Տան անդամները առավոտից լուռ են: Ոչ ոք կոնկրետ բան չի խոսում: Չի հարցնում: Բոլորը կարծես իրարից նեղացած լինեն, իրար աչքերի մեջ չեն նայում: Մայրը լուռ ճամպրուկն է լցնում: Միայն տասներկուամյա որդին չի կարողանում իրեն զսպել, անընդհատ հուզվում է ու բոլորին տակնուվրա անում: Ու էլի ամեն մեկն ինքն իր հետ, ինքն իրեն հարց է տալիս. «Ի՞նչպես հասունացավ երկիրը, տունը լքելու, վիզա ստանալու ու ինչ- որ երկրի, ինչ -որ ճամբար հանձնվելու որոշման պահը: Որովհետև հաշմանդամ երեխա ունես ու սա միակ ելքն է՞»:
Տան մեծերը շատ դժվարությամբ եկան այդ որոշմանը: Միշտ հույս ունեին, որ երեխայի բուժումը հաստատ դրական արդյունք է ունենալու:
Հիմա ամենասկզբից
Սևակը ծնվեց նորմալ քաշով, ժամանակին: Հղիության ընթացքում «Դոպլեր» հետազոտությունը երեխայի զարգացման մեջ շեղումներ չէր գրանցել: Քսաներորդ օրը մոտ տասը օր ջերմեց, ամբողջ ընթացքում բժիշկների հսկողության տակ էր, ոչ մի լուրջ բան, բժիշկների եզրակացությամբ երեխայի ջերմակենտրոն համակարգն է խախտվել, իսկ դա կարգավորվում է արագ: Բայց փոքրիկն անհանգիստ էր, իսկ բժիշկները հանգստացնում էին՝ փորիկն է ցավում, գազիկներն են հաստատ, լուրջ բան չկա:
Մոտ վեց ամսականում նկատվեցին զարգացման խնդիրներ, համակարգչային հետազոտությունը ցույց տվեց` երեխայի գլխում հեղուկ էր հավաքվում: Ընտանիքի անդամների աչքերի փայլը կորավ, ինչպե՞ս առաջացավ, ե՞րբ, միգուցե դա էր պատճառը, որ նա անհանգիստ էր, անվերջ լացում էր, կաթից հրաժարվում էր: Սկսվեցին հիվանդանոցային վազվզոցները, հետո վերականգնողական կենտրոնները: Դրական արդյունքները շատ դանդաղ էին, Սևակը շատ դժվարությամբ քայլեց` երեք տարեկանում, ինը տարեկան է ու դեռ ոչ մի խոսք չի ասել, ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել: Այս ամենին ավելացավ մեկ այլ բարդություն՝ վեց տարեկանից տղան սկսեց ցնցումներ եւ ուշագնացություններ ունենալ: Նրան նշանակեցին հակաէպիլեպսիկ դեղահաբեր, որոնք իրենց հերթին ազդում էին երեխայի վրա` նա ավելի վատ էր քայլում, հեշտությամբ կարող է կորցնել հավասարակշռությունը: Ամիսներ էին լինում, երբ հիվանդանոցից տուն չէին գալիս: Իսկ բուժումը կատարվում էր մոտավորապես` փորձենք այս դեղը… չէ, հիմա մյուսը… ավելի լավ է մեծ չափաբաժնով… չէ կարծես բարձր չափաբաժին է… պետք է իջեցնել չափաբաժինը…
Բժիշկները չէին կողմնորոշվում: Այդ դեպքում ինչպես կարող ես ակնկալել առաջընթաց… Ուրիշ ելք է պետք գտնել: Եվ կայացվեց որոշումը.
Լքում ես երկիրդ, տունդ, վիզա ես ստանում ու գնում հանձնվում ինչ-որ երկրի ինչ-որ ճամբար: