Կան լուսանկարված պատմություններ, որոնց ժամանակ առ ժամանակ ուզում ես վերադառնալ: 2013-ին Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների` երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի երաժիշտներին դիմանկարների շարք էի արել: Մտածեցի երիտասարդ երգչուհիներից մեկին` Արփինե Մարտիրոսյանին լուսանկարել: Պայմանավորվեցինք հանդիպել: Ապրիլյան հեղափոխությունն ու մյուս իրադարձությունները մեր հանդիպումը հետաձգեցին մինչև այս ամառ:

Խորհրդային ժամանակաշրջանի ինտերիերը, մաշված վարագույրերն ու հատակը, բարձր առաստաղներով, լայանարձակ ու լուսավոր համերգային դահլիճը. գրեթե ոչինչ չէր փոխվել: Թեկուզ և փորձ է, բայց երգիչների կատարումը հուզում է: 

Բեմի մեջտեղում նստած է Կարո Ալեքսանյանը, ով երգչախմբի ստեղծումից ի վեր՝ խմբավարն է: Երբեմն կտրուկ ընդհատում է երգչախմբի ձայնը. «Էն, ինչ երգում եք, հորդառատ անձրևի մասին չի, կաթկթացող անձրևի մասին է, հզորը զուսպ է լինում»,- ասում է նա:

 

Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվներն իր լավագույն ժամանակները չի ապրում: Խորհրդային միության փլուզումից հետո երգչախումբն այդպես էլ պետական կարգավիճակ չի ստացել: 1976-ից՝ ստեղծման օրվանից, այն չտեսնող և մասամբ տեսնող երգիչների և երաժիշտների համար կարևոր վայր է: Նրանցից շատերի` առաջին կարգի հաշմանդամների համար սա միակ աշխատատեղն է: Կոլեկտիվը կազմված է չտեսնող և մասամբ տեսնող վաթսուն երգիչ-երաժիշտներից:

 




Ձախից աջ․ [1] Կարո Ալեքսանյանը, 68 տ., երգչախմբի խմբավարն է 1976-ից: [2] Երգչախմբի երգչուհիներ Նելլի Ղանդիլյանն ու Հասմիկ Մխիթարյանը։ [3] Արփինե Մարտիրոսյանը միջանցքում։ [4] Երգչախմբի երգիչ Վահե Քոչարյանը (ձախից) եղբոր ուղեկցությամբ է հաճախում փորձերի: [5] Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրեն Վրեժ Մանուկյանը, 27տ.: [6] Հակոբ Գրիգորյանը 2008-ից ակորդեոնահար է Ժողովրդական գործիքների նվագախմբում: [7] Սուսաննա Բունիաթյանը, 70տ., Կույրերի երգչախմբի հետ է արդեն 43 տարի: Կադրերի բաժնի վարիչ, գանձապահն է: [9] Սոնիկ Դեղոյանը, 70 տ., Կույրերի երգչախմբի հաշվապահն է հիմնադրման օրվանից:

 

Արփինեն
Երբ շատ փոքր էր, արևին չէր կարողանում նայել, մտածում էր, որ բոլոր մարդկանց մոտ էդպես է: Առաջին դասարանում տեսողության փոքր խնդիր նկատեցին: Այնինչ նրա մոտ լուսավախության պրոցես էր սկսվել, որը հետագայում բերեց երկրորդային գլաուկոմայի:
Հիվանդանոցում առավոտյան ու երեկոյան չափում էին աչքի ճնշումը: Դուրս գրեցին՝ ասելով, որ աչքի ճնշումը շատ բարձր է: Ոչ մի նշանակում չեղավ, վիրահատություն էլ:
Մի քանի տարի անց սկսվեցին ուժեղ գլխացավեր: Ամեն գլխացավից հետո տեսողությունը կտրուկ վատանում էր: Գրատախտակին գրված տողերն այլևս չէր տեսնում:

Խնդիրը լրջացավ: Հերթական բժիշկն ասաց՝ ինչ եղել, եղել է: Աչքերի գլխավոր նյարդն արդեն վնասված է, վերականգնել հնարավոր չէ: Միայն հնարավոր եղավ կանգնեցնել պրոցեսը և պահպանել չնչին տեսողությունը: Դպրոց վերդառնալ չէր պատկերացնում: Աստիճանաբար կորցնելով տեսողությունը՝ կորցրեց նաև հետաքրքրությունն արտաքին աշխարհի նկատմամբ: Իններորդ դասարանում ինքնուրույն որոշում կայացրեց, որ էլ դպրոց չի գնալու: Երկրորդ կարծիք չկար, ոչ մեկը չհամոզեց: Արփինեն մնաց տանը:

Տաս տարի անց՝ մի օր, Արփինեն վերցրեց հեռախոսն ու զանգեց Սփյուռ տեղեկատու: Հարցրեց՝ տեսողական խնդիրներով մարդկանց համար ի՞նչ կա Հայաստանում:
Ասացին, որ Կույրերի միավորում կա… Զանգեց Կույրերի միավորում, ասացին երգչախումբ կա, կուզե՞ք: Ուրախացավ: Գնաց, ընդունեցին: Հասկացան, որ կրթություն չունի, բայց երաժշտական ընդունակություններ կան:

 

Քանի որ պատկերնեը լղոզված, փոշիացած են, Արփինեն առաջնորդվում է ձայներով ու վառ գույներով՝ եբբեմն զգալով ձեռքերով: Երգչախմբում հնարավոր դարձավ տեսնել ձայնը, սովորել երգել: Հետո որոշեց մասնագիտալ: Այս տարի Արփինեն ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժնի մագիստրատուրան կարմիր դիպլոմով:

 

 

Դետալներ և արխիվային լուսանկար երաժշտական կոլեկտիվների համերգային դահլիճից ու գրասենյակից։

 

Երբ տեսողությունն անհնար է.

Հնարավոր չէ ինքդ քեզ մերժելով ապրել: Առաջինը ես ինձ ընդունեցի՝ ինչպիսին որ կամ: Սկզբում ես չէի ուզում, որ ինձ նկատեն, դրանով ինձ թվում էր՝ ես ինձ պաշտպանում եմ: Հաճախ փողոցում հատկապես մեծահասակները չգիտեին ինչպես վարվել: Օգնություն առաջարկելու փոխարեն՝ մի մարդ մի անգամ էնպես բացականչեց՝ խեղճ աղջիկ։ Երիտասարդներն ավելի պատրաստակամ են օգնելու, ավելի ճկուն են: Շատ է պատահել, երբ մոտեցել են, ուղղակի հարցրել՝ ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել կամ կարելի՞ է ձեզ օգնել: Օգնելով ինտեգրում են, ոչ թե հեռացնում:

 

 


Սույն ֆոտոպատմությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆոտոպատմությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: