Առավոտյան 9։00. Մեյդի ընդարձակ ու լուսավոր սենյակը սկսում է կենդանանալ։ Այն, ինչ կատարվում է սենյակում, առաջին հայացքից թվում է քաոսային։ Երեւի պատճառն այն է, որ անընդհատ շարժում կա, քննարկումներ, կատակներ, աղմուկներ։ Նատաշան կարծես տարրալուծված է այս ամենի մեջ, եւ ինձ թվում է` նա ամենուր է։ Փորձում եմ հասկանալ` ինչ է կատարվում, ինչ նյութերով են աշխատում։ Մետաղ, փայտ, քար, կավ, թուղթ, բուրդ, տեքստիլ, ներկեր, սոսինձ…
Երբ առաջին անգամ հայտնվեցի Մեյդում, մի պահ ինձ թվաց` գլխապտույտ ունեմ, ու շատ ներդաշնակորեն ձեռքիս մեջ հայտնվեց ներկի մեջ թաթախված սպունգ, սկսեցի կտորի վրա դաջվածքներ անել ու մտքիս մեջ կրկնել. «Ախր ես սրա մասին երազում էի մի ժամանակ»։ Ու մոռանում եմ լուսանկարչի այդ պահի պարտականությունս։ Ո՞վ է Նատաշան, որտեղի՞ց է եկել, ինչպե՞ս որոշեց ստեղծել Մեյդը, ի՞նչ է Մեյդը, ինչո՞ւ Դիլիջանում…
Նատաշան ծնվել եւ մեծացել է Լիբանանում, հաճախել է ամերիկյան դպրոց, դա էլ, նրա ասելով, պատճառներից մեկն էր, որ Լիբանանում հայերի համար հայ չէր, արաբների համար արաբ չէր, արտասահմանցի էլ չէր։ Դպրոցից հետո դիզայների կուրսեր է ավարտել։ «Ամեն բան լավ էր, ֆիլմերում աշխատանքի հրավերներ ունեի, ստուդիա ունեի, դիզայնի դասեր էի տալիս։ Հետաքրքիր է, որ նոր էի սկսում, ամենքը կսեին` դե Նատաշան է, Նատաշայի բաներն են, չէին հասկնար ինձի, իմ արածը։ Բայց դրան վարժված էի եւ այդտեղ գտա, թե ով եմ, ինչ եմ, ու հասկացա՝ ես չեմ պատկանում ընտանիքին, չեմ պատկանում լիբանանցիներին եւ չեմ պատկանում հայերին, չեմ պատկանում ընկերներին։ Ուրեմն այս եմ, ես եմ, ուզում եք, ուզեք, չեք ուզում, մի ուզեք։ Այդ պահից կսկսեն քեզ սիրել ու հասկանալ, որ դու դու ես՝ Նատաշան ես։ Ու պարտադիր չէ` պատկանես մեկին, պետք է պատկանես ինքդ քեզ»։”
2004-ին Լիբանանում ծագած պատերազմի հետ ամեն ինչ փոխվում է. «Շատ գեշ ժամանակ անցկացրեցինք Լիբանան, ամբողջ կյանքիս աշխատանքս, ինչպես քաղաքը, իրար անցավ»։ 2006-ին, երբ Լիբանանում նորից է սրվում վիճակը, Նատաշան այլեւս չի կարողանում ձեռքերը ծալած նստել ու անվտանգ, տաքուկ տեղից նայել, թե ինչպես են մարդիկ մահանում, նռնակներ պայթում, շենքեր վառվում։ Նա ընդգրկվում է կամավորական աշխատանքի, որտեղ պետք էր ամեն կերպ օգնության հասնել մարդկանց` առանց էմոցիաների, վախերի, ավելորդ հույզերի, երբ չգիտես` հաջորդ վայրկյանին ինչ կպատահի։ Այդ մեկուկես ամիսը շատ բան սովորեցրեց Նատաշային՝ լինել որոշող, երբ դու ես քո գլխի տերը, եւ միեւնույն ժամանակ, շատ պատասխանատու, կազմակերպված։ «Շատ զարմանալի բան պիտի ասեմ, որտև ես մինչև հիմա չեմ հասկացել, բայց կյանքիս մեջ այդքան ազատ եղած չկամ, այդ մեկուկես ամիսվա պես, ազատ, հոգս չէր` պիտ մեռնիմ, կանոն չկար, անվտանգություն չկար, բան մը չկար, կաբրիր այդ վայրկյանը»։
Պատերազմը վերջացավ… Ու՞մ օգտին էր, ինչի՞ համար էր, պարզ չէր… Վերջ… Լիբանան այլեւս չկար Նատաշայի համար։ Մտածում էր Ամերիկա մեկնել եւ այդ նույն ժամանակահատվածում Թումոյից առաջարկ է ստանում եւ հայտնվում Հայաստանում։ Հայկական մշակույթին, հայերի կենցաղին այդ ժամանակ է ծանոթանում, նրա համար շատ անսովոր, անհասկանալի իրավիճակների է հանդիպում։ Երբ պատմում էր Հայաստանի` իր առաջին տպավորությունների մասին, միշտ կրկնում էր. «Կմտածեի` խե՞նթ են այս մարդիկ… Կյանքիս մեջ այսպիսի բան տեսած չկայի…»։ Խոստովանում է, որ առաջին վեց ամիսը շատ դժվար էր եւ, միեւնույն ժամանակ, շատ հետաքրքիր ծանոթանալ նոր տեղի, նոր մշակույթի, մարդկանց հետ։ Ու կապը շատ ամուր է ստացվում, հատկապես Դիլիջանի հետ, որի ճարտարապետությունը եւ բնությունը մուսա են դառնում նրա համար։
Մի տարի է, ինչ կա Մեյդը, որը կարելի է` ասել Նատաշայի երազանքներից մեկի իրագործումն է. դա արհեստագործական մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ հիմնականում դիլիջանցիներին, ներգրավվել ստեղծագործական աշխատանքի մեջ՝ մասնակցելով համապատասխան դասընթացների։ Իհարկե, սկզբում խումբն այդքան էլ հեշտ չէր հավաքվում, կային շատ պատճառաբանություններ, ընտանիքի հետ խնդիրներ, ամուսնու թույլտվություն, անգամ տրանսպորտի գումար չկար, կամ էլ ուղղակի դեռ ժամանակ էր պետք, որ դիլիջանցիները հավատային եւ վստահեին Նատաշային եւ Մեյդի հաջողությանը։
Հավատալ իրենց ուժերին մասնակիցները կարողացան միայն շատ համառ եւ երկարատեւ աշխատանքի արդյունքում։ Այնուամենայնիվ, Նատաշային հաջողվեց ինչ-որ չափով փոխել նրանց վերաբերմունքը իրենց ստեղծած գործի նկատմամբ, իրենց նկատմամբ, իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ, միջավայրի նկատմամբ։ Ամենակարեւոր գաղափարներից մեկը, որ կա այս գործունեության մեջ, իրար օգնելու, միմյանց խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու մշակույթի զարգացումն է։ Եւ ի վերջո շատ կարեւոր է, որ նրանք ստեղծեն իրենց ապրանքանիշը, որը հետագայում եկամուտի աղբյուր պիտի լինի։