն ավելի ա խեղդում, 6 երեխա ունենաս ու վերջը մնաս մենա՞կ․․․»։
ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ․ Մենություն
1 ժամ, 40 րոպե. մոտավորապես այդքան է պահանջվում, որ Մասիվից հասնեմ Ռայկոմ, Ռայկոմից Հրազդանի միկրո, այնտեղից էլ՝ փախստականների հանրակացարան։
«Եկավ մեր Աննան»,-դուռը բացելուն պես՝ ձեն է տալիս Մարգո տատն ու գրկում ինձ։ Նա գրկում է իր թոռնիկ Աննային՝ ինձ, ես գրկում եմ իմ Բելա տատին՝ նրան։ Երկուսս էլ շատ ենք կարոտած։ Անցնում եմ ճաշասենյակ ու տեսնում՝ տատն արդեն սուրճի սեղանը գցել է։ Հարազատի պես տեղավորվում եմ ու պապի հետ զրույցի բռնվում․
«Էն օրը ասում եմ՝ Մարգո, որ թուրքի ճանկն ընկնեմ, ինձ կսպանե՞ն, ասում ա՝ դժվար հարց ա․․․»,-ծիծաղում է Սերոժ պապն ու անմիջապես էլ լռում։ Ու ես հասկանում եմ, որ Գյուլիստանի կարոտն արդեն ձգվում է ոչ թե 27 տարի, այլ ամբողջ մի կյանք։
Խնդրում եմ՝ իրենց ծանոթության ու սիրո պատմությունը պատմի։ Ասում է՝ արդեն 64 տարի իրար հետ ենք, ասել կուզի՝ դրանից էլ մեծ սե՞ր․
«Սա մի կուկլա աղջիկ էր, լավն էր համա, հարեւաններ էինք, գնացի բանակ, եկա, տեսա արդեն մեծացել ա, սիրահարվեցինք, ուզեցինք իրար ու չփոշմանեցինք»։ Տատը հակադարձում է՝ ինքը չէր ուզում, փոքր էր՝ 8-րդ դասարան, էնքան լաց եղավ, որ նույնիսկ հարսանիքի ժամանակ թեւը թողեց, փախավ տուն, բայց քավորը եկավ ու հետ տարավ։
Անցնում ենք խոհանոց, պատշգամբից լսում եմ պապի ձայնը, տատին ասում ա՝ բան չկա, երգում ա մենակությունից․․․։ Գյուլիստանն իրենց կյանքը բաժանեց սահմանների, ու իրենք մնացին սահմանի հակառակ կողմերում։
Տատը հետաքրքրվում է՝ ե՞րբ եմ իրենց պատմությունն ավարտելու, որ էրեխեքին խաբար անեն, մտնեն կոմպյուտեր ու իրենց մասին կարդան։ Ասում եմ՝ համարյա վերջ, կարող եք արդեն խաբարն ուղարկել։