Covid-19-ի բռնկումը և տարածումը ողջ աշխարհում շարունակում է սահմանափակումներ մտցնել յուրաքանչյուրիս կյանքում: Պանդեմիան մեզ ստիպեց դադար առնել ու մտորել։ Արդյոք մեկուսացումն ու սահմանափակումները լուսանկարիչներին զրկո՞ւմ, թե՞ տալիս են  նոր հնարավորություններ՝ վերանայելու և գտնելու պատմություններ: Արտասովոր, արտակարգ իրավիճակը դիլեմա է լուսանկարիչներիս համար՝ դուրս գալ տնից ու փորձել լուսանկարել դրսում տեղի ունեցո՞ղը, թե՞ հայացքը ուղղել ներս՝ դեպի մեր սեփական տարածքը։

«4Պլյուս»-ի խմբակային լուսանկարչական օրագրում մի շարք լուսանկարիչներ կիսում են իրենց ինքնամեկուսացումը՝ որպես փորձառություն:

 


Մեկուսացման առաջին իսկ օրերից որոշեցի, որ լուսանկարում եմ: Առաջին անգամ լուսանկարչական խցիկս եռոտանու վրա է, ուղղված է ինձ: Արտասովոր և արհեստական իրավիճակ՝ զուգահեռ այն իրականությանը, որ ստեղծվել է աշխարհում: Լուսանկարն արել եմ «4Պլյուսի» գրասենյակի հետնամասում, որտեղ կայանում ենք մեքենաները: Առաջին անգամ է, որ կայանելու բազմաթիվ տեղեր կան, առաջին անգամ է ծաղկած ծառն այդքան սիրուն: Նազիկ Արմենակյան

 

 

Հաշվել օրերը, ժամերը, սենյակում արված քայլերը, հետո` վարագույրի ասեղնագործ ստվերները, երկնքով սահող ամպերը, պատուհաններում վառվող լույսերը, կանգնել, ինչպես ժամանակն է կանգնել տիեզերքում, նայել` ներս, հայացքը` դուրս, ապրումը դարձնել պատկեր, պատկերը` նկար, նայել նկարին, կարոտել քաղաքի հոտը, շարժումը, մարդկանց, հաշվել ողջերին, հետո` մեռածներին ու ապաքինվածներին, տագնապները խեղդել նանայի թուրմով, թվերը դարձնել կերակուր, կարդալ, գրել, ուտել, լվացվել, հետո` նորից կարդալ, գրել, ուտել, լվացվել… կարճ ասած` սովորել սպասել:
Սոնա Ադամյան

 


Կատարինեն աղջիկս ա։ Անձեռոցիկը թրջում ա, աչքերի տեղում անցք անում, դնում դեմքին, ասում ա, որ շատ լավ խոնավեցնող մասկա ա։ Իրար հետ կռվել-բարիշելով, տալ-առնելով էլ անցնում են մեր օրերը։ Մի կերպ հարմարվեցինք դադարին. տեսնես ինչքա՞ն կտեւի նորից հին ռիթմին հարմարվելը, ու արդյոք կլինի՞ նորից հին ռիթմը։ Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ կլինի։
Անահիտ Հայրապետյան

 

 

Համավարակի համընդհանուր անորոշության ու տագնապի մեջ որոշակի եմ դառնում՝ իմ ներքին մղումների, ընտրությունների, փախուստների, վախերի հետ դեմ առ դեմ։ Սկսում եմ տեսնել, մտածել բաներ, որ մոտ անցյալում, առօրեական վազքի մեջ չէի նկատում: Վերանայման ժամանակ է, գոնե ինձ համար…
Առաջին լուսանկարում կինս է՝ տանը, մեկուսացման մեջ, համաշխարհային պանդեմիայի ընթացքում ՝ հիվանդների ու մահացածների վիճակագրությունը նայելուց հետո: Երկրորդում մեր շքամուտքն է՝ սովորաբար աղմկոտ ու մարդաշատ, մեկուսացման այս օրերին՝ տարօրինակ դատարկ:
Վաղինակ Ղազարյան

 


Հիմա մի տեսակ խոխմա վիճակ ա: Տպավորություն ա, որ սենց էլ պիտի լիներ: Հիմա կայֆ եմ բռնում, հանգստանում եմ: Մեկ-մեկ, որ փողի մասին մտածում եմ, մի քիչ անհանգստանում եմ, բայց շուտ անցնում ա։ Ընդունում եմ էս իրականությունը, չեմ դիմադրում: Ծուլացնում ա էս վիճակը, դրանից եմ մի քիչ հուշտ ըլնում, թէ չէ մնացածը մի տեսակ սովորական ա: Կարևորը ողջ մնանք, մնացածը տեխնիկական հարցեր են, կլուծենք:
Արեգ Բալայան

 

 

Ինչքան էլ հեռվից լսել կամ տեսել եմ համաճարակների մասին, երբեք չէի պատկերացնում, որ մոտիկից կտեսնեմ կամ կզգամ: Բժիշկների անհանգիստ հանգստությունը։ Իրականում հասկանում ես, թե ինչքան վտանգավոր է։ Բայց եթե մի բան էլ լինի, կլինես ապահով ձեռքերում: Առաջին լուսանկարը` Նորքի ինֆեկցիոն, երկրորդ լուսանկարը` Նորքի օրթոպեդիկ:
Կարապետ Սահակյան

 


Ֆոտոյում պատկերված ա մեր նոր, հերթական վարձով տունը։ Ժամանակին մենք ընկերներով մի տան մեջ էինք ապրում, հետո տները շատացան, այսինքն ցրվեցինք տարբեր տներով։ Ինքնամեկուսացման սկզբի օրերին մի պահ եռուզեռ էր տանը․ մեր քանակը մի փոքր ավելացավ, ավելացան նաև խոսակցության նոր թեմաները, ավելի ճիշտ՝ մեկ հիմնական թեման, որի մասին բոլորն են խոսում՝ երևի ակնկալելով, որ եթե շատ խոսեն նոր կորոնավիրուսի մասին, այն կանցնի, ու կվերադառնանք հին թեմաներից խոսելուն, կամ կհայտնվեն նոր թեմաներ։ Իսկ մինչ այդ՝ Արմանը ուղղակի նայում ա պատուհանից, ամենալուռը ինքն ա։
Էս օրերին պատուհանից դուրս նայելը նման ա դանդաղ ինտերնետով ծանր ֆայլեր ուղարկելուն։ Թվում ա՝ եթե աչքդ չկտրես կանաչող տրանսֆերից, շուտ կգնա։ Ինչևէ, պատուհանից դուրս կանաչը շատանում ա։

Նարեկ Ալեքսանյան

 

 

 

 


Արտակարգ այս օրերի արեւի,
պարետի կապույտ հաղորդագրությունների,
բետեէռների սեռի
ու մթության,
Քո խուսափող շրթունքների հուշի
ու ճակատի պարզության առաջ
ես ինձ զգում եմ
բիբարի ծաղկած ծաղիկ։
Աննա Դավթյան

 

 


Օր 21. Ինքնամեկուսացումը հաճախ մարդկանց տանում է ինքնակենտրոնացման, ինքնախնամքի ժամանակահատված։ Իմ դեպքում այն արհեստական հեռավորություն է ստեղծել իմ եւ իմ միջեւ: Այդ հեռավորությունը չափման միավոր չունի, այն աղավաղում է օրը, որը հաճախ տեւում է մեկ ժամ, իսկ ժամը ձգվում՝ մի ամբողջ օր:
Փիրուզա Խալափյան

 

 

Մեկուսացման էս ընթացքում եսիս զգացումը աստիճանաբար սկսեց լղոզվել: Ինքս ինձ նույնականացնելու վայրկենական պրոցեսը գնալով ավելի ա դանդաղում: Հենց էդ մշուշոտ զգացումն եմ անգիտակցաբար փորձել լուսանկարել՝ ինքս ինձ գտնելու հույսով:
Տաթև Հակոբյան

 


Դրսում վիրուսի հոտ եմ զգում անվերջ, իսկ ներսում օդը չի հերիքում: Օրը սկսում և ավարտում եմ կենցաղով, լուրեր կարդալով: Ափսոսում եմ, որ չեմ կարող վավերագրել, ազատ լուսանկարել: Վախենում եմ վարակվելուց և մորս վարակելուց:
Գայանե Հարությունյան

 

 


Բոքսը մեր ֆոտոլաբորատորիան ա ու տունը, որտեղ արդեն 2 տարի է՝ ապրում ենք ընկերներով: Էս հագուստը գտել ենք հին բոքսի սենյակներից մեկում, որը տերն ասել էր՝ ոչ մի դեպքում չբացենք։ Էդ սենյակում ինկուբատորներ կային, վախեցել էինք, հետո պարզել, որ նախկին տան տերերը ճիճվաբույժ էին: Ոչ մի օգտագործման տեղ չգտանք էս հագուստին, մինչև ինքը դառավ ժամանակի ամենաբնութագրող հագուստներից մեկը հիմա: Ֆոտոյում ես եմ՝ ամենամոդայիկ հագուստով փակված Բոքսում:
Սոնա Մնացականյան