Ինձ համար սնունդ ընտրելն ամենաբարդ բաներից է, երբեք չեմ կարողացել սուպերմարկետի զամբյուղը լիքը լցնել, որովհետև չեմ կարողանում ուտել մթերք, որի մասին քիչ բան գիտեմ: Մեծացել եմ գյուղում ու կերածս մթերքի մասին իմացել ամեն ինչ, ինչ սերմից է աճեցվել, ինչ ջրով ջրվել, կարկուտի հարվածից վնասվել թե ոչ: Իմ կերած ձվի դեղնուցը վառ դեղին էր դառնում գարնանը, երբ հավերը խոտ էին ուտում: Հավերը վազվզում էին. դրանց միսը մկանոտ էր ու դժվար էր ուտել, բայց իմ քիմքը այդ համերին է վարժված ու ես փնտրում եմ այդ համերը: Շուկայում ընտրում եմ մանր ու տձև բանջարեղենն ու միրգը, հոտոտում ու շոշափում եմ դրանք, հարց ու փորձ անում, թե որտե՞ղ է աճեցվել ու ինչպե՞ս: Հարցերս ավելի հաճախ անպատասխան են մնում. վերավաճառողներին ինձ հուզող հարցերը չեն հետաքրքրում: Մեծ շուկայի օրենքով խոշոր արտադրողները գնալով շատանում են, ու նրանք ունեն բիզնես շահով պայմանավորված իրենց չափանիշները: Մթերքը գնալով անճանաչելիորեն փոխվում է. վառ գույներով, համաչափ, անթերի տեսքով, գեղեցիկ փաթեթավորումով համաչափ դասավորվում է ցուցափեղկերում: Ու ես սկսել եմ կասկածել գազարն օգտակա՞ր է, թե՞ ոչ:
Սննդի որակն ու սնվելու հիգիենան շատ կարևոր են մարդու համար, սխալ սնվելը կարող է ազդել մարդու առողջության, ինքնազգացողության, տրամադրության վրա։
Այսօր սննդի ձեռք բերման հիմնական աղբյուրը սուպերմարկետներն են, մթերային խանութները, արագ սննդի կետերը։ Կյանքի արագ ռիթմը ստիպում է անտեսել ու չկարևորել, թե ինչ բաղադրիչներ կան այդ մթերքի մեջ, որքան արհեստական, քիմիական նյութեր և առողջության համար վնասակար «մանրուքներ» են դրանք պարունակում։
Բայց մեր շրջապատում կան մարդիկ, որոնք սնվում են բացառապես օրգանական սնունդով: Օրգանական սնունդը փիլիսոփայություն է, այն է՝ չվնասել բնությանը, շրջակա միջավայրին և լինել ներդաշնակ նրա հետ։ Պտուղները, որոնք համարվում են օրգանական, աճեցվում են հողի հարստացման բնական ճանապարհով և չեն վնասում մարդու առողջությունը։
Վանիկ Քեշիշի
Վանիկ Քեշիշին 59 տարեկան է։ Արդեն 40 տարի հումաբուսակեր է։ Իր սեփական այգիներն ունի Գառնիում, Արմավիրի մարզում և Իրանում:
Նա օգտագործում է հիմնականում բնական սերմերից իր աճեցրած պտուղներն ու հատիկեղենը։ Ինձ ամենից շատ հետաքրքրող հարցին պատասխանում է, որ ոչ օրգանական սննդից ինքնազգացողությունը վատանում է:
«Այս տարի հարևանս նույն տարածքից 4 տոննա ցորեն հանեց, ես՝ 2: Որ բռի մեջ առնեք՝ իմ ցորենի մեջը կտեսնեք հատիկներ, որոնք առողջ չեն, բայց դրանք 1% են կազմում ամբողջի մեջ, ու երևի դա էլ ինչ-որ դեր է կատարում։
Օրինակ, երբ թռչունը գալիս, մի քանի թութ է ուտում այգում, ինքն էլ իր դերն ունի, որդերին էլ է ուտում: Իր արտաթորանքն էլ պետք է այգուն: Ցորենի դեպքում էլ նույնն է, ես մասնագետ չեմ, որ հստակ ասեմ, բայց էս ցորենի մի տոկոսը, որ առողջ չէ, դա խնդիր չէ: Ի՞նչ են անում էս մի տոկոսը փրկելու համար։ Վերցնում, թունաքիմիկատներով մշակում են ու վնասում ամբողջ 99%-ը»:
«Քաղցրավենիքի գովազդներն երեխաներին փոքրուց սովորեցնում են, որ հետո մինչև կյանքի վերջ օգտվեն, ու էսօր ցավոք նոր սերունդը բնական սննդից չի օգտվում։ Իմ թթի չիրը, ընկույզը փայլուն ու գունավոր չեն, ես ինչպե՞ս գովազդ անեմ:
10 հատիկ հում նուշը կարող է մեկ օրվա սնունդ լինել, իսկ բովածը՝ ոչ, ինչքան ուտես՝ չես հագենա: Բոված արևածաղիկը, եթե տաք թռչուններին՝ չեն ուտի: Մենք կենդանի սնունդը վերամշակելով սպանում ենք, հետո ուտում ու մեր օրգանիզմին սխալ սնում»:
Պնդում է, որ այսպես ավելի առողջ է և չի հիշում, թե վերջին անգամ երբ է հիվանդացել։ Չնայած տարիքին՝ 20 վայրկյանում կարողանում է պարանով 100 անգամ ցատկել: Այգեգործության սեփական մեթոդով բնության տվածը վերադարձնում է հողին` որպես սնունդ, իր այգիներում չի օգտագործում թունաքիմիկատներ ու պարարտանյութեր, աճեցնում է բացառապես իր պահպանած օրգանական սերմերը, իսկ այգու հավասարակշռությունը ապահովում են բազմատեսակ միջատները:
«Այո, գենետիկորեն ձևափոխված սերմերի միջոցով շատ սնունդ է արտադրվում, բայց դա խնդիրներ է առաջացնում՝ ծանր քաշով մարդիկ, հիվանդություններ: Ու մենք, չգիտես թե ինչու, անտեսում ենք սնունդը, թե ինչպե՞ս է այն աճեցված ու արտադրված: Մարդը շատ սննդի կարիք չունի, ինքը ունի օրգանական սննդի կարիք և վատ սնունդը ինչքան էլ շատ լինի, մարդուն չի հագեցնում»:
Անի Հարությունյան
Անի Հարությունյանը 30 տարեկան է: Արվեստաբան-խոհարար, Arm Food Lab-ի հիմնադիրն է: Arm Food Lab-ը գաստրոնոմիկ նախաձեռնություն է Դիլիջանում: Նրա նպատակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ճամփորդելն է և ավանդական խոհանոցի մասին ինֆորմացիա հավաքելը։ Անին կարևորում է իմանալ ամեն մթերքի հետևում եղած պատմությունը՝ սկսած աճեցման պայմաններից և որակից:
«Բազմաթիվ ռեստորաններ ունենք Հայաստանում, որտեղ կան շատ խնդիրներ, ու ամենամեծ խնդիրներից է մթերքը: Աշխարհում աղետալի է դառնում վատնումը, ու մեխանիզմներ են մտածվում, որպեսզի մթերքն այս քանակությամբ չթափվի: Մենք չունենք բարձր խոհանոցի դպրոց։ Ուտելու մշակույթը մեր օրերում շատ վատ վիճակում է, օրինակ` ի՞նչ է կատարվում ճաշի ժամին: Մարդիկ աշխատավայրից վազում են մոտակա սննդի կետ, արագ մի բան ուտում, հեռախոսով զրուցում, մեկին հանդիպում: Ու թերևս մի քիչ ընտանիքներում է պահպանվել, երբ երեկոյան ընթրիքի են նստում, զրուցում ու հանգիստ ճաշում»:
Փորձարարական այս խոհանոցում օգտագործվում է բացառապես տեղական, սեզոնային եւ թարմ մթերք: Դրանց համադրությունները թույլ են տալիս բացահայտել հայկական մթերքի գաստրոնոմիկ հեռանկարները։ Անին փնտրում և գտնում է մարդկանց, ովքեր իրենց համայնքներում զբաղվում են հավաքչությամբ և արխիվացնում /պահեստավորում է/ վայրի պտուղները, որոնք ուտելի են։
«Եթե մենք չունենք էն մսատու տավարի սորտը ու չունենք սթեյքի միս, ուրեմն պարտադիր չի, որ սթեյք ուտենք։ Բնական չի, որ Երևանում շատ Սթեյք հաուսներ լինեն` թողնելով մեր տարածաշրջանի թարմ մթերքը։
Մենք աշխատում ենք սեզոնին, մթերքն անընդհատ փոփոխվում է։ Օրինակ՝ վայրի ծնեբեկը, ավելուկը մի երեք շաբաթ են տևում, միայն Դիլիջանի տարածքում 136 տեսակի ուտելի սունկ է աճում: Ու էս բազմազանության մեջ Դիլիջանում վաճառվում է արհեստական ճանապարհով աճեցված կախասունկ:
Երեկվա հողից հանած ու պարսկական մեկ ամիս ճանապարհ եկած և սառնարանում պահված գազարները չեն կարող նույնը լինել: Գլոբալ շուկաները խեղդում են փոքր համայնքներին ու նրանք հնարավորություն չունեն վաճառելու իրենց մթերքը, պետք է հնարավորություն ստեղծել նրանց համար»:
Խոհանոց-ստուդիան աշխատանքային օրերին գործում է որպես հետազոտական-կրթական հարթակ, իսկ հանգստյան օրերին՝ փորձարարական ռեստորան։
Արթուր Սախկալյան
Պատմությանս հաջորդ հերոսը Արթուր Սախկալյանն է, 37 տարեկան: Իրեն ներկայացնում է որպես բնաբուժության «Բանջար» կոնցեպտի հիմնադիր:
«Բանջարը» պորտալ է, որ մարդկանց օգնում է փոխել գիտակցությունը սննդակարգի վերաբերյալ և ոչ միայն: Դրա նպատակը տեղեկություն տարածելն է՝ ճիշտ սնվելու և ճիշտ մտածելու, օրգանիզմը չվնասելու սկզբունքով։ Սնունդը հիմնված է գիտակցության վրա:
«Բազմաթիվ բժիշկներ ծխում են, լավ խմում են, ու հնարավոր չէ նման բժիշկներից ավելի գիտակից քայլեր ակնկալել: Էսօրվա բժշկությունը հիմնված չէ ինքնակատարելագործման, ինքնադիսցիպլինայի վրա, հիմնված է բիզնեսի ու դեղորայքի վրա: Դու քո վրա չես աշխատում, չես կարողանում հասկանալ հիվանդության ձեռք բերման պատճառը, ամեն հիվանդություն ավելի խորքային փսիխոսոմատիկ պատճառ ունի: Վեդայական ուսմունքները օգնում են ուսումնասիրել, վերծանել ու գրել, ոնց մաքրել օրգանիզմը, ինչպես սնվել:
Ես ընտրում եմ ինչ ուտել, հա, եթե նման իրավիճակ է, որ սննդամթերքը խնդիր է` կարելի է միս ու ձուկ էլ ուտել, բայց ինչու՞ ուտել դրանք, եթե լիքը թարմ միրգ ու բանջարեղեն կա: Էսօր միլիարդից ավելի մարդ աշխարհում բուսակեր է, Հնդկաստանի բնակչության մեծ մասն է բուսակեր»:
Ուտեստը իր ձեռքով պատրաստելու ընթացքում Արթուրը մի շարք խորհուրդներ է տալիս «չի կարելիների» մասին:
«Կոպիտ սխալ է սպիտակուցները քաղցրի, ածխաջրերի կամ եփած սննդի հետ ուտել, սպիտակուցները, այսինքն ոսպը, սիսեռը, կարմիր լոբին, ընկուզեղենը, միսը, ձուկը, պանիրը, կաթնաշոռը պետք է ուտել բացառապես հում սալաթի, կանաչեղենի հետ, եթե մենք ուտում ենք այն վերջում` տարբեր ուտելիքներ ուտելուց հետո, լրիվ մարսողությունը խանգարվում է:
Մեր օրգանիզմը նախընտրությունը տալիս է սպիտակուց մարսելուն ու դրա համար օրգանիզմը թթու է արտադրում, հացը պետք է ուտել վերջում: Իսկ երբ սկզբում հաց ես կերել ու օրգանիզմը արտադրել է հիմք, ու ուտում ես սպիտակուց, օրգանիզմը արտադրում է թթու, ու սրանք իրար են խառնվում: Ու չմարսված սնունդը սկսում է նեխել»:
«Բոլոր «չի կարելիների» հետ զուգահեռ, ուտելիքը պետք է լինի համով», – ասում է Արթուրը, – «Եվ եթե մարդը դրանից հաճույք չի ստանում, ապա դա ևս օգտակար չէ»:
«Շատ բուսակերներ որոշ մթերքներ հանել են սննդակարգից, սակայն չեն վայելում ուտելիքը, և դա ավելի շատ նման է պարտադրանքի: Օրգանիզմը պետք է սիրել, ու ուտելուց ինքը պետք է շոյվի, եթե դա չկա` ավելի լավ ա միս ուտես ու նույն ձևով շարունակես»:
Սննդակարգի ռեֆորմին Արթուրը հասել է մեդիտացիայի միջոցով:
«Ալերգիա ունեի, սովաբուժություն արեցի ու դրանից հետո մսին նայեցի ու հասկացա, որ չեմ ուզում ուտել: Փորձեր էի անում՝ մի շաբաթ միս ուտում էի, մյուս շաբաթ` չէ, ու որ չէի ուտում, ինքնքզգացողությունս լավ էր, բայց ձուկ դեռ ուտում էի, հետո ձկից էլ հրաժարվեցի:
Շունս՝ Արևը, բուսակեր է»: